«  Մարտ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Ադրբեջանական ԶՈւ-ի առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքում և վերահսկում են այն

Ադրբեջանական ԶՈւ-ի առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքում և վերահսկում են այն

Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ՌԴ խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքում և վերահսկում են այն: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Նրանք միևնույն ժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք»:
Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ձեռնարկել ու ձեռնարկում են համապատասխան քայլեր՝ կանխելու ադրբեջանական հնարավոր հետագա սադրանքները և անհրաժեշտության դեպքում ապահովելու տվյալ լեռնային ճանապարհի անվտանգ կիրառումը»,– ասված է հաղորդագրությունում:

Ավելի ուշ հրապարակվեց ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագիրը, որում ասվում էր, որ Ադրբեջանի ԶՈւ 25-րդ ստորաբաժանումը հատել է Շուշիի շրջանի շփման գիծը, գրավել բարձունքներից մեկն ու սկսել է դիրքի ինժեներական կահավորումը։

Նշվում էր նաև, որ ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի սրումը կանխելու և կողմերի փոխադարձ սադրանքները կանխելու համար։

Արցախի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից շփման գիծը խախտելու վերաբերյալ.

«Մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, հատել են Արցախի Հանրապետության զինված ուժերի հետ շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում՝ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ:

Նման գործողություններով Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով միակ կապը մայրաքաղաք Ստեփանակերտի և հանրապետության Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև։ Միաժամանակ, ադրբեջանական կողմը փորձում է իրականության հետ որևէ առնչություն չունեցող և շինծու հայտարարություններով արդարացնել իր իսկ անօրինական գործողություններն ու սադրանքները։

Արցախի շուրջ օղակը սեղմելու Ադրբեջանի գործողությունները ցինիկ պատասխան են Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, և մարտահրավեր՝ միջազգային իրավակարգին։

Ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը գործնական քայլեր կձեռնարկի՝ վերացնելու Ադրբեջանի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների հերթական խախտման հետևանքները, ինչպես նաև կանխարգելելու նոր հնարավոր խախտումները:

Նման պայմաններում հրամայական է միջազգային հանրության կողմից միասնական կոշտ դիրքորոշման որդեգրումը՝ ստիպելու Ադրբեջանին վերադառնալ իրավական դաշտ և կատարել իր միջազգային պարտավորությունները։ Միջազգային հանրությունը և, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է կոնկրետ հավաքական քայլեր ձեռնարկի՝ ուղղված Լաչինի միջանցքի անհապաղ բացմանն ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության զսպմանը»,– ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք` Արցախի տեղեկատվական շտաբն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը երեկ՝ մարտի 25-ին, Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: