Վահագն Խաչատրյանը՝ հակածխախոտային օրենքի խիստ բացասական հետևանքների մասին
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի գնահատմամբ՝ այս նախագիծը խիստ բացասական ազդեցություն է ունենալու Հայաստանի տնտեսության և բիզնես սեկտորի վրա։ Խաչատրյանի խոսքերով՝ Հայաստանն աղքատ երկիր է ու իրեն չի կարող թույլ տալ կրել այն բացասական հետևանքները, որոնք առաջանալու են օրենքի կիրառության արդյունքում։
«Այսպիսի նախագծի ընդունումը ընդհանրապես տեղին չէր և ես գտնում եմ, որ այսօր մեր երկրում թեկուզ հենց առողջապահության ոլորտում շատ ավելի կարևոր և առաջնային խնդիրներ կան, որոնք հրատապ լուծում են պահանջում, քան այս նախագծի ընդունումն էր։ Այսօրվա կառավարությունը առաջնային նշանակության խնդիրներով պետք է մտահոգված լինի, որոնցից մեկն, օրինակ, Հայաստանի բնակչությանը տրվող գազի սակագինն է․ թող ինձ ներեն, բայց ես, որպես ՀՀ քաղաքացի, չեմ ցանկանում, որ ինձ համար առավել կարևոր և կենսական նշանակության խնդիրները թողած, կառավարությունն ինձ ամեն օր հիշեցնի, որ ես պետք է քնից արթնանամ, հետո լվացվեմ, հետո հաց ուտեմ, ջուր խմեմ, շոր հագնեմ, հետո ծխեմ կամ չծխեմ և այլն և այլն, այլ գործով թող զբաղվեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց տնտեսագետը։