«  Հունիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Թելման Պետրոսյան. Ո՛Չ՝ մեր պետականության արմատների վերաշարադրմանը

Թելման Պետրոսյան. Ո՛Չ՝ մեր պետականության արմատների վերաշարադրմանը

Ո՛Չ՝ մեր պետականության արմատների վերաշարադրմանը

Սիրելի՛ հայրենակիցներ,
Այս օրերին Հայաստանի առաջ կանգնած է մի հարց, որը շատ ավելի խորն է, քան հերթական քաղաքական բանավեճը կամ կուսակցական հակասություները։ Խոսքը մեր պետականության հիմքերի, մեր ազգային հիշողության և մեր ապագա սերունդներին փոխանցվող Հայաստանի մասին է։

Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է։ Այն մեր ժողովրդի կամքի, պայքարի, զոհողությունների և անկախ ապրելու վճռականության քաղաքական ու իրավական արտահայտությունն է։ Այդ հռչակագրի վրա է կառուցվել անկախ Հայաստանի պետականությունը, անցկացվել է անկախության հանրաքվեն, ձևավորվել  է  մեր հանրապետությունը, գրվել  է Սահմանադրությունը։

Երբ որևէ մեկը խոսում է Անկախության հռչակագրի դերը նվազեցնելու, այն Սահմանադրության հիմքերից հեռացնելու կամ դրա նշանակությունը վերանայելու մասին, պետք է գիտակցել՝ սա պարզապես իրավական տեխնիկական փոփոխություն չէ։ Սա ուղղակի հարված է Հայաստանի Հանրապետության պետական ինքնության հիմքերին։

Վտանգը միայն ձևակերպումների մեջ չէ։ Վտանգը այն գործընթացն է, երբ պետության ծննդյան ակտը աստիճանաբար կորցնում է իր հիմնարար նշանակությունը, և դրա փոխարեն պետականության ընկալումը սկսում է կառուցվել պահի քաղաքական հաշվարկների վրա։ Այդպիսի զարգացումները երկարաժամկետում թուլացնում են պետական դիմադրողականությունը, խաթարում ազգային հիշողության բնական շարունակականությունը և բացում վտանգավոր դուռ՝ պետական հիմքերի վերաձևակերպման համար՝ ցանկացած արտաքին կամ ներքին ճնշման ազդեցությամբ։

Այսօր մեզ փորձում են համոզել, թե սա ընդամենը տեխնիկական փոփոխություն է։ Բայց պատմությունը ցույց է տալիս, որ պետությունների կյանքում ամենավտանգավոր փոփոխությունները հաճախ սկսվում են հենց «տեխնիկական» անվան տակ։ Երբ փոխվում են հիմնարար փաստաթղթերը, փոխվում է նաև պետության ինքնաճանաչումը։

Այս խոսքերը հնչում են ոչ թե կուսակցական դիրքերից կամ որևէ քաղաքական շահի շրջանակում, այլ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու մտահոգ ձայն՝ ուղղված մեր երկրի և մեր երեխաների ապագային։ Այս պահին մենք կանգնած ենք այնպիսի հարցի առաջ, որտեղ լռությունը կամ անտարբերությունը այլևս ընդունելի չեն։

Այս հարցում մենք իրավունք չունենք լռելու։ Մենք իրավունք չունենք անտարբեր լինելու։

Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է համախմբում։ Անհրաժեշտ է, որ բոլոր այն քաղաքացիները, ովքեր դեմ են Սահմանադրության այս փոփոխություններին, ովքեր կարծում են, որ Հայաստանի պետականության հիմքերը չեն կարող դառնալ քաղաքական առևտրի առարկա, միավորվեն միասնական պայքարի շուրջ։
Ես համոզված եմ, որ այդ պայքարի կարևոր հարթակներից մեկը Հայ Ազգային Կոնգրեսն է։ Տարիներ շարունակ ՀԱԿ-ը հետևողականորեն խոսել է ժողովրդավարության, պետականության, սահմանադրականության և ազգային շահերի պաշտպանության մասին։

Այսօր ևս անհրաժեշտ է, որ բոլոր նրանք, ովքեր ասում են «Ո՛Չ» մեր պետականության հիմքերի վերանայմանը, կարողանան միավորվել ընդհանուր նպատակի շուրջ։

Սա պայքար չէ հանուն որևէ անձի կամ որևէ կուսակցության։ Սա պայքար է հանուն Հայաստանի Հանրապետության։ Հանուն այն պետության, որի ծնունդը ամրագրված է Անկախության հռչակագրում։ Հանուն այն հիշողության, որը ժառանգել ենք մեր ծնողներից։ Հանուն այն Հայաստանի, որը պարտավոր ենք փոխանցել մեր երեխաներին։

Թող ոչ ոք չմտածի, թե մեկ մարդու ձայնը ոչինչ չի փոխում։ Անկախության շարժումն էլ սկսվեց մարդկանց ձայներից։ Պետությունները պահպանվում են այն ժամանակ, երբ քաղաքացիները զգում են իրենց պատասխանատվությունը պետության նկատմամբ։

Ուստի այսօր մեր խոսքը պետք է հստակ լինի՝

Ո՛Չ Սահմանադրության այն փոփոխություններին, որոնք կասկածի տակ են դնում մեր պետականության հիմնադիր փաստաթղթի նշանակությունը։

Ո՛Չ մեր ազգային հիշողության արժեզրկմանը։

Ո՛Չ Հայաստանի Հանրապետության գաղափարական հիմքերի թուլացմանը։

Այս պայքարում յուրաքանչյուր քաղաքացի ունի իր տեղն ու պատասխանատվությունը։ Պատմությունը վաղը հարցնելու է՝ երբ որոշվում էր Հայաստանի ապագան, մենք լռե՞լ ենք, թե՞ կանգնել ենք մեր պետության կողքին։

Խորին հարգանքով՝ բոլորիդ, իմ հայրենակիցներ....... 

Հ.Գ. Եթե կարծում եք, որ Ազգային ժողովում սահմանադրական մեծամասնություն չկա և հանրաքվե հնարավոր չէ անցկացնել, ապա դուք չարաչար սխալվում եք․ գործընթացը վաղուց արդեն սկսված է 

ՀԱԿ վարչության անդամ
Թելման Պետրոսյան