Մարտի 1-ի չմարող հետցնցումները. «ՉԻ»
«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.
«...15 տարի անց շատերն արդեն չեն էլ հիշում, որ «Մարտի 1»-ը միայն ուժայինների ու ինչ-որ անհայտ ստորաբաժանումների հարձակում չէր ժողովրդի վրա, դա ընդամենը կուլմինացիան էր, իսկ մասշտաբային ու լավ ծրագրված հանցագործությունը սկսվել էր ավելի վաղ և իրականացվում էր հետևողականորեն՝ բազմաթիվ քաղաքական դերակատարների մասնակցությամբ։
Հիմա ո՞վ է հիշում, օրինակ, որ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքներով, անգամ համատարած ընտրակեղծիքների պայմաններում, Սերժ Սարգսյանն ընդամենը մոտ 52 տոկոս ձայն էր «ստացել», մինչդեռ միայն անվավեր ճանաչված քվեաթերթիկները 2 տոկոսից ավելի էին։
Կամ՝ հիմա ո՞վ է հիշում Արթուր Բաղդասարյան անուն-ազգանունով «հաճախորդին», որն ինքն իրեն ներկայացնում էր որպես գերսկզբունքային ընդդիմադիր, անգամ լացակումած հայտարարում էր, թե իշխանությունների ուղարկած դիպուկահարներն ուզում են սպանել իրեն, այդ ամենի շնորհիվ համարյա 18 տոկոս ձայն ստացավ, իսկ 10 օր անց կոալիցիոն հուշագիր ստորագրեց «իրեն սպանել ցանկացող» իշխանությունների հետ։
Հիմա ո՞վ է հիշում, թե ինչպես «սաստիկ սկզբունքային ընդդիմադիր» դաշնակներն ընտրություններից 10 օր անց իրենց ստացած խղճուկ 6 տոկոսը փոխանակեցին նախարարական պորտֆելների ու մարզպետական աթոռների հետ և դրանով իսկ կանաչ լույս վառեցին մարտի 1-ի սպանդի առաջ։
Հիմա ո՞վ է հիշում, թե ինչպես Վազգեն Մանուկյանն ընտրություններից հետո իր ստացած խղճուկ 1,3 տոկոսի շնորհիվ վերջապես իրականացրեց աշխատասենյակի դռանը «նախագահ» գրությամբ ցուցանակ ունենալու «մանկության կապույտ երազանքը» և դարձավ Հանրային խորհրդի նախագահ։
Եվ ամենակարևորը՝ հիմա ո՞վ է հիշում, թե ընտրություններին նախորդած քարոզարշավի ընթացքում ինչպես էին այս բոլոր «ընդդիմադիրները» պետական բոլոր քարոզչամիջոցներով ամենաայլանդակ հայհոյանքների հեղեղ թափում Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին՝ անվանելով նրան «թուրք», «դավաճան» և այլն, ու վերջում անպայման շրխկացնում հիմնական մեղադրանքը՝ նա, հասկանում եք, գալիս է, որ «ծախի Ղարաբաղը» (այսինքն՝ խնդիրը կարգավորի ազատագրված տարածքները վերադարձնելու գնով)։
Սերժ Սարգսյանը, իհարկե, «Ղարաբաղը չծախեց»։ Պարզապես նրա նախագահության տարիներին Ադրբեջանը Ռուսաստանից մի քանի միլիարդ դոլարի ժամանակակից սպառազինություն ձեռք բերեց։ Իսկ ինքը, տասը տարի նախագահելով և Հայաստանը ԵԱՏՄ մտցնելով, ցանկացավ պահպանել իշխանությունը (իր իսկ խոստովանությամբ՝ որպեսզի կարգավորի ղարաբաղյան խնդիրն ազատագրված տարածքների գնով), բայց չկարողացավ և սեփական կուսակցությանը հրահանգեց ապահովել վարչապետ դառնալու համար Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ պակասող ձայները։ Դաշնակներն էլ հաճույքով մաս կազմեցին Նիկոլ Փաշինյանի կառավարությանը․․․
Հետո եղավ 44-օրյա պատերազմը, և կորցրեցինք այն ամենը, ինչը չէինք կորցնի, եթե 2008-ի ընտրությունների ժամանակ քաղաքական համարյա ամբողջ դաշտը, հանուն սեփական լափի, «թուրք» ու «դավաճան» չհռչակեր այն միակ ուժին, որը խնդրի կարգավորման կամք ու համարձակություն ուներ։
Իսկ հիմա ուշադրություն դարձրեք ԱԺ կազմին։ Մարտի 1-ից ուղիղ 15 տարի անց այնտեղ բացառապես Արցախը հանձնածներն են․ Նիկոլ Փաշինյանն իր ուսապարկերով, և իհարկե՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու դաշնակները։
Մարկ Նշանյան
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: