«  Մայիս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

RSF. Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնությունները մնում են անպատիժ

RSF. Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնությունները մնում են անպատիժ

«Լրագրողներ առանց սահմանների» (Reporters Without Borders. RSF) կազմակերպությունը հրապարակել է 2022-ի մամուլի ազատության ամենամյա ինդեքսը, որը գնահատում է լրագրության վիճակը աշխարհի 180 երկրներում։ Հայաստանն այդ ցանկում 68, 97 միավորով 51-րդ հորիզոնականում է: 2021-ին 63-րդ տեղում էր։

Հակառակ բազմակարծության միջավայրին՝ Հայաստանում լրատվամիջոցները շարունակում են բեւեռացված մնալ: Երկիրը բախվում է ապատեղեկատվության եւ ատելության խոսքի աննախադեպ մակարդակի՝ հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի տարածքային վեճի առնչությամբ։

Հայաստանում լուրերի հիմնական աղբյուրը սոցիալական ցանցերն են, որոնցից ամեն օր օգտվում է բնակչության երկու երրորդը։ Ի տարբերություն անկախ համացանցային լրատվական գործակալությունների՝ հեռարձակվող եւ տպագիր լրատվամիջոցների մեծ մասը, որը հիմնականում քաղաքական եւ կոմերցիոն շահեր ունի, շարունակում է ենթարկվել ճնշման իր խմբագրական քաղաքականության պատճառով։

Զրպարտության քրեականացումը՝ լուրջ սպառնալիք լրագրողների համար

Զեկույցի համաձայն՝ լրատվամիջոցների բեւեռացումն արտացոլում է քաղաքական դաշտի բեւեռացումը. լրատվամիջոցների մեծ մասը մոտ է 2018-ից հետո քաղաքական առաջնորդություն ստանձնածներին, իսկ մյուսները հավատարիմ են մնում հին օլիգարխներին։ Միայն մի քանի լրատվամիջոցներ են անկախություն ցուցաբերում: 2020-ից ի վեր հատկապես զգայուն են դարձել երկու քաղաքական թեմա՝ պատերազմը Լեռնային Ղարաբաղում եւ պայքարը համավարակի դեմ։ Որոշ քաղաքական խմբեր ապօրինի գործողությունների են դիմում եւ հարձակվում լրագրողների վրա։

Ըստ RSF-ի զեկույցի՝ իրավական դաշտը պատշաճ կերպով չի պաշտպանում մամուլի ազատությունը եւ չի համապատասխանում եվրոպական չափանիշներին: Զրպարտության քրեականացումը, որը եռապատիկ տուգանքներ է ենթադրում, լուրջ սպառնալիք է լրագրողների համար։ Կառավարությունը սահմանափակել է հանրային տեղեկատվության հասանելիությունը՝ պատասխանելուց հրաժարում, ուշացումներ եւ այլն:

Պետական ​​լրատվամիջոցները զերծ են մնում կառավարության հասցեին քննադատությունից

Լրատվամիջոցների մեծ մասը վերահսկվում է քաղաքական շարժումներին մոտ կանգնած կամ ազդեցիկ հասարակական գործիչներին աջակցող մարդկանց կողմից: Քիչ լրատվամիջոցներ են անցել վճարովի բաժանորդագրության մոդելին, իսկ գովազդի շուկան դեռեւս զարգացած չէ, ինչը սահմանափակում է մասնավոր լրատվամիջոցների ֆինանսական անկախությունը: Պետական ​​լրատվամիջոցները զերծ են մնում կառավարության հասցեին որեւէ քննադատությունից:

Լրագրությունը որպես մասնագիտություն նվաստացվում եւ ենթարկվում է ատելության խոսքի, ինչը խիստ մտահոգիչ է։ Քաղաքական էլիտայի հակալրատվական հռետորաբանությունը, որով լրագրողներին «կոռուպցիայի» եւ հակառակորդներին ծառայելու մեղքեր են վերագրվում, ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, որը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը։ Նրանց անընդհատ վիրավորում են, հարձակվում եւ դաժանորեն հալածում զրպարտության մեղադրանքով, ինչն ամրապնդում է ինքնագրաքննությունը:

Լրագրողների նկատմամբ բռնությունը մնում է անպատիժ

2021 թվականը ծանր տարի էր լրատվամիջոցների եւ լրագրողների համար՝ կապված Լեռնային Ղարաբաղի պատերազմի, նախատեսված ընտրությունների եւ համավարակի հետ։ Ընդդիմադիր լրատվամիջոցի լրագրողի վրա կառավարության անդամ նախարարի հարձակումը, որին հաջորդեց ամիսներ տեւած հետաքննությունը, սակայն նախարարը դատարանի կողմից այդպես էլ մեղավոր չճանաչվեց, լուրջ խոչընդոտ է մամուլի ազատության համար: Ընդհանուր առմամբ լրագրողների նկատմամբ բռնությունը մնում է անպատիժ։