«Համայնքների խոշորացմամբ նախկին համայնքը զրկվում է սեփական իշխանություն ձևավորելու հնարավորությունից»

Կարևոր 10.07.2020   10:00   558

Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի հետ infocom.am-ը զրուցել է Հայստանում համայնքների խոշորացման գործընթացի թեմայով։ 

- Հայ ազգային կոնգրեսը դեռևս 2015-ին է դեմ արտահայտվել համայնքների խոշորացմանը։ ՀԱԿ-ի մտահոգություններից մեկն այն էր, որ համայնքների մեխանիկական միավորման հետևանքով դրանք ինքնուրույնությունից զրկվելու են։ Կառավարությունն էլ  ասում էր, որ համայնքները մեխանիկորեն չեն միացվում, խոշորացված համայնքները սուբվենցիոն ծրագրերից օգտվելու ավելի մեծ հնարավորություններ են ունենում և պետությունից ավելի մեծ դոտացիա են ստանում։ Այս ամենը նպաստավոր չէ՞ համայնքների համար։

- Որպեսզի ավելի համապարփակ հասկանանք այս խնդիրը, մի քիչ ավելի խորը պետք է գնանք։ Ի՞նչ է տեղական ինքնակառավարումը, և ինչո՞ւ է այդ համակարգը ներդրվել Հայաստանում։ Տեղական ինքնակառավարումը ներդրվել է 1995 թվականին, և գլխավոր նպատակը եղել է համայնքների զարգացման խթանումը։ Իսկ համայնքների զարգացումը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար։ Ինչպես ընտանիքը հասարակության բջիջն է, այնպես էլ համայնքները պետության բջիջն են, և եթե համայնքների ամրությունն ու զարգացումը չեն ապահովվում, ապա պետությունը չի կարող զարգանալ։ Հայաստանում գիտենք վիճակը․ Երևանը գերկենտրոնացված համայնք է, Հայաստանի բնակչության գրեթե կեսը բնակվում է Երևանում, մյուս համայնքները դատարկվում են։ 

Որպեսզի համայնքների զարգացման խնդիրը լուծվեր, դրանք պետք է օժտված լինեին շատ բարձր ինքնավարությամբ, և այդ ինքնավարությունը պետք է ներառեր երեք կարևորագույն տարր․ առաջինը սեփական իշխանություն ձևավորելու ազատությունն է, երկրորդը՝ ֆինանսական անկախությունը, այսինքն՝ համայնքները պետք է լինեին հնարավորինս ինքնաբավ կառավարման միավորներ, և երրորդը՝ կառավարման ազատությունը, այսինքն՝ սեփական համայնքի ճակատագրի վերաբերյալ որոշումներ ընդունելու հնարավորությունը։ Պետության քաղաքականությունը պետք է ուղղված լիներ այս երեք պայմանների ապահովմանը և ժամանակի ընթացքում զարգացմանը։ Համայնքների խնդիրն էլ պետք է լիներ դրանցից ամենաարդյունավետ ձևով օգտվելը, դրանք կիրառելը։

- Համայնքների խոշորացումը Ձեր նշած սկզբունքներին ինչո՞վ է հակասում։

- Ի՞նչ է տեղի ունենում խոշորացման պարագայում։ Նախ, պետությունը համայնքներին պարտադրում է միավորումը․ 2015-ին այն ժամանակվա իշխանությունները մեկ ակտով պարտադրեցին համայնքներին։ Ցավոք սրտի, հիմա այդ քաղաքականությունը շարունակվում է, և արդեն հայտարարվել է, որ համայնքների խոշորացման գործընթացը չի կանգնելու։

- Վերականգնվել է համայնքների խոշորացումից առաջ տեղական հանրաքվե անցկացնելու հնարավորությունը։ Տեղական հանրաքվեների արդյունքներն ունեն խորհրդատվական բնույթ, բայց ներկայիս կառավարությունը վստահեցնում է, որ չի գնա խոշորացման, եթե որևէ համայնքի բնակիչներ հանրաքվեով դեմ արտահայտվեն այդ գործընթացին։ 

- Շատ լավ կլիներ, եթե այդ դրույթն ամրագրված լիներ օրենքով, ոչ թե իշխանության կամքով կամ ցանկությամբ թելադրվեր։ Օրենքով ամրագրված է, որ համայնքներում հանրաքվեների արդյունքները չունեն պարտադիր բնույթ, և պետական իշխանության մարմինները՝ կառավարությունը կամ Ազգային ժողովը, հանգիստ կարող են դա հաշվի չառնել։ Նախ պետք է այդ դրույթը փոխել։

- Հանրաքվեների արդյունքներին պարտադիր կատարման ո՞ւժ տալ։

- Իհա՛րկե։ Հակառակ պարագայում դա մնում է միայն իշխանության կամքին, իսկ այս կարգի հարաբերությունները ցանկությամբ չեն կարգավորվում։ 2015-ին, երբ համայնքներին պարտադրվեց այդ հարցը, փորձնական հանրաքվե անցկացվեց մի քանի համայնքներում, որտեղ նախատեսվում էր խոշորացում, և այդ հանրաքվեների արդյունքներով ժողովուրդը դեմ արտահայտվեց։ Չնայած դրան՝ իշխանությունը խոշորացրեց։ 

Երբ համայնքների խոշորացում է տեղի ունենում, իմ թվարկած կոնցեպտուալ երեք սկզբունքները խախտվում են։ Պատկերացնենք մի որևէ փոքր համայնք, որը նախկինում ինքնակառավարման, իհարկե, շատ սահմանափակ, բայց ինչ-որ լիազորություններ ուներ։ Այդ համայնքն, ըստ էության, հիմա ձուլվելու է և կորցնելու է իր իրավունքները, այս տարրերից զրկվելու է։ Երբ Դիլիջանի փունջն էր ստեղծվում՝ Դիլիջան քաղաքը և յոթ գյուղեր, Դիլիջանի ընտրողնեի թիվը 22 հազար էր, մյուս յոթ համայնքների ընտրողների թիվը միասին այդքան չէր կազմում։ Եթե առանձին համայնք վերցնենք՝ մի որևէ փոքր գյուղ, այս տարբերությունն առավել ևս հսկակայան է դառնում։ Հետևաբար, սեփական իշխանություն ձևավորելու հարցում փոքր համայնքի հնարավորությունը գնալով նվազում է, նա շատ ավելի քիչ հնարավորություն ունի ազդելու նոր իշխանության ձևավորման վրա։ 

Հարցազրույն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀԱԿ, համայնքների խոշորացում, Սամվել Աբրահամյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon