Սահմանին զինծառայող է վիրավորվել. կատարվում է նախաքննություն
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ռ. Ա.-ն:
Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է.
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ:
Նախնական տեղեկություններով՝ 2022թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով, կրոնով, ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով պայմանագրային զինծառայող Ռ. Ա.-ն ձախ սրունքի ստորին երրորդի շրջանում ստացել է հրազենային միջանցիկ վիրավորում:Կատարվում է նախաքննություն: