«  Նոյեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Սեփական կետի հռչակագիրը. «ՉԻ»

Սեփական կետի հռչակագիրը. «ՉԻ»

«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.

Վերապահում։ Եթե Նիկոլ Փաշինյանը լիներ թերթի խմբագիր կամ միայն ՔՊ նախագահ, համոզվա՛ծ եղեք, նրա խոսքին անդրադառնալը կհամարեի արժանապատվությունից խիստ ցածր երևույթ։ Բայց սույն անձը ՀՀ վարչապետն է, երկրիս փաստացի ղեկավարը, ուստի ստիպված պետք է բացատրել նրա ելույթների պատճառները և նպատակները՝ փորձելով մեղմել պետության գլխին բերվող հերթական վտանգը։

Հանիրավի անտեսվածը։ Իզուր ենք անտեսել ՀՀ վարչապետի՝ վերջին հարցազրույցում արտահայտած մի «միտք», որ վերաբերում էր Հայաստանի անկախության հռչակագրին։ Հիմա կլրացնենք այդ բացթողումը։

Ն․ Փաշինյանը պարզաբանում է, թե ինչու է 2019 թ․ պնդել «Արցախը Հայաստան է, և վերջ»՝ նշելով, որ դա իրեն ուղղված ամենամեծ մեղադրանքն է։

Իսկապե՞ս։ Իսկապե՞ս սա է իրեն՝ ՀՀ վարչապետին ուղղված ամենամեծ մեղադրանքը, թե նա այդպես էլ չի հասկացել, որ այս արտահայտության մեջբերումն ընդամենը ցույց է տալիս առնվազն իր անլրջությունն ու անպատասխանատվությունը երկրի ամենակենսական՝ պատերազմի և խաղաղության հարցը լուծելու խնդրում։ 

Կարծում ենք՝ հասկացել է, բայց դե, ինչպես միշտ, ինքնարդարացման ուղի որոնելիս ամեն ինչ հասարակացնում, պրիմիտիվացնում է, որ տակից դուրս գա։

Եվ ի՞նչ պատասխան է գտել։ Կրկին, ինչպես միշտ, ինքը մեղավոր չէ, իր մակերեսայնությունը մեղավոր չէ, մեղավորը․․․ Հայաստանի անկախության հռչակագիրն է։ ՀՀ վարչապետը պնդում է․ «Ինչո՞ւ եմ այդպես ասել. ելել եմ նրանից, որ ՀՀ-ն ընդունել է Անկախության հռչակագիր, որտեղ գրված է դա, այլ բան, որ հետագայում պարզվել է, որ 2020 թվականին բոլորը դրա մասին մոռացել են, և Անկախության հռչակագրի վրա հիմնված հայտարարությունը նախկին բոլոր իշխանությունների քննադատությանն է արժանանում»։ Այսպես նախորդ բոլոր իշխանություններից բողոքելուց հետո ընկնում է երանելի վիճակի մեջ և հայտարարում, որ նոր հռչակագրի կարիք կա։ 

Հասկացա՞ք։ Ո՞չ։ Բացատրենք։ 

2020-ի պատերազմից հետո այս մարդը մեկ խնդիր է լուծում, այն էլ՝ խիստ անձնական։ Պատերազմի մեղքը իրենից վանելու խնդիրն է։ Եվ սրանից երևում է, որ հասկանում է, թե ինչ է արել, հասկանում է, որ ինքն է արել։ Հասկանում է, բայց իշխանությունից չի հեռանում, որովհետև․․․ Պատճառները կարող են տարբեր լինել՝ մեծամոլություն, անձնական անվտանգություն կամ մեկ այլ բան։ Կարևորն այն է, որ չի հեռանում։

Շատ լավ հասկանում է, որ պետության, անկախության հիմքն է քանդել։ Ուստի մեղավոր է հռչակում Հռչակագիրը։ 

Շատ լավ հասկանում է, որ այսօր, այս պահին ծանրագույն, բարդագույն հարցեր են դրված երկրի առջև, որոնցից ոչ մեկը ինքը չի կարող լուծել։ Բայց լուծում է ի՛ր մնալ- չմնալու հարցը։ Լուծում է բոլոր հնարավոր և անհնար միջոցներով։ 

Կրկնենք՝ եթե Անկախության հռչակագրի մասին այսպես արտահայտվեր մի պատահական վերլուծաբան կամ թերթի խմբագիր, այսքան ամոթալի և ողբերգական չէր լինի։ Սակայն խոսում է ՀՀ վարչապետը՝ երկրի փաստացի և միահեծան ղեկավարը։ Ահա սա է վտանգավոր, որովհետև նժարին է դրված անկախությունը։ Ինչո՞ւ։

Որովհետև ինչպես Արցախյան խնդրի բանակցություններն էր սկսում սեփական կետից, այնպես էլ սեփական հռչակագիր է գրելու։ Թե ինչ ստացվեց այդ «սեփական կետից», տեսանք։ Հիմա մտածե՛ք, թե ինչ է հաջորդելու նրա հռչակագրին։

Զարուհի Գաբրիելյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում