«Ապրիլի 8-ին Հայաստանը կստանա Sputnik V-ի առաջին խմբաքանակը»

Պաշտոնական 07.04.2021   18:30   67

Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի ՝ ապրիլի 7-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանի կողմից Covid-19-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի ձեռքբերմանը. արտահայտվել է պատրաստակամություն խորությամբ քննարկելու հարցն ու լուծումներ գտնելու անհրաժեշտ չափաքանակի մատակարարման հարցում: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ապրիլի 8-ին Հայաստանը կստանա ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ:

«Դա առաջին, այսպես ասած, խորհրդանշական խմբաքանակն է, բայց մենք հույս ունենք ձեռք բերել մեծ խմբաքանակ, քանի որ այն ապացուցել է իր արդյունավետությունը, և մեզ համար կարևոր է, որ ՀՀ-ն ունենա հնարավորություն այն ձեռք բերելու: Հասկանալի է, որ հիմա նաև ՌԴ-ում մեծ պահանջարկ կա, վաղը կստանանք 15 հազար դեղաչափ, սակայն մենք մեկ միլիոնից ավելի դեղաչափի անհրաժեշտություն ունենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Փաշինյանը:

ՌԴ նախագահը տեղեկացրել է, որ պատվաստանյութի արտադրությունը ՌԴ-ում թափ է ստանում:

«Մենք կքննարկենք և կլուծենք այդ խնդիրը՝ ոչ ի վնաս ռուս սպառողների, ՌԴ քաղաքացիների: Արտադրական հզորությունը համապատասխանում է երկրի ներսում պահանջարկին: Ոչ բոլորն են միանգամից ցանկանում պատվաստվել, սակայն գնալով ավելի շատ մարդ է ցանկանում պատվաստվել, այնպես որ ներկայում պահանջարկն ու արտադրական հզորությունը, ըստ էության, համընկնում են: Այնուամենայնիվ, մենք այդ հարցը կքննարկենք»,- նշել է Պուտինը:

Նշենք, որ այսօր ԱԺ–ում ՀՀ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասել էր, որ միասնական հարթակի հետ կա պայմանագիր, արդեն իսկ փոխանցվել է նախնական գումար` 800 մլն–ի չափ, որպեսզի այնտեղից տրամադրվեն պատվաստանյութեր` «Pfizer», «Astra Zeneca» և «Moderna» ֆիրմաների։

Նա տեղեկացրել էր, որ ՌԴ–ի ու միասնական հարթակի միջև բանակցություններ են ընթանում` ռուսական արտադրության «Սպուտնիկ-V» պատվաստանյութը ևս հարթակում ներառելու համար։

Մինչ այդ, նրա խոսքով, Հայաստանը ևս ՌԴ–ի հետ բանակցում է ռուսական պատվաստանյութի նոր խմբաքանակ ներկրելու հարցի շուրջ։

2000 չափաբաժին նվիրատվության ձևով տրվել է ՀՀ–ին, որոնք ներարկվել են ռիսկային խմբերի անձանց` ինֆեկցիոնիստներին, այն բժիշկներին, որոնք անմիջականորեն զբաղվում են հիվանդների բուժմամբ։ Նշել էր, որ դա շատ փոքր խմբաքանակ է։ Հիմա բանակցություններ են գնում նաև ՌԴ–ի հետ իրենց պատվաստանյութը ձեռք բերելու ուղղությամբ։
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Sputnik V, Հայաստան, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon