Վարդան Հարությունյան. «Ստալինի հոգեզավակները»
Ալիք Մեդիա. «... գերին մարդ է, զինվոր, որին պետությունը մարտադաշտ է ուղարկել եւ նրա ու նրա ընտանիքի նկատմամբ հանձնառություն ունի։ Նրա ճակատագրով չհետաքրքրվելը, նրա գոյությունը մերժելն անբարոյականություն է։ Եթե անգամ գերիների առկայությամբ ճնշել են փորձում, եթե անգամ գերիների հանգամանքը օգտագործելով փորձում են զիջումներ կորզել, պետությունն իր գերիներից ձերբազատվելու իրավունք չունի։ Պետության քաղաքականություն մշակողները պարտավոր են, նրանք պետք է կարողանան ստեղծված իրավիճակում ճիշտ կողմնորոշվել, ճիշտ լուծումներ գտնել։ Հնարավոր լուծումներից որեւէ մեկը գերիներից հրաժարումը լինել չի կարող։Պետությունը պարտավորություններ ունի իր զինվորի նկատմամբ՝ կլինի նա վիրավոր, կլինի զոհված, թե գերության մեջ։ Այլ տարբերակ չկա։
Խորհրդային Միությունն, օրինակ, խիստ բացասական վերաբերմունք ուներ գերիների նկատմամբ։ Հայտնի է 1941 թվականի օգոստոսի 16-ի թիվ 270 հրամանը, որ ստորագրել էին Ստալինը, Մոլոտովը, մարշալներ Բուդյոննին, Վորոշիլովը, Տիմոշենկոն, Շապոշնիկովը եւ բանակի գեներալ Ժուկովը։ Համաձայն այդ հրամանի՝ այն զինվորականները, որոնք, հայտնվելով շրջափակման մեջ, մինչեւ վերջին փամփուշտը կռվելու, շրջափակումը ճեղքելու կամ զոհվելու փոխարեն գերի էին հանձնվում, հայտարարվում էին հայրենիքի դավաճաններ։ Կոչ էր արվում ոչնչացնելու նրանց բոլոր հնարավոր միջոցներով, իսկ նրանց ընտանիքների անդամներին կալանավորելու։ Այս հրամանը մամուլում չի հրապարակվել, բայց ընթերցվել է բոլոր զորամասերում։ Նպատակը պարզ էր՝ զինվորականը, հատկապես բարձր սպայական կազմը, պետք է իմանա՝ գերի հանձնվելու դեպքում իր ընտանիքի անդամները բանտարկվելու են։ Մոտեցումը, ինչ խոսք, տեռորիստական էր։ Ընտանիքը որպես պատանդ էր դիտարկվում, իսկ զինվորականը համապատասխան հանգամանքների պարագայում զրկվում էր իր եւ իր վիճակիցների կյանքը փրկելու իրավունքից։
Այսպիսին էին խորհրդային պատկերացումները զինվորի, պատերազմի, գերության եւ, ընդհանրապես, մարդու մասին։ Այդ երկիրն այսօր չկա։ Կործանվել է։ Չկործանվել չէր կարող։ Առաջին հերթին, իհարկե, մարդատյաց լինելու պատճառով։
Այդ նույն պատերազմի ընթացքում իրենց գերիների նկատմամբ բոլորովին այլ վերաբերմունք էին ցուցաբերում մյուս երկրները։ Ասենք, օրինակ, անգլիացիները կամ ամերիկացիները, օգտվելով 1907 թվականի Հաագայի եւ 1929 թվականի Ժնեւի կոնվենցիաների ընձեռած հնարավորություններից, ամեն ինչ անում էին, որ օգնեն նրանց ու քիչ թե շատ տանելի դարձնեն նրանց կյանքը գերության մեջ։ 47 երկրների կողմից ստորագրված այս կոնվենցիաները խորհրդային երկիրը չէր էլ ստորագրել։
2006 թվականին «Իսլամական դիմադրության շարժման» (ՀԱՄԱՍ) զինյալները կարողացել էին գերեվարել իսրայելական բանակի 20-ամյա զինվոր Գիլադ Շալիթին։ Չնայած այն հանգամանքին, որ զինվորները հնարավոր հարձակման մասին նախապես զգուշացվել էին, անփույթ էին գտնվել։ Իրենց վստահված անցակետում, խախտելով կանոնակարգի պահանջները, քնած էին եղել ու անպատրաստ։ Արդյունքում մի քանիսը սպանվել էին, իսկ Գիլադ Շալիթը, ինչպես հետագայում ինքն էր խոստովանել, կարող էր դիմադրել, բայց չէր արել՝ գերեվարվել էր։
Իր գերուն տուն վերադարձնելու նպատակով Իսրայելը հսկայական ջանքեր էր գործադրում։ Ի վերջո, հինգ տարի անց՝ 2011-ին, իր մեկ զինվորին համաձայնեց փոխանակել 1027 պաղեստինցի կալանավորների հետ։
Այս պատմության մեջ ամենակարեւորը, սակայն, փոխանակման անհամաչափությունը չէ։ Շատ ավելի կարեւոր են Իսրայելի վարչապետ Նաթանյահուի խոսքերը․ «Սա շատ դժվար որոշում էր։ Ես մշտապես գիտակցել եմ Իսրայելի կողմից մարտի դաշտ ուղարկված զինվորին տուն վերադարձնելու անհրաժեշտությունը։ Երբ նա իջավ ուղղաթիռից, ես նրան գրկեցի, մոտեցրի ծնողներին եւ ասացի՝ ես տուն եմ վերադարձնում ձեր որդուն, ձեզ եմ վերադարձնում»։
Խորհրդային իրականությունն իր անջնջելի հետքն է թողել մեր մարդու վրա։ Այսքան տարի անց, անգամ երիտասարդները, որ խորհրդային երկրում չեն ապրել կամ շատ քիչ են ապրել, խորհրդային պատկերացումների ազդեցությամբ պատերազմի, հերոսության, գերության մասին խոսելիս կրկնում են խորհրդային կարծրատիպերը։ Առաջնորդվում են այդ կարծրատիպերով։ Մարդու մասին խորհրդային պատկերացումը դաջվել է նրանց մեջ։
Մարդ–պետություն հարաբերությունների դեպքում նրանք խորհրդային պատկերացումներով են առաջնորդվում։ Մարդն արժեք չէ բոլորովին։ Խաբում են իրենց, իբր մարդուն զոհելիս շատ ավելի մեծ արժեք են պաշտպանում։ Չգիտակցելով, որ այդպես լինել չի կարող։ Եթե մարդը չէ ամենամեծ արժեքը, ապա մնացած բոլոր արժեքները իմաստազուրկ են ու սուտ։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյան
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում.