ՌԴ-ն հերթական անգամ հայտարարել է հրադադարի և մարդասիրական միջանցքների մասին
Ռուսաստանը մարտի 8-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 10.00-ից հայտարարում է «լռության ռեժիմ», որպեսզի խաղաղ բնակիչները կարողանան դուրս գալ Կիևից, Խարկովից, Չեռնիգովից, Սումից ու Մարիուպոլից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի՝ Ուկրաինայում հումանիտար կարգավորման հարցերով միջգերատեսչական շտաբը։
«Հումանիտար գործողությունների արդյունավետ անցկացման նպատակով մարտի 8-ի ժամը 10.00-ից Ռուսաստանի Դաշնությունը «լռության ռեժիմ» է հայտարարում»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ռուսական կողմը պատրաստ է հումանիտար միջանցքներ ապահովել Կիևից ու հարակից բնակավայրերից Բելառուսի տարածքով դեպի Գոմել՝ այնտեղից ինքնաթիռներով դեպի ՌԴ, հարավային ուղղությամբ՝ ուկրաինական կողմի հետ համաձայնեցնելով, Չեռնիգովից՝ Բելառուսի տարածքով կրկին Գոմել՝ այնտեղից ինքնաթիռներով դեպի ՌԴ։
Սումից հումանիտար 2 միջանցք կտրամադրվի՝ դեպի Պոլտավա ու ՌԴ (Բելգորոդ), այնտեղից օդային, երկաթուղային կամ ավտոմոբիլային ճանապարհով՝ նշանակված վայրեր կամ ժամանակավոր տեղավորման կետեր, հարավային ուղղությամբ՝ ուկրաինական կողմի հետ համաձայնեցնելով, Խարկովից Ռուսաստան (Բելգորոդ)՝ այնտեղից օդային, երկաթուղային կամ ավտոմոբիլային ճանապարհով՝ նշանակված վայրեր կամ ժամանակավոր տեղավորման կետեր, Լվով, Ուժգորոդ, Իվանո-Ֆրանկովսկ՝ ուկրաինական կողմի հետ համաձայնեցնելով։
Բացի այդ, ՌԴ-ն պատրաստ է հումանիտար միջանցքներ տրամադրել Մարիուպոլից 2 ուղղությամբ դեպի ՌԴ տարածք՝ Նովոազովսկով ու Տագանրոգով Դոնի Ռոստով, ու Զապորոժիե՝ ուկրաինական կողմի հետ համաձայնեցնելով։
Ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին մեկնաբանել է ուկրաինական կողմի հետ բանակցությունների երրորդ փուլի արդյունքները, որոնք տեղի են ունեցել այսօր
Լրագրողների հետ զրույցում Մեդինսկին հայտարարել է, որ ռուսական կողմը բարձրացրել է հումանիտար միջանցքների կիրառման հարցը։ Ուկրաինական կողմն այդ հարցում իր պնդումներն է արել։
Շարունակվել է նաև բանավեճը քաղաքական և ռազմական հարցերի շուրջ։ Սակայն այդ ուղղությամբ գործընթացը բարդ է ընթանում, և դեռ վաղ է խոսել ինչ-որ դրական առաջընթացնի մասին։
Նա հավելել է, որ բանակցություններից ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։ Այդուհանդերձ, պատվիրակության ղեկավարը հույս ունի, որ հաջորդ անգամ հնարավոր կլինի ավելի էական առաջընթաց ապահովել։
Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, նախագահ Վլադիմիր Զելենսկու օգնական Միխայիլ Պոդոլյակի փոխանցմամբ, քննարկվել է կրակը դադարեցնելու հարցը, սակայն համաձայնություն ձեռք չի բերվել: «Կան որոշակի դրական տեղաշարժեր մարդասիրական միջանցքների կազմակերպման հարցում», - ասել է Պոդոլյակը:
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում անցկացնել բանակցությունների չորրորդ փուլը, որը, հավանաբար, վերստին տեղի կունենա Բելառուսում: Նոր հանդիպման ստույգ օրը դեռ հայտնի չէ:
«Ռուս-ուկրաինական պատերազմը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել համաշխարհային պարենային անվտանգության տեսանկյունից, հատկապես այն երկրներում, որոնք կախված են ուկրաինական հացահատիկի ներկրումներից», - զգուշացնում են փորձագետները։
«Ուկրաինական հացահատիկի ներկրումը միջազգային շուկա կարող է ընդհատումներ արձանագրել արդեն հուլիսին», - հայտարարել են ոլորտը կարգավորող գլխավոր միջկառավարական կառույցի՝ Հացահատիկի միջազգային խորհրդի ներկայացուցիչները։
Ուկրաինական հացահատիկի արտահանման դադարեցումը կարող է պարենային լուրջ խնդիրներ ստեղծել հատկապես Մերձավոր Արևելքում՝ նախևառաջ Եգիպտոսում և Լիբանանում, պնդում են մասնագետները։
Ուկրաինան հացահատիկի արտադրության ծավալներով աշխարհում զբաղեցնում է հինգերորդ տեղը, այս երկրին է բաժին ընկնում հացահատիկի միջազգային շուկայի 10 տոկոսը։