Վարդան Հարությունյան. Ընդունել իրողությունն ու հաշվարկված քայլեր անել
Ալիք Մեդիա. «2020-ի նոյեմբերի 9-ի մեր ծանրագույն պարտությունը վավերացրած եռակողմ արձանագրության ստորագրումից քիչ ավելի ժամանակ է անցել։ Հետհայացք ձգելով կարող ենք արձանագրել՝ տարվա ընթացքում մեր վիճակն ավելի է ծանրացել։
Մեկ տարի առաջ այդ օրը մենք ունեինք կոտրված ողնաշար, կորցրած Հադրութ ու Շուշի, ջախջախված բանակ, գերիներ, անորոշ ու անհայտ ապագա։ Այսօր ունենք կոտրված ողնաշար, կորցրած Հադրութ ու Շուշի, Արցախի չքննարկվող հարց, ջախջախված ու ոտքի կանգնելու փորձեր անել չկարողացող բանակ, էլ ավելի շատ գերիներ, կանխատեսելի վատ ապագա, Հայաստան-Ադրբեջան սահմանի ողջ երկայնքով լարվածություն, անպաշտպան սահմաններ, վտանգված Սյունիք, կորցրած դիրքեր-բարձունքներ Հայաստանի սահմանին, զավթված տարածքներ Հայաստանից, երկրի ներսում վտանգված, հակառակորդի թիրախում կամ հակառակորդի վերահսկողության տակ գտնվող ճանապարհներ, արտաքին ճակատում ինքնիշխանության ամբողջական կորուստ, մոլորված քաղաքացի։
Գլխավորապես այն պատճառով, որ անցած մեկ տարվա ընթացքում իրավիճակը ճիշտ գնահատել, ստեղծված նոր իրավիճակում ճիշտ կողմնորոշվել ու ճիշտ քայլեր կատարել չենք կարողացել։ Ստեղծված վիճակին համարժեք չենք եղել։
Այնպես, ինչպես համարժեք չէինք 1920-ին, երբ Արեւմտյան Հայաստանն ամբողջությամբ ու անվերադարձ կորցնելուց հետո կորցրինք Արեւելյան Հայաստանի կեսը։ Ինչպես համարժեք չեղանք 1997-1998 թվականներին, ինչն էլ հանգեցրեց անցած տարվա նոյեմբերի ու այսօրվա կորուստներին։
2020-ի նոյեմբերի պարտությունը, ապա դրան հաջորդած մեկ տարին բոլորովին նոր իրողություն են հաստատել։ Մենք պարտավոր ենք ընդունել այս իրողությունը, հարմարվել դրան եւ դրանից բխող քայլեր կատարել։ Հակառակ դեպքում կշարունակվեն մեր կորուստները, եւ մեր պարտությունը վերջակետ չի ունենա։ Իսկ նոր իրողությունը, որքան էլ այն մեզ համար անցանկալի լինի, մեզ հստակ քայլեր է պարտադրում՝ Ադրբեջանի հետ սահմանազատում ու սահմանագծում, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում եւ խաղաղության համաձայնագիր։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, եթե ճկուն չլինենք, եթե մնանք նույնքան անհեռատես ու անունակ, որքան եղել ենք ու կանք, կարող է լինել Արցախով հանդերձ։
Մեզ պարտության տարած հին ճանապարհն են առաջարկում՝ պատերազմը։ Չեն մտածում անգամ, որ հակառակորդը նույնպես պատրաստվելու է այդ պատերազմին, որ գալիք պատերազմը կարող է նոր պարտություն բերել։ Ո՛չ պատերազմը, ո՛չ պարտությունը, ո՛չ վտանգը, որ Հայաստան պետությանն է արդեն սպառնում, դաս չեն դառնում։ Չեն սթափեցնում մեզ։
Վարդան Հարությունյան
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում