Սրանք «պայմանական երկրաշարժի» սցենարից շեղվողը չեն. «ՉԻ»
«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.
...Իսկ եթե ավելի լուրջ, ապա տպավորությունն այնպիսին է, որ իսկապես էլ ինչ-որ նոր պրոցեսներ են սկսվել։ Ու դրա վերաբերյալ առաջին ակնարկը, որքան էլ տարօրինակ է, հնչում է Արցախից։ Լաչինի միջանցքի փակումից հետո փաստացի իշխանությունն այնտեղ պատկանում է ռուս խաղաղապահներին, որոնք, ըստ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի, «վերջին օրերին որոշակի պարբերականությամբ սկսել են Արցախից Հայաստան տեղափոխել» որոշ քաղաքացիների։ Ընդ որում՝ քանի որ «գործընթացը վերահսկողության տակ պահելու» անհրաժեշտություն է առաջացել, պետնախարարը հայտարարել է, որ այսուհետ Արցախից Հայաստան մեկնել հնարավոր կլինի միայն խիստ անհրաժեշտության դեպքում, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, բայց՝ միայն խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության կենտրոնի թույլտվությամբ, իսկ բուժման կարիք ունեցողների ելքի թույլտվությունը պիտի տա առողջապահության նախարարությունը։ Մի խոսքով՝ Արցախից Հայաստան մեկնելու նոր «ընթացակարգ» է սահմանվել, և այդ խստացումները հազիվ թե իրականացված լինեն առանց ռուսական կողմի «հուշման»։
Ուշադրություն դարձրեք՝ «ադրբեջանցի բնապահպաններն» առանձնապես դեմ չեն, որ մարդիկ Արցախից գան Հայաստան, բայց հակառակ ուղղությամբ շարժը բացառում են։ Ռուս խաղաղապահներն ու Արցախի իշխանություններն էլ, հակառակը, Արցախից Հայաստան գալն են բարդացնում։ Թե ինչու՝ հասկանալի է։ Որովհետև Արցախում հայկական բնակչության գոյությունը Նիկոլ Փաշինյանի ծրագրերի մեջ չի մտնում (նա հույս ունի, որ Արցախի վերջնական հայաթափումից հետո «միջանցքների հարցը» մեջտեղից դուրս կգա, «խաղաղության դարաշրջանն» էլ կբացվի), իսկ ռուսական ծրագրերի մեջ՝ մտնում է։ Դրա համար էլ ռուսները փորձում են Արցախի իշխանությունների հետ միասին գոնե առժամանակ արտագաղթի ալիք թույլ չտալ, իսկ Նիկոլ Փաշինյանն առավելապես հայ-ադրբեջանական սահմանի «ճշգրտումների» մասին է խոսում։ Եվ գերադասում է ոչ թե կանխարգելել «պայմանական երկրաշարժը», այլ վարժանքներ իրականացնել «պայմանական ողջ մնացածներին» փլատակների տակից վարպետորեն դուրս բերելու սցենարով։ Երևի համարելով, որ Արցախում «պայմանական երկրաշարժն» այսպես թե այնպես արդեն տեղի է ունեցել, ընդ որում՝ ո՛չ իր մեղքով։
Մարկ Նշանյան
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: