Ապատեղեկատվություն 5-րդ ալիքի լրագրողի կողմից

Պաշտոնական 12.11.2019   21:00   438

Fip.am-ը գրում է. «5-րդ ալիքի լրագրող Աղվան Ասոյանը հեռուստաալիքի «Լուրեր» հաղորդման այսօրվա՝ նոյեմբերի 11-ի 12։30-ի թողարկման ընթացքում, անդրադառնալով ԱԺ նիստի ելույթներից մեկին, նշել է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, կրթության և գիտության նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը եղել է նախկին կոռումպացված կառավարության բաղկացուցիչ մասը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել, թե արդյո՞ք կրթության և գիտության նախկին փոխնախարարը կապ ունեցել է նախորդ իշխանությունների հետ։

Նախ նշենք, որ լրագրողը ԿԳՆ նախկին փոխնախարարին անդրադարձ է կատարում՝ խոսելով ԲՀԿ ներկայացրած մերժված օրինագծերի վերաբերյալ քննարկման ընթացքում նրա ելույթի մասին։ Հովհաննիսյանը, մասնավորապես, իր ելույթում ասել էր․ «Պետք է հիշեցնել, որ նախկին ժամանակաշրջանում, երբ կոռուպցիայի մեջ թաթախված կառավարություն և իշխանություն էր, որևէ մեկը չէր հիշում աշխատավարձերի և կենսաթոշակների մասին»։

Հաջորդիվ լրագրողն ասում է, որ պատգամավորը հենց ինքն է եղել այդ կոռումպացված կառավարության մաս։ «Նույն Հովհաննես Հովհաննիսյանն իր նշած կոռուպցիայի մեջ թաթախված կառավարության մի մասն է կազմում, ընդ որում՝ ոչ փոքր մասը, այլ կրթության և գիտության փոխնախարար»,- նշում է լրագրողը։

Վերոնշյալ քննարկումը վերաբերում էր ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը չընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։ Օրինագիծը նախատեսում էր կարգավորել մեկից ավելի տեղ աշխատող քաղաքացիների կենսաթոշակները հաշվելու նոր համակարգ ներդնելու հարցը։ Այն պետք է ներառի նաև համատեղության կարգով աշխատած տարիների քանակը, ինչը չի արվում ներկա օրենքով։

Այժմ անդրադառնանք Հովհաննես Հովհաննիսյանի՝ նախկին կառավարության հետ կապ ունենալու մասին լրագրողի հայտարարությանը։ Նշենք, որ այժմ Հովհաննիսյանն  ԱԺ-ում զբաղեցնում է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը։ ԿԳՆ փոխնախարար Հովհաննիսյանը նշանակվել էր հեղափոխությունից հետո՝ 2018 թ․ մայիսի 22-ին։

Հովհաննես Հովհաննիսյանի` մինչև 2018 թ․ գործունեությունը որևէ կերպ չի կապվել նախկին իշխանությունների հետ։ Նա մասնագիտությամբ աստվածաբան է և մինչ հեղափոխությունը դասավանդել է հանրապետության մի քանի բուհերում։ Այժմ նաև Երևանի պետական համալսարանի կրոնի պատմության և տեսության ամբիոնի դասախոս է։ 2014 թ․-ին հիմնադրել է Հանրային քաղաքականության ինստիտուտը (համահիմնադիր)։

Այսպիսով, 5-րդ ալիքի լրագրողի հայտարարությունը, թե Հովհաննիսյանը նախկին կառավարության մաս է կազմել, չի համապատասխանում իրականությանը», եզրափակում է Fip.am-ը:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         5 TV, fip.am, Հովհաննես Հովհաննիսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon