Թշնամին կրակել է նաև Իշխանասարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական հաղորդագրությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ժամը 13:50-17:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,– ասված է ՀՀ ՊՆ-ի հայտարարության մեջ:
Հուլիսի 12-ին՝ ժամը 13:40-13:50-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Իշխանասարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:
Նշենք, որ հայկական կողմն այսօր երկու վիրավորի մասին է հայտնել։ Երկու զինվորն էլ վիրավորվել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում տարբեր ժամերի։ Նույն հատվածում նախօրեին ևս կրակում էին։