«  Հունիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Սամվել Կարաբեկյան. Դատեք ինքներդ

Սամվել Կարաբեկյան. Դատեք ինքներդ

1994-ին համալսարանի գիտական խորհրդի նիստերից մեկում ելույթ ունեցավ ՀՀ նախագահը։ Դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, մարդիկ կանգնած էին նաև միջանցքներում՝ բաց դռներից հետևելով նիստի ընթացքին։ Իսկ ընթացքը բուռն էր՝ դասախոսները տեղից ձայն էին խնդրում, հարցեր տալիս, ելույթներ ունենում՝ շատ սուր, էմոցիոնալ, երբեմն նաև, ինչպես հաճախ պատահում է նման դեպքերում, քաղաքավարության սահմաններն անցնելով։ Նախագահը մասնակցում էր բանավեճին և ամենայն լրջությամբ պատասխանում բոլոր հարցերին, անգամ, ինչպես հաճախ պատահում է նման դեպքերում, ամենազավեշտական, հանգիստ և հարգալից արձագանքում անգամ ամենաորոտընդոստ ելույթներին։ Ավարտից հետո, նա՝ դասախոսների հետ միջանցքում էլ շարունակելով խոսել, մեկնեց։

2007-ին, խորհրդարանական ընտրություններին նախորդող մի օր, համալսարանի գիտական խորհրդի նիստերից մեկում ելույթ ունեցավ ՀՀ նախագահը։ Դահլիճ կարելի էր մտնել միայն անձնագրերով, նախապես հաստատված ցուցակի համաձայն՝ անցնելով անվտանգության մի քանի գոտի։ Դահլիճում ազատ կարելի էր տեղավորվել, դռները պինդ փակ էին։ Ընթացքը հանդարտ էր՝ դասախոսները և ուսանողները նախապես պատրաստված հարցերով մոտենում էին խոսափողին և վերարտադրում էին դրանք։ Նախագահը կարճ պատասխաններ էր տալիս հարցերին։ Ավարտից հետո համալսարանի ղեկավարության ուղեկցությամբ անցավ ետևի սենյակ, որտեղ, վերականգնված ավանդույթին համաձայն, արդեն հյուրասիրություն էր նախապատրաստված։

2008-ից հոգաբարձուների խորհրդի նիստերը վարելու նպատակով պարբերաբար համալսարան էր ժամանում ՀՀ Նռնախագահը: Համալսարանի հիմնական շենքին  մոտենալ անգամ հնարավոր չէր: Կարմիր բերետավորները վերահսկում էին յուրաքանչյուր մուտքը: Ներսում նա նստում էր հատուկ վերելակ, որը միացվում է միայն այդ դեպքերում և բարձրանում նիստերի դահլիճ: Ավարտից հետո բազմամարդ պահակազորի ուղեկցությամբ մեկնում էր: 

2026-ի օրերից մի օր նույնիսկ ոչ թե համալսարան, այլ հանրային ռադիոյի շենք էր եկել ՀՀ վարչապետը: Համալսարանի մերձակա ողջ տարածքում ամեն բան կաթվածահար էր: Ավտոմեքենաների շարժը Ալեք Մանուկյան փողոցով ամբողջությամբ արգելափված էր: Մոտակայքում նկատելի էին ավտոբուսներով բերված ոստիկանական ուժեր և գվարդիականներ: Շրջակայքը վերադարձավ բնականոն անցուդարձի միայն վարչապետի մեկնելուց հետո:

Դատեք ինքներդ։

Սամվել Կարաբեկյան
ՀԱԿ վարչության անդամ