Տաթև Զորյան. Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը հիմնված է գեոպոլիտիկ ռեալիզմի վրա
Քաղաքագիտական տեսանկյունից Լևոն Տեր-Պետրոսյանի արտահայտած միտքը հիմնված է մի շատ պարզ, բայց կարևոր սկզբունքի՝ գեոպոլիտիկ ռեալիզմի վրա։ Փոքր պետությունների արտաքին քաղաքականությունը որոշվում է ոչ թե ցանկություններով կամ գլոբալ բևեռներից որևէ մեկի մեջ տեղավորվելու մտայնությամբ, այլ` աշխարհագրությամբ և անմիջական անվտանգային միջավայրով։ Իսկ Հայաստանի անվտանգության հիմնական գործոնները պատմաքաղաքական և աշխարհագրական առումով գտնվում են Հարավային Կովկասում։
Փաստ է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ տարածաշրջանի հիմնական դերակատարներից մեկը, Իրանը Հարավային Կովկասում թուրք-ադրբեջանական ազդեցությունը հավասարակշռող գործոն է (երկրորդ կարծիք լինել չի կարող), Վրաստանը Հայաստանի արտաքին կապերի և տնտեսական հաղորդակցության հիմնական ուղիներից մեկն է։
Այսինքն, նույնիսկ եթե գլոբալ մակարդակում մրցակցությունն ընթանում է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև, ձևավորվում է նոր աշխարհակարգ կամ աշխարհի պետությունների հարաբերությունների նոր տրամաբանություն, այնուհանդերձ. Հայաստանի անվտանգության և գոյաբանական հարցերը շարունակում են որոշվել ոչ թե այդ մեծ մրցակցության, այլ` տարածաշրջանային ուժերի հետ հարաբերությունների համատեքստում։ Հենց սա է Տեր-Պետրոսյանի մտքի մեխը։
Նախագահն ընդամենը պարզ ռեալպոլիտիկ հաշվարկ է կատարում. փոքր պետությունը չի կարող իր անվտանգությունը կառուցել հեռավար սկզբունքով, եթե իր շուրջը գտնվող տարածաշրջանային ուժերի հետ չունի կայուն հարաբերություններ։
Տաթև Զորյան
ՀԱԿ վարչության անդամ


