Թշնամին պարբերաբար կրակում է արցախցիների ուղղությամբ
Ադրբեջանական դիրքերից հերթական անգամ կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ, հաղորդում է ԱՀ ներքին գործերի նախարարությունը:
«Հուլիսի 24-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքից հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 11:20-ի սահմաններում, Մարտունու շրջանի Գիշի համայնքի բնակիչ Ա. Մ.-ն (ծնված 1959թ.) իրեն պատկանող տրակտորով, Շոշ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում, երբ ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զենքերից կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։
Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։
Զինադադարի խախտման հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին», նշվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ հուլիսի 23-ին հաղորդվել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի մոտ գտնվող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք ու 60 մմ ականանետ։ Հայկական կողմից կորուստներ չկան։
Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել նաև Մարտունու շրջանում։ Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում։
«Հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել Մարտունու շրջանում։ Տուժածներ չկան», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում:
Տեղեկագրում նշվում է նաև, որ ռուս խաղաղապահները երեք երթուղով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։