Արամ Մանուկյան. «Մաշվում է հույսը, հավատը, աջակցությունը»

Կարևոր 23.07.2020   16:20   699

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

– Արդյո՞ք Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարված է այն օրենքի փոփոխությամբ, որն այսօր ստորագրեց ԱԺ նախագահը:

– Մենք դժգոհ ենք տեմպից, թափից, ուշացումից, մշտապես ասել ենք, և դա աշխարհի ադաթն է, ցանկացած հեղափոխությունից հետո ցանկացած նոր իշխանություն ունի մեկուկես, առավելագույնը երկու տարի՝ լուրջ, ցավոտ, համարձակ ռեֆորմներ իրականացնելու համար: Երբ որ ուշացնում ես, դա դառնում է տասնապատիկ, հարյուրապատիկ ավելի դժվար: Նիկոլ Փաշինյանը մեկ-երկու տարի առաջ հարյուրապատիկ ավելի ուժեղ էր ռեֆորմներ անելու համար, քան հիմա:

– Հիմա ի՞նչն է խանգարում:

– Մաշվում է այն հույսը, այն հավատը, այն աջակցությունը, որը քեզ տալիս է ալիքի վրա գտնվող ժողովուրդը, երբ ժողովուրդը իշխանություններին սիրահարված վիճակում է, պետք է ռեֆորմներ արվեն, և դրանցից են սահմանադրական ռեֆորմը, Սահմանադրության փոփոխությունը, վեթինգը:

– Այսպիսով՝ ի՞նչ տպավորություն է թողնում ներքաղաքական մթնոլորտը և կարևո՞ր է՝ ով է դերակատարը:

– Ես կարծում եմ՝ ավելորդ թավիշ է տիրում, որը նույնիսկ բերում-հասցնում է ազգային անվտանգության խնդրի: Դատարանների խայտառակ վիճակը, դատավորներին չպատժելը, քննիչներին չվերահսկելը, դատական ամբողջ խառնաշփոթը, որ ստեղծվել է երկրում, վնասում է այն քննիչի աշխատանքը, որ ուզում է գործ անել, այն հետաքննիչի աշխատանքը, որը դատարանին նյութ է տալիս. դատարանին նյութ է տալիս, դատարանը ջրում է այդ նյութերը: Գոնե ես տվել եմ այն դատավորների ցուցակը, որոնք մեղք են գործել պատմության առաջ, հանցագործություն են կատարել, հինգ-վեց տարով դատել են անմեղ մարդկանց, և այդ մարդիկ այսօր մարդկանց ճակատագիր են որոշում: Իշխանություններին ասում ենք՝ պարտադիր չէ մեր ունեցած ցուցակի բոլոր 47 մարդուն էլ դատել… Ուզո՞ւմ եք համակարգդ նորմալ աշխատի, գոնե հինգին պատժեք, տեսեք մնացած 42-ը թաթիկները պարզած խելոք չե՞ն աշխատելու: Մամուլում տիրող այլանդակությունների համար կարո՞ղ եք երկուսին բացահայտ կեղծիք տարածելու համար հոդվածի տակ դնել: Ես ասում եմ՝ օրենքը պահիր, և եթե լրագրողը դիտավորյալ և նպատակային կեղծիք է տարածում, հոդվածի տակ մտցրու, պատժի ենթարկի, որպեսզի մյուս բոլոր լրագրողները տեսնեն, որ օրենքն աշխատում է, և փողով կեղծիք տարածելը վտանգավոր է: Մենք, իրավիճակից ելնելով, զուսպ ենք, հավասարակշիռ ենք, բայց ուզում ենք, որ օրենքը պաշտպանվի, պաշտպանվեն հեղափոխության արժեքները, վնասազերծվեն նրանք, ովքեր ռեալ վտանգ են հեղափոխության արժեքները ոչնչացնելու համար. սա է մեր ուզածը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝  սկզբնաղբյուրի տեսանյութում


 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արամ Մանուկյան, ՀԱԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon