«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. Ապրիլի 5-ի Փաշինյանի հանդիպումը ձախողում է՞ր, թե՞ «պատմանակ շրջադարձ» (խոսենք թվերով)

Լևոն Զուրաբյան. Ապրիլի 5-ի Փաշինյանի հանդիպումը ձախողում է՞ր, թե՞ «պատմանակ շրջադարձ» (խոսենք թվերով)

ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ ՓԱՇԻՆՅԱՆ-ԲԼԻՆՔԵՆ-ՖՈՆ ԴԵՐ ԼԱՅԵՆ ՀԱՆԴԻՊՈւՄԸ ՁԱԽՈՂՈւՄ Է՞Ր, ԹԵ՞ «ՊԱՏՄԱԿԱՆ ՇՐՋԱԴԱՐՁ» (ԽՈՍԵՆՔ ԹՎԵՐՈՎ)

2021 թվականի հուլիսի 9-ին Եվրոպական Միությունը հայտարարել էր, որ պատրաստ է առաջիկա հինգ տարվա ընթացքում Հայաստանին տրամադրել €2.6 միլիարդ եվրոյի ($3.1 միլիարդ դոլարի) ծավալի օգնություն:

Ապրիլի 5-ին Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամանակ պարզվեց, որ այդ որոշումից երեք տարի անց Եվրոպական Միությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները միասին խոստանում են չորս տարվա ընթացքում Հայաստանին տրամադրել €270 միլիոն և $65 միլիոն համապատասխանաբար, այսինքն ընդհանուր` մոտավորապես $360 միլիոնի օգնություն:

Հետևաբար, ոչ միայն չեն կատարել նախկինում տրված խոստումները, այլ դեռ մի բան էլ խոստման չափը կրճատել են 10 անգամից ավելի:

Հարցը ավելի հետաքրքիր բնույթ է ստանում Փաշինյանի թիմի և նրա «արևմտամետ» սատարողների այն պնդման լույսի ներքո, համաձայն որի 1991 թվականից ի վեր Հայաստանը «սխալ կողմնորոշում» է որդեգրել և այդ պատճառով չի ստացել Արևմուտքի կողմից պատշաճ աջակցություն:

Բան այն է, որ Հայաստանը 90-ականներին, Տեր-Պետրոսյանի կառավարման ընթացքում, ստացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից որպես ուղիղ կառավարական օգնություն և միջնորդավորված՝ Համաշխարհային Բանկի միջոցով. 1992-ին՝ $75 միլիոն և $22 միլիոն համապատասխանաբար, 1993-ին` $172 միլիոն և $110 միլիոն, 1994-ին`$160 միլիոն և $191 միլիոն, 1995-ին` $115 միլիոն և $217 միլիոն, 1996-ին` $135 միլիոն և $292 միլիոն, 1997-ին` $99 միլիոն և $166 միլիոն, ինչը, գումարած Եվրոպական Միության կողմից TACIS ծրագրով ստացած €49 միլիոն օգնությանն, ընդհանուր գումարով կազմում է $1.8 միլարդ:

Իննսունականներին Հայաստանին տրված օգնությունը 2024 թվականին հնչեցված խոստման հետ համեմատելու համար պետք է հաշվի առնել, որ 1993-1997 թվականների ամերիկյան դոլարի հզորությունը հավասար էր այսօրվա 2 ամերիկյան դոլարի: Այսինքն, եթե անգամ ազդարարված խոստումներն իրականանան, Արևմուտքը գալիք չորս տարվա ընթացքում Հայաստանին կտրամադրի իննսունականների էկվիվալենտով` $180 միլիոն դոլարի համարժեք օգնություն:

Ի՞նչ է ստացվում: 1991-ին «սխալ կողմնորոշում» որդեգրած (իրականում` Արևմուտքի և Ռուսաստանի հետ հավասարակշռված քաղաքականություն վարող) Հայաստանը հինգ տարվա ընթացքում Արևմուտքից ստացել է 10 անգամ ավելի մեծ աջակցություն քան այն, ինչ Արևմուտքը առայժմ դեռ միայն խոստանում է տալ ութ տարվա ընթացքում (2021 թվականից ի վեր): Հիմա սա ձախողու՞մ է մեզ համար, թե՞ աննախապեպ, պատմական շրջադարձ: Կարծում եմ, պատասխանն ակնհայտ է:

Ի դեպ, սա քննադատություն չէ Արեումուտքի նկատմամբ: Արևմուտքն անում է այն, ինչ կարող է և նպատակահարմար է գտնում: Մենք ուղղակի պետք է շատ սթափ գնահատենք Արևմուտքի կարողությունները և պատրաստակամությունը մեզ օգնելու:

Սա քննադատություն է փաշինյանական իշխանության և նրան ինքնամոռաց սատարող «սուտի արևմտամետների» նկատմամբ, որոնք մեր ժողովրդին խաբում են սեփական ձախողումները քողարկելու և բացառապես անձնական օգուտներ քաղելու նպատակով և պայծառ ապագայի ոսկե սարեր խոստանում դեպի Արևմուտք «պատմական շրջադարձի» դեպքում:

Եվ սա միակ ճիշտ քաղաքական մոտեցումն է. մենք և´ ռուսների, և´ Արևմուտքի Հայաստանի հանդեպ արած-չարածների համար պետք է մեղադրենք միայն մեր իշխանությունների վարած քաղաքականությանը, ինչպես դա արվում էր 90-ականերին: Դա միակ ռացիոնալ մոտեցումն է, որն անցյալում հաջողություն էր ապահովում, քանի որ իշխանության համար կեղծ արդարացման որևէ հնարավորություն չէր թողնում և հիմա էլ չպիտի թողնի:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան