«  Հունվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Շուշիի բանտում բռնությունների մասին հաղորդումը չի քննարկվել ՀՀ գլխավոր դատախազությունում

Շուշիի բանտում բռնությունների մասին հաղորդումը չի քննարկվել ՀՀ գլխավոր դատախազությունում

Շուշի քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալների՝ ՔԿՀ-ում բռնությունների ենթարկվելու մասին հայտարարությունների հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեռևս 2019 թ․ դեկտեմբերի 4-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Շուրջ 2 ամիս է անցել, բայց ՀՀ գլխավոր դատախազությունը բավարարվել է Արցախի գլխավոր դատախազություն այդ հարցով հարցում ուղարկելով։

Մինչդեռ Շուշի ՔԿՀ-ում պատիժը կրած Ռոման Բաբայանը «Հետքում», իսկ Տիգրան Օհանջանյանը՝ «Սիվիլնեթի» հետ զրույցում պատմել են ՔԿՀ վարչակազմի ապօրինությունների, դատապարտյալների նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, բռնությունների ու խոշտանգումների մասին։ ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է հաղորդումը անհապաղ քննարկեր և տասնօրյա ժամկետում Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշում կայացներ։ Երկու դեպքում էլ խոսքը վերաբերում էր ՀՀ քաղաքացիների նկատմամբ տարիներ շարունակ իրականացված դաժան և անմարդկային վերաբերմունքի կանխարգելմանն ու այդ արատավոր երևույթի դեմ պայքարին։

Արցախի գլխավոր դատախազություն հարցում ուղարկելու մասին տեղեկանալուց հետո ՀՔԱՎ-ը 2019 թ․ դեկտեմբերի 27-ին երկրորդ անգամ դիմեց ՀՀ գլխավոր դատախազին՝ հասկանալու համար, թե ՀՀ օրենսդրության որ դրույթով է առաջնորդվել ՀՀ գլխավոր դատախազությունը՝ հանցագործության մասին հաղորդումը անհապաղ քննարկելու փոխարեն Արցախի դատախազություն հարցում ուղարկելիս։

2020 թ․ հունվարի 13-ին թվագրված գրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունից պատասխանել են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն՝ Արցախի քաղաքացիները ՀՀ-ում կարող են պատասխանատվության ենթարկվել այն դեպքում, եթե Արցախում չեն ենթարկվել։ Եվ հենց դա ճշտելու համար են հարցում ուղարկել Արցախի դատախազություն։

Փաստորեն ՀՀ գլխավոր դատախազությունը խոշտանգումից և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի հնարավոր խախտման դեպքով անհապաղ քննություն իրականացնելու փոխարեն բավարարվել է Արցախի գլխավոր դատախազություն հարցում ուղարկելով և արդեն 1,5 ամիս «համբերատար» սպասում է պատասխանի։ Տեղեկություն չկա նաև այն մասին, թե ինչու է Արցախի գլխավոր դատախազությունն ուշացնում պատասխանը։

ՀՔԱՎ