Վահրամ Աթանեսյան. Հայաստանը փորձադաշտ չէ
Ալիք Մեդիա. «...Երբ փորձում ես «մատդ դնել վերքին», ցնցվում ես, որովհետեւ «թարախը» բոլորովին այլ «հիվանդության պատմություն» է հուշում։ Ճիգ ես անում, որ մերժես, վանես կպչուն մտքերը, բայց իրականությունը չափազանց խոսուն է, որպեսզի տեսք ընդունես, հավատաս եւ հավատացնես, որ «չեն տեսել, չեն զգացել, սխալ են հաշվարկել»։ Քառորդ դար, երեսուն տարի քաղաքական փորձառություն անցած, ներքին կյանքում, ղարաբաղցու ասած, «յոթ թակարդից պանիր հանած» մարդիկ արտաքին, աշխարհաքաղաքական հարցերում այդքան «միամիտ» չէին կարող լինել։ Բացառված է։ Խաղաղության այլընտրանքը պատերազմն էր լինելու՝ Հայաստանի պարտությամբ։
Կարդացեք առաջին նախագահի հրաժարականի տեքստը։ Այնտեղ ստույգ կանխատեսված է, որ փորձության է դրվում ոչ թե ԼՂ, այլ Հայաստանի ապագան։ Չափավոր ազգային, առավելապես լիբերալ-պահպանողական Հայաստանը (հայկական Լեռնային Ղարաբաղի հետ քաղաքակրթական ամբողջությամբ) կարող էր լինել ոչ «բլոկային» եւ ոչ «բուֆերային» պետություն։ Այդ դեպքում իմպերիականության եւ գլոբալիզմի թիրախ դառնալու էր Ադրբեջանը։ 1998-ի իշխանափոխությամբ մենք կորցրինք այդ պատմական-էպոխային պատեհությունը։ Դա, սակայն, ներկայացվեց որպես Հայաստանը «աշխարհաքաղաքական դերակատար դարձնելու եւ ազգային իրավունքները մարմնավորելու քաղաքականություն»։ Երբ ասում են՝ «Արցախը բեռ չէր», նկատի ունեն՝ իբր «հզոր էինք»։
Հայաստանը մի դեպքում էր ուժեղ լինելու, եթե կարողանար անարյուն եւ երաշխավորված գործիքակազմերով հայկական պահել Լեռնային Ղարաբաղը։ Պարտության պատասխանատուները Հայաստանի չզավակներն են։ Նույնիսկ եթե Հայաստանը տարածաշրջանային «գերտերություն դարձնելու» իրենց քարոզչությամբ լիովին անկեղծ են եղել։ (Բայց պատմությունը վստահաբար հուշում է, որ նման գաղափարները գոնե նախանցյալ դարավերջից սկսած մեզանում գերազանցապես օտարամուտ են)։
Նրանք այսօր էլ ընդդիմանում են «առանց նախապայմանների» որեւէ դիսկուրսի, ճգնում ամեն ինչ խցկել-խոթել «հերոս-դավաճան» հազար հինգ հարյուրամյա կաղապարի մեջ։ Այդպես ամեն ինչ «օրինաչափ» է։ Գիտակից Հայաստանը պարտավոր է փշրել այդ կարծրակաղապարը, բացել հայության մտահորիզոնը։ Հայաստանը հավերժ մաքառումի, զոհաբերումների, արյան եւ ավերումների փարձադաշտ չէ։ Հայաստանը երեք միլիոն մարդու Հայրենիքն է»։
Պատմաբան, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր Վահրամ Աթանեսյան
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում