Թուրքիայի ՆԳ նախարարը՝ ԼՂ վարձկաններ մատակարարողի հետ
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին լուսանկարել են Արցախ վարձկաններ մատակարարողի հետ։ Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը հրապարակել է Սոյլուի և «Սուլթան Մուրադ» իսլամիստ վարձկանների ջոկատի հրամանատար Ֆահիմ Իսայի լուսանկարը։ Սոյլուն այցելել է Սիրիայի`թուրքամետ խմբավորումների կողմից բռնազավթված Ալ Ռայ քաղաքի տարածք։
Լինդսի Սնելն ընդգծել է, որ «Սուլթան Մուրադը» վարձկաններ է ուղարկել Արցախ և Լիբիա։ «Նրանք նաև անչափահասների են ուղարկել, որից հետո ԱՄՆ-ն Թուրքիային ներառել է այն երկրների ցանկում, որոնք անչափահաս զինվորների են տեղավորում»,- գրել է լրագրողը։
Սնելը 2020-ի աշնանը առաջիններից մեկը բարձրաձայնեց Սիրիայի բռնազավթված տարածքներից իսլամիստ վարձկաններին Արցախ տեղափոխելու մասին։
Արցախյան հակամարտության գոտի վարձկանների տեղափոխման մասին 2020-ի հոկտեմբերին հայտարարել են ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Սիրիայի առաջնորդ Բաշար ալ Ասադը։