Արման Գրիգորյան. Հայկական կողմը չպետք է շտապի Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցում (տեսանյութ)

Քաղաքական 04.06.2021   21:40   464

«Ազատության»  հետ զրույցում քաղաքագիտության դոկտոր, Լիհայի Համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը փաստարկում է` հայկական կողմը ավելի քան քսան տարի՝ լինելով հաղթող կողմ, իր ցանկացածին հասնել չկարողացավ: Հիմա` վերջին պատերազմում տարած աղետալի պարտությունից հետո, հնարավորություններն է՛լ ավելի են նվազել:

«Այսօր շատ ավելի ողջամիտ է կենտրոնանալ Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացման վրա, քան` կարգավիճակի խնդիրը լուծելու: Այն տեսակետը, թե առանց կարգավիճակի լուծման հարաբերությունները չեն կարող կարգավորվել, իմ կարծիքով, փակուղային ճանապարհ է: Կարգավիճակի հարցում այսօր համաձայնության գալը շատ բարդ է: Եթե համաձայնություն էլ լինի, դա ինչ-որ մի կողմին, այսօր` թերևս Հայաստանին, պարտադրվող լուծում է լինելու»:

Ադրբեջանը վերջին պատերազմից հետո կտրականապես հրաժարվում է խոսել ղարաբաղյան խնդրի մասին, պնդելով, թե ամեն բան արդեն որոշվել է վերջին պատերազմով: Ռուսաստանը, որ երաշխավորում է խաղաղությունը Ղարաբաղում, հայտարարում է, թե այս փուլում կարևորը մարդասիրական խնդիրների լուծումն է, կարգավիճակի հարցը պետք է թողնել ապագային: Վաշինգտոնն ու Փարիզը, մինչդեռ, հորդորում են վերսկսել բանակցությունները` խնդրի վերջնական կարգավորումը գտնելու համար:

«Գերտերությունների մրցակցությունն այս հարցում դրական արդյունքի չի հանգեցնի», - կարծում է Արման Գրիգորյանը, հավելելով, - «Շատ ցանկալի է Հայաստանի համար, որ այդ բանակցությունները տեղի ունենան Ռուսաստանի հետ համագործակցության պայմաններում: Եթե Ֆրանսիան և ԱՄՆ որոշեն Արցախի հարցում որոշակիորեն տարբերվող դիրքորոշում գրավել, և դա արվի ինչ-որ մրցակցային միջավայրում, կարծում եմ` դրա հետևանքները շատ ծանր են լինելու և ոչ մի լավ բանի չեն հանգեցնելու»:

Այս փուլում ակնհայտ է, որ միջնորդական խումբը մեկ լեզվով չի խոսում նաև հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության մասին: Ֆրանսիան հստակ հայտարարում է, թե Ադրբեջանը պետք է դուրս բերի զորքը Հայաստանի ինքնիշխան տարածքից: Միացյալ Նահանգները, պաշտպանելով այդ պահանջը, միաժամանակ նշում է, որ միջադեպերը տեղի են ունենում սահմանի չճշգրտված հատվածներում: Ռուսաստանի արտգործնախարարը, մինչդեռ, կարծում է, թե տեղի ունեցածը թյուրիմացություն է, հեշտ կարգավորվող հարց, և կրքերը թեժացնելու կարիք ամենևին չկա:

Մոսկվայի` այդ խիստ զգուշավոր հայտարարությունների, այս հարցում պաշտոնական Երևանի` այլևս բացահայտ դժգոհության ֆոնին Հայաստանում ավելի ու ավելի հաճախ է հնչում տեսակետը, թե Ռուսաստանի առաջարկած անվտանգության համակարգը սնանկ է, և Հայաստանը պետք է օր առաջ թեքվի դեպի Արևմուտք: «Իսկ արևմուտքում սպասո՞ւմ են մեզ, և պատրա՞ստ են արդյոք ավելին առաջարկել», - հարց է տալիս քաղաքագետը:

«Մեր աչքի առաջ ունենք Ուկրաինայի և Վրաստանի օրինակը, որտեղ Արևմուտքը շատ ավելի բացահայտ կերպով էր ցուցադրում իր աջակցությունը` քաղաքական, տնտեսական ու որոշակի չափով` նաև ռազմական: Բայց, երբ այդ երկրները ռազմական հակամարտության մեջ մտան Ռուսաստանի հետ, Արևմուտքը լքեց Վրաստանն ու Ուկրաինան: Եթե նույն բանը մեզ են առաջարկում, ինչու են ոմանք վստահ, որ Արևմուտքը մեզ կպաշտպանի, եթե դա հակազդեցություն առաջացնի Ռուսաստանի կողմից», - ասում է նա:

Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին` Գրիգորյանը պնդում է` խոսքը ոչ թե սեփական շահերի հաշվին ամեն գնով դաշնակցին սիրաշահելու մասին է, այլ` քայլերը ներդաշնակեցնելու: Ըստ քաղաքագետի, բանաձևը պարզ է. Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, բայց դա չի նշանակում, որ Մոսկվան պետք է դեմ գնա սեփական շահերին, կամ` Ադրբեջանի ու Թուրքիայի հետ իր հարաբերությունները կառուցի այնպես, ինչպես Հայաստանին է ձեռնտու: Ընդ որում, այս մոտեցումը, ըստ նրա, գործում է նաև տարածաշրջանով շահագրգռված մյուս պետությունների դեպքում:

«Միացյալ Նահանգները նույնպես ունեն իրենց շահերը: Եվ չնայած վերջերս արված հայտարարություններին, վերջերս որոշում կայացվեց Հայաստանին ու Ադրբեջանին հատկացվող օգնության մասին: Հայաստանին հատկացվեց մոտ 24 միլիոն դոլար, Ադրբեջանին`120 միլիոն: Ես որևէ փաստ չգիտեմ և չեմ լսել, որ, օրինակ, ԱՄՆ-ն է պատրաստ Հայաստանի հարևանների հետ իր քաղաքականությունը պայմանավորել զուտ Հայաստանի շահերով», - փաստում է Լիհայի Համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը:


 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արման Գրիգորյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon