Խոսք
Սամվել Աբրահամյան. Ձայները փոշիացնելու մասին
ՁԱՅՆԵՐԸ ՓՈՇԻԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ուզում եմ անդրադառնալ թե ֆեյսբուքում, թե մարդկանց հետ շփումներում երբեմն-երբեմն հնչող մի հարցի․ ընտրություններին մասնակցելով արդյո՞ք ՀԱԿ-ը չի փոշիացնում ընդդիմության ձայները և բարդացնում իշխանափոխության գործընթացը։
Պատասխան․ ՀԱԿ-ը որևէ կերպ չի փոշիացնում ընդդիմության ձայները, ուստի չի բարդացնում իշխանափոխության գործընթացը հետևյալ պատճառներով՝
- ՀԱԿ-ի և ընդդիմադիր հիմնական ուժերի էլեկտորատները չեն խաչվում։ ՀԱԿ-ին ընտրողները երբեք չեն ընտրի ոչ Քոչարյանին, ոչ էլ Ծառուկյանին (և հակառակը)։
- Եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին, մեծ հավանականությամբ նրա ընտրազանգվածի հիմնական մասը նույնպես չեր մասնակցի դրանց, ինչը ձեռնտու կլիներ միայն իշխանությանը։ Միևնույն ժամանակ, ՀԱԿ-ի էլեկտորատի մյուս մասի քվեները կկիսվեին․ մի մասը կընտրեր «Ուժեղ Հայաստանին»՝ ընդդեմ Փաշինյանի, մյուս մասն էլ հակառակը՝ կընտրեր Փաշինյանին՝ ընդդեմ նախկինների։ Այսպիսով, կառաջանար միաժամանակյա երկու էֆեկտ՝ ընտրություններին մասնակցության ընդհանուր թվի նվազում և հավելյալ ձայներ Փաշինյանին։ Երկու դեպքում էլ շահում էր իշխանությունը։
- Իր մասնակցությամբ ՀԱԿ-ն ակտիվացնում է թե իշխանությանը, թե հիմնական ընդդիմությանը չընդունող ու ներկայումս պասիվ ընտրողների մի մասին (տարբեր գնահատականներով այդ շերտը շուրջ 35-40%-է), և այդպիսով էլ ավելի է մեծացնում ընտրություններին մասնակցության ընդհանուր թիվը, որը, ինչպես արդեն վերը նշեցի, վնաս է նախևառաջ իշխանության համար։ Իշխանության հիմնական մտահոգություններից մեկը՝ ընտրողների բարձր ակտիվությունն ու մասնակցությունն է ընտրություններին։
- ՀԱԿ-ը՝ որպես տարիներ շարունակ խաղաղության օրակարգի միակ կրող, միակն է քաղաքական դաշտում, որը լավագույնս կարող է բացահայտել և սկզբունքորեն ջախջախել Փաշինյանի հերթական մեծ խաբեությունը՝ մեր երկրին իբր «խաղաղություն» բերելու մասին։ Իսկ դա այսօրվա ընտրապայքարում իշխանության գլխավոր կռվանն է։ Ի վերջո, ՀԱԿ-ը բացահայտեց նաև Փաշինյանի գործած հանցանքը հայ ժողովրդի հանդեպ՝ 2019թ․ Մինսկի խմբի առաջարկը մերժելու և պատերազմ հրահրելու առումով։ Այդ մասին նույնպես ժողովուրդը պետք է իմանա։
- Երեք տարի ՀԱԿ-ի համար փակ են եղել բոլոր հեռուստաալիքները։ Մենք պետք է օգտագործենք ժողովրդի ինֆորմացիոն բլոկադան ճեղքելու այս եզակի հնարավորությունը։ Առաջարկելով հիմնական խնդիրների լուծումներ և այլընտրանք, օգնելու մարդկանց ճիշտ գնահատելու ստեղծված իրավիճակը, հասկանալու, թե ինչ նոր սպառնալիքների ուղղությամբ է երկիրը տանում իշխանությունը։
- ՀԱԿ-ը նաև քաղաքական, ծրագրային բովանդակություն է հաղորդում ընտրապայքարին՝ մերկացնելով իշխանության պոպուլիստական, դեմագոգիկ, մանիպուլյատիվ, ոչ կոմպետենտ բնույթը։ Ստիպված լինելով մտնել ռացիոնալ, ծրագրային բանավեճի մեջ, որտեղ չկա աղմուկ և պոպուլիզմ, իշխանությունը կորցնում է ընտրական գործընթացը իր համար շահեկան հունով տանելու հնարավորությունները։ Պոպուլիստ Փաշինյանի համար մեծ պրոբլեմ են կոռուպցիոն անցյալով չծանրաբեռնված և ծրագրերի լեզվով խոսող ուժերը:
- Ի վերջո, ընտրական 4%-ի շեմը հաղթահարելու դեպքում (իսկ դրա հավանականությունը օր-օրի մեծանում է), ՀԱԿ-ը մի կողմից նշանակալի նպաստ կբերի իշխանափոխության իրականացմանը, մյուս կողմից՝ վերջապես պառլամենտ կբերի մեր պետականության գլխավոր, ռազմավարական օրակարգերը։ Վերջին շուրջ տասը տարիներին Հայաստանի խորհրդարանը զուրկ է եղել դրանից, ինչի հետևանքները բոլորիս աչքի առաջ են (բայց սա այլ թեմա է, որին կանդրադառնամ մեկ այլ առիթով)։
Այսպիսով
ՀԱԿ-ն իր մասնակցությամբ թուլացնում է իշխանության դիրքերը ընտրություններում և էապես նպաստում իշխանափոխության գործընթացին։
Հայ ազգային կոնգրեսի վարչության գործադիր քարտուղար
Սամվել Աբրահամյան
·


