ԱՄՆ ներկայացուցիչների պալատը՝ ընդդեմ «Գորշ գայլերի» ու հօգուտ Արցախի. «Sputnik Արմենիա»

Պաշտոնական 24.09.2021   19:06   177

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Պաշտպանության մասին ազգային օրենքում (National Defense Authorization Act) Արցախի հակամարտության ու Թուրքիային դրա մասնակցությանը վերաբերյալ մի շարք փոփոխություններին։ Տեղեկությունը հայտնում է armeniasputnik-ը:

Մասնավորապես, դրանցից մեկի համաձայն ԱՄՆ պետքարտուղարը պետք է 180 օրվա ընթացքում Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի կոմիտե ներկայացնի հաշվետվություն՝ մանրամասն տեղեկություններով Արցախին ԱՄՆ օգնության մասին, ներառյալ հումանիտար օգնությունն ու աջակցությունը տնտեսական զարգացմանը: Պետդեպարտամենտը պետք է ներկայացնի ծրագրերի նկարագրությունը և դրանց բյուջեն, ինչպես նաև ձեռքբերված արդյունքները։ Բացի այդ, Պետդեպարտամենտը պետք է տեղեկացնի, թե ապագայում ինչ ծրագրեր պետք է իրականացնի ԱՄՆ-ի կառավարությունը։

Ավելի վաղ ԱՄՆ կառավարությունը հայտնել էր, որ մտադիր է աջակցել Ղարաբաղի ու Հայաստանի 74 հազար բնակիչների, որոնք տուժել են ղարաբաղյան հակամարտությունից:

2020-ի նոյեմբերին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել էր, որ ԱՄՆ կառավարությունը որպես մարդասիրական օգնություն Ղարաբաղին 5 մլն դոլար կհատկացնի։ Նոր պետքարտուղար Էնթոնի Բլինկենը 2021 թվականի հունվարին պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո հայտարարեց, որ «աշխատելու է Կոնգրեսի ու USAID-ի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ՝ Ղարաբաղի տարածաշրջանը մարդասիրական օգնությունով ապահովելու համար»:

Մինչ հակամարտության ակտիվ փուլը, 2000-ականների սկզբից ԱՄՆ կառավարությունը աջակցության ծրագրեր էր իրականացնում Արցախում՝ միջոցներ հատկացնելով բնակարանային շինարարության, ջրատար խողովակների կառուցման և ականազերծման համար։

Ընդունված մեկ այլ փոփոխությամբ, նույն 180 օրվա ընթացքում պետքարտուղարը պետք է մանրամասն տվյալներ ներկայացնի թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության մասին: Մասնավորապես՝ Պետդեպարտամենտին պետք է ներկայացնել դեպքեր, երբ այդ կազմակերպության գործունեությունը հակասել է ԱՄՆ-ի, դրա դաշնակիցների ու գործընկերների ազգային շահերին։ Պետդեպարտամենտը պետք է ներկայացնի նաև վերլուծություն այն մասին, թե արդյո՞ք այդ կազմակերպությունը (ծայրահեղ ազգայնական - խմբ.) ահաբեկչական է համարվում։ Հակառակ դեպքում Պետդեպարտամենտը պետք է մանրամասնորեն հիմնավորի իր կարծիքը։

Վերջապես, Ներկայացուցիչների պալատը ընդունել է Նյու Ջերսի նահանգից կոնգրեսական Ֆրենկ Փալոնեի փոփոխությունների նախագիծը. 120 օրվա ընթացքում ԱՄՆ պաշտպանության նախարարը պետք է Կոնգրեսի կոմիտեներին հաշվետվություն ներկայացնի այն մասին, թե արտասահմանյան երկրների որ զինված ուժերն են մասնակցել 2017-21 թվականներին ԱՄՆ-ի աջակցության ծրագրերին, այն դեպքում, երբ այդ երկրները խախտել են մարդու միջազգայնորեն ճանաչված իրավունքները:

Հիշեցնենք՝ երեկ Ներկայացուցիչների պալատն ընդունել էր հայտարարություն, որում պահանջվում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և պատանդներին, իսկ ԱՄՆ պաշտպանության նախարարի վրա պարտավորություն է դրվում հաշվետվություն ներկայացնել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ արգելված սպառազինության օգտագործման և թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման մասին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱՄՆ, ԼՂ, Գորշ գայլեր

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon