Արարատ Միրզոյան. «30 տարի առաջ այս օրը տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին ընտրությունները»

Կարևոր 20.05.2020   22:00   855

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«30 տարի առաջ այս օրը տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի՝ Գերագույն խորհրդի առաջին ընտրությունները:

ՀԽՍՀ ու ԼՂԻՄ բոլոր շրջաններից ընտրված 260 պատգամավորներին վիճակված էր ի կատար ածել 1988-ի Համազգային շարժմամբ առարկայացած մեր վաղեմի ազգային իղձերը։

Առաջին իսկ նստաշրջանում` 1990թ․ օգոստոսի 23-ին, Գերագույն խորհուրդն ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը, որով հռչակվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Հաջորդ օրը Գերագույն խորհուրդը որոշեց ՀԽՍՀ-ն վերանվանել Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող 12-րդ գումարման Գերագույն խորհուրդը համարել ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհուրդ:

1991թ. մարտի 1-ին Գերագույն խորհուրդն ընդունեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին որոշումը, իսկ նույն թվականի սեպտեմբերի 23-ին, հիմք ընդունելով ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

Մինչև իր աշխատանքների ավարտը՝ 1995թ. մայիսի 15-ը, ՀՀ ԳԽ-ն ընդունեց 1169 որոշում եւ 185 օրենք, որոնցով դրվեցին ՀՀ իրավական-օրենսդրական համակարգի հիմքերը:

Եվ եթե անգամ չլինեին բոլոր մնացյալ օրենքներն ու որոշումները, միայն Անկախության հռչակագրի և հանրաքվեի մասին որոշման ընդունումով արդեն Գերագույն խորհուրդը ոսկե տառերով ամրագրվեց Հայաստանի նորագույն պատմության էջերում:

ԳԽ հարգելի՛ պատգամավորներ,

Շնորհավորում եմ բոլորիս և առանձնահատուկ կերպով անձամբ ձեզ համար այս անչափ կարևոր տարեդարձի կապակցությամբ և որպես ձեր կրտսեր գործընկեր ցանկանում իմ երախտիքի խոսքերը հղել նորանկախ Հայաստանի հիմքերում կանգնած լինելու համար:

Երախտագիտությամբ և հարգանքով՝
Արարատ Միրզոյան»

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արարատ Միրզոյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon