«  Հունիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նախընտրական ծրագրերի մասին

Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նախընտրական ծրագրերի մասին

Նախընտրական ծրագրերը, մանավանդ ետխորհրդային տարածքի երկրներում, ունեն իրենց ստանդարտ կառուցվածքն ու բովանդակությունը, որոշ առումով նմանվելով պաշտոնական հրովարտակների։

Այդ է պատճառը, որ հասարակ ընտրողներն, ընդհանրապես, ի վիճակի չեն ոչ միայն խորամուխ լինել բազմազան ծրագրերի մանրամասների մեջ, այլեւ ընկալել թեկուզ նրանց էական տարբերությունները։ Հետեւաբար, նրանց համար ավելի առաջնային են դառնում թեկնածուների անձնական հատկանիշները՝ կենսագրությունը, խարիզման, բարոյական նկարագիրը, մասնագիտական ունակությունները, փորձը եւ այլն։ Իսկ երբեմն նույնիսկ սրանք էլ ավելորդ են. բավական է արտաքին տեսքը, հմայքը, պերճախոսությունը։

Նախընտրական ծրագրերի մյուս պարտադիր ատրիբուտը կամ բնորոշ կողմը ամբոխահաճության՝ պոպուլիզմի առատությունն է։ Մեկը մյուսից առաջ ընկնելով, թեկնածուները, սովորաբար, մրցում են իրար հետ, թե ով ավելի շատ եւ գեղեցիկ խոստումներ կտա ժողովրդին, բոլորովին հոգ չտանելով այն մասին, թե որքան իրատեսական, հիմնավորված կամ իրականանալի են այդ խոստումները։ Նպատակը կարճատեւ էֆեկտ ստանալն ու ընտրությունները շահելն է, փույթ չէ, թե տրված խոստումները հետագայում չեն կատարվի եւ իրենք, եթե ամոթի զգացումը դեռեւս չեն կորցրել, կարմրելու առիթներ կունենան։

Պոպուլիստական խաբկանքը կամ հիպնոսը, բազմիցս փորձարկված ու արժեզրկված լինելով հանդերձ, ամենուրեք՝ նույնիսկ աշխարհի ամենազարգացած երկրներում, շարունակում է մնալ հասարակության զարգացման ամենավտանգավոր չարիքներից կամ խոչընդոտներից մեկը։ Հակառակ դրան, հիասթափվելով մի պոպուլիստից, ժողովուրդն ամեն անգամ ընկնում է հերթական պոպուլիստի գիրկը՝ ամենեւին դաս չքաղելով իր նախորդ հուսախաբություններից։

Արտաքուստ անմեղ թվացող այդ մոլորությունն իրականում փակում է իրատես, պատասխանատու եւ պրագմատիկ մարդկանց մուտքը քաղաքականություն։

Պետության կյանքում դա հանգեցնում է քաղաքական, տնտեսական, սոցիալական ամենեւին ոչ պարտադիր վերիվարումների, վերջին հաշվով, դանդաղեցնելով հասարակության զարգացման բնականոն ընթացքը։

Լևոն Տեր-Պետրոսյան

2008թ․