Վարդան Հարությունյան. Իրական հակահեղափոխությունն այսօրվա իշխանության մեջ է
Շատ մեղմ ստատուս
Շատ է խոսվում հակահեղափոխության մասին։ Իսկ ովքե՞ր են հակահեղափոխականները։ Հանրապետականները՞, Քոչարյանե՞ք։ Երեւի։ Այս մարդկանց հակահեղափոխականությունը բնական է։ Նրանք կուզենային, որ չլիներ այս հեղափոխությունը, կցանկանային, որ այն տապալվեր։ Բայց արդյո՞ք այսօր նրանք այնքան ուժեղ են, որ կարողանան կասեցնել մեր այս ընթացքը։ Նման ուժ, կարծում եմ, նրանք չունեն։ Նրանց ոտքի տակից հողը վաղուց գնացել է։ Նրանք դեռ իրենց իշխանության տարիներին էին ժամանակավրեպ։ Այսօր՝ առավել եւս։ Բայց հաջողելու հույսը չեն կորցնում, որովհետեւ գիտեն, իրենց գործում ունեն մի լուրջ դաշնակից։ Այդ դաշնակիցն այսօրվա իշխանության մեջ է։
Իրական հակահեղափոխությունն այսօրվա իշխանության մեջ է, իշխանության միջանցքներում է, նոր իշխանավորների ուղեղներում է։ Մեր նոր չինովնիկը պետք է լիներ հեղափոխության ծնունդ ու հեղափոխության արդյունք։ Նա պետք է նոր մարդ լիներ։ Էդ որ ասում ենք նոր Հայաստան նկատի ունենք ոչ թե վերանորոգված, վառ ու նոր գույներով ներկված լոզունգային երկիր, այլ՝ առաջին հերթին նոր մտածողությամբ օժտված չինովնիկներ՝ վարչապետից մինչեւ համատիրության աշխատակից ու հարկային տեսուչ։ Սա է նոր Հայաստանը եւ սա է հեղափոխությունը։ Սրա փոխարեն՝ մի քանի ուրախացնող բացառություններով հանդերձ ունենք հեղափոխության տրամաբանության մեջ չտեղավորվող, այդ տրամաբանությունից դուրս գտնվող չինովնիկների մի կուռ բանակ, որ արգելակում, խանգարում ու ձախողում է։
Տեսեք․
Անօրինական հարստացման դեմ պայքար չկա։ Չկա նաեւ նման պայքար սկսելու աչքի զարնող ցանկություն ու խոստում։ Անցումային արդարադատությունն արդեն անցած էտապ է։ Տպավորություն է (տա Աստված՝ սխալվեմ), թե ամենաբարձր աշխատասենյակներում վճռել են՝ եղածը եղել է ու անցյալին անդրադառնալու կարիք չկա։
Մեզ ժառանգվել են վերջնականապես քայքայված, շատ դեպքերում արդեն վերականգնման ոչ ենթակա ճանապարհներ։ Տարիներով մարդիկ, հայտնի մարդիկ՝ պատգամավորներ ու նախարարներ գերհարստացել են ճանապարհաշինության, ճանապարհավերանորոգման, Հյուսիս-Հարավ մայրուղու եւ շինարարական այլ ծրագրերի վրա դրված գումարները գրպանելով։ Չենք լսել, թե գնացել ու թակել են սրանց դռները կամ՝ գնալու ու թակելու են։ Ու գլխիկոր ջարդում ենք այդ ճանապարհներին մեր մեքենաները։
ՊԵԿ-ը, ԱԱԾ-ն, Ներքին գործերի համակարգը, դատախազությունը, դատավորները, բոլոնրն էլ իրենց տեղերում են՝ գոհ ու երջանիկ։ Երեկ պետք էր բռնել՝ բռնում էին, պետք էր գործ սարքել՝ սարքում էին, այսօր պետք չի՝ չեն անում, վաղը պետք կլինի՝ կանեն։ ՊՎԾ համակարգում, նոր է պարզվում, տեղավորվել են մարդիկ ումից առաջին հերթին էր պետք հաշիվ պահանջել ու կիլոմետրերով հեռու պահել կառավարության շենքից։ Բայց հենց այսպիսիներն են դառնում ղեկավարներ։ Հարց է ծագում, ի՞նչ սկզբունքով են հանգուցային ոլորտներում չինովնիկներ ընտրել ու ընտրում։ Ինչու՞ են հենց նրանց ընտրում։
Հակահեղափոխությունը սնվում է մեր սխալ քայլերից, մեր քայլերի բացակայությունից կամ մեր կիսաքայլերից։ Իսկ մենք՝ միամիտներս, հանրապետականի գրասենյակում ենք հակահեղափոխական փնտրում։