Տիգրան Եգորյան. Պաշտպանել Սահմանադրությունը Սահմանադրական դատարանից
«Այս պահին սեղանին դրված փաստարկները խոսում են այն մասին, որ մենք չունենք այն Սահմանադրական դատարանը, որը կարող է գործել այսօրվա Սահմանադրության շրջանակում։ Ավելին՝ այս կազմով Քոչարյանի գործի քննության վերաբերյալ կայացրած որոշումը զրկվում է հեղինակությունից։ Ուստի նման ելքի դեպքում, Սահմանադրության պահպանության համար պատասխանատու ՀՀ նախագահը, ԱԺ-ը և կառավարությունն ունեն բոլոր իրավունքներն այս որոշումը չհարգելու և այն կյանքի չկոչելու»,- այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, մարտի մեկի զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ ՀՀ նախագահը, ԱԺ-ը և կառավարությունը ազատ չեն Սահմանադրական դատարանի կողմից և Սահմանադրական դատարանի դատավորի անունից հրապարակված որոշումների սահմանադրության համապատասխանության ստուգման պարտականությունից։
«Նրանք ժողովրդի առջև երդվել և պարտավորվել են երաշխավորել ու պաշտպանել Սահմանադրությունն ու ժողովրդի իշխանությունը, հարկ եղած դեպքում պաշտպանել նաև Սահմանադրական դատարանից»,- ասաց Տիգրան Եգորյանը։
Խոսելով քրեական դատավարության օրենսգրքի 35 և 135 հոդվածի երկրորդ մասով ներկայացված դիմումի քննության հետաձգման մասին՝ Տիգրան Եգորյանն ասաց, որ իրեն հասանելի չէ որևէ պաշտոնական տեղեկատվություն նիստը հետաձգելու պատճառների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը դիմել են ՍԴ, որպեսզի Սահմանադրական դատարանը քննի և որոշի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանքի առաջադրման և նրա նկատմամբ խափանման միջոցի կիրառման Սահմանադրության համապատասխանության հարցերը՝ հիմք ընդունելով նախագահի անձեռնմխելիության ինստիտուտը։
Տիգրան Եգորյանը՝ որպես մարտի մեկի զոհերի իրավահաջորդների փաստաբան պարզաբանեց այն հիմքերը, որոնցով Քոչարյանի գործի քննության շրջանակում բացարկ է հայտնել ՍԴ յոթ անդամներին։
Հիմքերը
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, լինելով ՀՀԿ անդամ և Արդարադատության նախարար, մասնակցել է մարտի մեկի գործով Եվրոպական դատարանում գործի քննությանը։ Արդարադատության նախարարության ենթակայության տակ գործող համապատասխան բաժնի միջոցով նա կոմունիկացվել է ՄԻԵԴ-ի հետ։ Այս գործերով Հրայր Թովմասյանի և նրա ղեկավարած հաստատության դիրքորոշումները եղել են հակոտնյա այն դիրքորոշումներին, որոնք այսօր մեղադրող կողմը մեղադրական եզրակացությամբ առաջադրել է։
ՍԴ անդամներ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը 2008թ․ ապրիլի 8-ին մսանակցել են 2008թ․ փետրվարի նախագահական ընտրությունների արդյունքները ճանաչող, վավերացնող որոշման կայացմանը, իսկ այսօր քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրված նաև այն հիմնավորմամբ, որ ընտրությունների արդյունքները ճանաչող ՍԴ որոշումը ընդունվել է ՍԴ-ի նկատմամաբ ճնշումների կիրառման հետևանքով։
ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը 2008թ․ ԱԺ փոխխոսնակն էր և կողմ է քվեարկել Արտակարգ դրության մասին նախագահի հրամանագրի ընդունմանը։ Նա կողմ է քվեարկել նաև այն դիրքորոշումներին, որոնք հայտարարության տեսքով մարտի մեկի իրադարձությունների կապակցությամբ ընդունել է ԱԺ-ը։
ՍԴ անդամներ Աշոտ Խաչատրյանը և Արայիկ Թունյանը եղել են նախագահի աշխատակազմի և ԱԺ-ի աշխատակազմի իրավաբանական վարչությունների պետեր։ Նրանք անմիջական մասնակցություն են ունեցել 2008-ին նախագահ Ռոբեր Քոչարյանի կողմից արտակարգ դրության մասին հրամանագրի տեքստի կազմմանը, դրա իրավաբանական փորձաքննությանը, ԱԺ-ում այդ հրամանագրին հավանություն տալուն և համապատասխան հայտարարություն ընդունելու իրավաբանական փորձաքննությանը։
ՍԴ անդամ Ալվինա Գուլումյանը չափազանց հավատարիմ է եղել թե՛ Ռոբերտ Քոչարյանի և թե՛ Սերժ Սարգսյանի իրականացրած քաղաքականությանը, ինչի արդյունքում երկար տարիներ եղել է ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր։ Այս ամենից բացի Ալվինա Գուլումյանը պետք է բացատրություն տա, թե ինչպես ստացվեց, որ ՄԻԵԴ-ում նրա դատավոր լինելու ամբողջ ժամանակահատվածում մարտի մեկի գործը որևէ առաջխաղացում չունեցավ։
Տիգրան Եգորյանը նշեց նաև, որ վերը թվարկված մարդիկ ուղղակի մասնակիցն են 2008թ․ հետընտրական և մարտմեկյան այն կոնտեքսին, որից ծնված քրեական գործի շրջանակում Սահմանադրական դատարան է ներկայացվել դիմում և այն անձինք, որոնք ունեցել և հանդես են եկել կոնկրետ դիրքորոշումներով այդ իրադարձությունների վերաբերյալ, պետք է քննեն վերը նշված դիմումը։ «Ցանկացած օբյեկտիվ դիտորդ կարող է ասել, որ այս մարդիկ կողմնակալ են և չեն կարող մասնակցել այդ գործի քննությանը»,- ասաց Տիգրան Եգորյանը։
«Իրավունքի Եվրոպա միավորում»
Ավելին՝ Հ1-ի տեսանյութում