«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Արման Գրիգորյան. Լուրջ երևալու փորձեր, կամ ինչու չպետք է վախենալ խաղաղությունից

Արման Գրիգորյան. Լուրջ երևալու փորձեր, կամ ինչու չպետք է վախենալ խաղաղությունից

Հայ ազգային կոնգրեսի համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթը բուռն ու կանխատեսելի բազմաթիվ արձագանքների արժանացավ։ Առանց փոշին  թափ տալու՝ դարակներից դուրս բերվեցին արդեն բոլորիս մահու չափ ձանձրացրած մեղադրանքներն ու հակափաստարկները, եթե, իհարկե, կարելի է դրանց հակափաստարկ անունը տալ` «ոչ մի թիզ հող», «արյունով վերցրած հողը թղթով չեն վերադարձնում», «կարևորը թվերը չեն, այլ ոգին», «խնդիրն ուժերի հարաբերակցությունը չէ, այլ մեր ապաշնորհ իշխանություններն ու դիվանագետները», «1994 թ. զինադադար կնքելու փոխարեն՝ Ադրբեջանին պետք է կապիտուլյացիայի ենթարկեինք», «մենք արդեն լուծել ենք Ղարաբաղի հարցը» և այլն։ Այս պնդումներին պատասխանելը եղել ու մնում է չափազանց անշնորհակալ գործ, որովհետև դրանց հեղինակներին պատասխանները չեն հետաքրքրում։ Ժամանակակից սոցցանցային ժարգոնով ասած` այդ մարդիկ զբաղված են տրոլինգով։ Հնարավոր էլ չէ այդ պնդումների շուրջ նորմալ խոսակցություն ծավալել։ Օրինակ` ի՞նչ կարելի է ասել մարդկանց, որոնք պնդում են, թե 1994 թ. իսկապես հնարավորություն կար Ադրբեջանին կապիտուլյացիա պարտադրելու և դառնալու հավերժական հերոսներ, բայց, չգիտես ինչու, Հայաստանի իշխանությունները որոշեցին դրա փոխարեն զինադադար կնքել։ Կամ հնարավո՞ր է արդյոք, բացի անհապաղ բժշկական օգնության դիմելու խորհրդից, ուրիշ բան ասել մարդկանց, որոնք պնդում են, թե անգամ եթե տարածք ենք կորցնելու, նախընտրելի է, որ դա տեղի ունենա ոչ թե խաղաղ ճանապարհով ու փոխզիջումների միջոցով, այլ պատերազմով, այսինքն` բացարձակապես անիմաստ զոհեր տալուց հետո։

Պետք է արձանագրել, սակայն, որ նման` նորմալ բանավեճի ոչ ենթակա պնդումներին զուգահեռ՝ սկսել է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գաղափարի դեմ աճող հաճախականությամբ արծարծվել մի առարկություն, որը կարող է շատերին տրամաբանական, նույնիսկ համոզիչ թվալ։ Խոսքս այն պնդման մասին է, թե տարածքային զիջումների գնով խաղաղության գնալը հարցը, լուծելու փոխարեն՝ պատուհաս է դառնալու մեր գլխին, որովհետև զիջումները՝ 1) հագեցնելու փոխարեն՝ ավելի գրգռելու են Ադրբեջանի ախորժակը, և 2) Հայաստանն ու Արցախն ավելի խոցելի են դարձնելու ադրբեջանական ագրեսիայի դեմ (տես, օրինակ` Հայկ Մարտիրոսյան, «Տեր-Պետրոսյանի ուղերձը հատուկ է ազգային ու պետական դավաճանին», Անկախ Նորություն, 19.12.2017.; Արա Պապյան, «5 շրջանները հանձնելուց հետո անհնար է պահել Ղարաբաղը», Առաջին Լրատվական, 08.12.2016.; Նորատ Տեր-Գրիգորյանց, «Այդ ի՞նչ պոռնկական հարցադրում է` զիջել հող, թե չզիջել։ Զիջելու բան չկա», Առաջին Լրատվական, 12.21.2016.):

Եթե մի պահ անտեսենք պնդման որոշ հեղինակների` քաղաքակիրթ բանավեճի հետ անհամատեղելի բառապաշարը, որ արդեն ցիտված նյութերի վերնագրերից է ճչում, այս պնդումն, առաջին հայացքից, զուրկ չէ տրամաբանությունից։ Թվում է նաև, թե պնդման հիմքում ընկած է իրատեսության ու զգուշավորության կոչ, ինչով այն էապես տարբերվում է «ոչ մի թիզ հող»-ի և «արյունով վերցրած հողը թղթով չեն վերադարձնում»-ի մետաֆիզիկայից։ Այդ կոչը նույնիսկ կարելի է մեկնաբանել այսպես. «Մենք սկզբունքորեն դեմ չենք զիջումների գնով խաղաղություն հաստատելու գաղափարին, եթե դա իսկապես հնարավոր լիներ։ Բայց դա, ցավոք, անիրատեսական, եթե չասենք՝ միամիտ հույս է։ Զիջումները մեզ խաղաղություն չեն տալու, այլ ընդամենը՝ նույն պատերազմական վիճակը, միայն՝ ավելի թուլացած ու խոցելի դիրքերով»: Կոչի հեղինակները նաև չեն հոգնում ադրբեջանցիների ագրեսիվ հռետորաբանությունը մատնացույց անելուց և հիշեցնելուց, որ ադրբեջանցիները նույնիսկ Երևանի նկատմամբ հավակնություններից են բացեիբաց խոսում։

Թվում է` այս փաստարկին հնարավոր չէ ոչինչ հակադրել։ Բայց ինձ թույլ կտամ մի երկու հարց ուղղել դրա պաշտպաններին. դուք իսկապե՞ս մտածում եք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, կամ նույնիսկ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ովքեր նույնպես տարբեր ժամանակներում սկզբունքային համաձայնություն են տվել տարածքային զիջումներ ենթադրող լուծումների տարբերակների, այս ամենը չեն հասկանում։ Դուք իսկապե՞ս մտածում եք, որ խոսքն առանց զիջումները շահագործելը բացառող երաշխիքների, պարզապես տարածքների գնով խաղաղություն գնելու մասին է, ու որ Տեր-Պետրոսյանը կամ, ընդհանրապես, Հայաստանում բանականությունը չկորցրած որևէ մարդ կարգավորման կայունության գրավականը կարող է Ադրբեջանի բարի կամքը համարել։ Ո՞ւմ համար պարզ չէ, որ, նախ, խոսքը ոչ թե զիջումների, այլ փոխզիջումների մասին է, և որ որևէ տարածքային զիջում հայկական կողմից կարող է տեղի ունենալ միայն վերը նշված մտավախությունները փարատող երաշխիքների ապահովման դեպքում։ Ո՞ւմ համար պարզ չէ, որ նման երաշխիքների մշակումը բանակցությունների հիմնական առարկաներից մեկն է, եթե ոչ՝ հիմնականը։ Բայց արի ու տես, որ որոշ մարդկանց համար պարզ չէ։ Ստիպված ենք բացատրել։ Ստիպված ենք բացատրել, որ եթե նույնիսկ մատնանշած վտանգներն իրական են, դա չի նշանակում, թե դրանք չեզոքացման ենթակա չեն։ Ստիպված ենք բացատրել, որ ընդհանրապես որևէ խնդրի գոյության արձանագրումը չի կարելի շփոթել այդ խնդրի անլուծելիության հետ, ինչը հենց այն տրամաբանական փոսն է, որտեղ հայտնվել են սույն պնդման հեղինակները։

Եվ այսպես,

առաջին երաշխիքը, որը հայկական կողմը միշտ պահանջել  է ու, վստահ եմ` շարունակում է պահանջել, այն է, որ զիջվելիք տարածքները պետք է վերածվեն ապառազմականացված գոտու։ Նման գոտու ստեղծումը նշանակում է, որ Ադրբեջանն ի վիճակի չի լինի կայծակնային արագությամբ ուժեր կենտրոնացնել և հարձակում սանձազերծել Արցախի դեմ։ Որևէ հարձակում անպայման ենթադրելու է զինված ուժերի, այդ թվում՝ ծանր տեխնիկայի անցում ապառազմականացված գոտու տարածքով, ինչը ժամանակ ու հնարավորություն կտա հայկական կողմին զինված ուժերը մարտական պատրաստության բերելու և հարձակմանը դիմակայելու նպատակով մոբիլիզացիա սկսելու։

Երկրորդ, ապառազմականցված գոտում կտեղակայվեն խաղաղապահ ուժեր ու միջազգային դիտորդներ, որոնք կկարողանան արձանագրել որևէ խախտում Ադրբեջանի կողմից` դրանից բխող բավականին լուրջ հետևանքներով։ Կարող են առարկել, թե այդ նույն միջազգային ուժերը, որ կարգավորման դեպքում դիտորդներ պետք է տրամադրեն, արդեն քանի տարի է՝ որդեգրել են չեզոքության պրակտիկան ու միշտ խուսափում եմ մեղավորին մատնացույց անելուց։ Սա թույլ առարկություն է, որովհետև կարգավորումից հետո նրանք  շահագրգռված են լինելու ոչ թե չեզոքություն, այլ կայունություն ապահովելով, ինչը ենթադրում է միանգամայն այլ շահեր ու վարքագիծ։ Կարող են նաև առարկել, որ խաղաղապահները ոչինչ էլ չեն կարողանա զսպել, ինչպես այս հարցին առնչվող մի բանավեճի ժամանակ պնդել էր ֆեյսբուքյան մի օգտատիրուհի` օրինակ բերելով Ռուանդայում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի ճակատագիրը 1994 թվականին։ Սա նույնպես թույլ առարկություն է։ Ճիշտ է, իհարկե, որ որոշ դեպքերում խաղաղապահներն աչքի չեն ընկել արդյունավետությամբ, ինչպես Ռուանդայի դեպքում։ Բայց նրանց արդյունավետության մակարդակն ինչ-որ հաստատուն իրողություն չէ։ Այն կախված է խաղաղապահների մանդատից, այդ մանդատն ստանձնած պետությունների ուժից ու հեղինակությունից, ինչպես նաև կարգավորման արդյունքում ձևավորված ստատուս քվոն պահպանելու նրանց շահագրգռվածությունից։ Ռուանդայում ձախողված խաղաղապահ առաքելությունը նման առաքելության միակ կամ նույնիսկ ամենաներկայացուցչական օրինակը չէ։ Վերոհիշյալ ֆեյսբուքյան օգտատիրուհին ու նրա մտավախությունը կիսողները կարող էին հիշել նաև, ասենք` Հարավային Օսեթիայի ռուսական խաղաղապահ առաքելությունը, ինչն, իմ կարծիքով, ավելի քան արդյունավետ էր։

Երրորդ, քանի որ ապառազմականացված գոտին ամրագրված պետք է լինի միջազգային պայմանագրով և ունենա միջնորդների երաշխիքները, դրա խախտումը գործի կդնի միջնորդների համապատասխան պարտավորությունները` որոշակի սանկցիաների, չի կարելի նաև բացառել` հայկական կողմին ռազմական օգնության կամ հայկական կողմի օգտին անմիջական ռազմական միջամտության տեսքով։

Չորրորդ, միջազգային պայմանագրով ամրագրված ապառազմականացված գոտու դեմ որևէ ոտնձգություն պարզ խոստման դրժում չի լինի, այլ միջազգային պայմանագրի կոպիտ խախտում։ Իրականում դա նույնիսկ կոպիտ խախտում անվանելը նրբասացություն է։ Զինված մուտքն ապառազմականացված գոտի համարվում է ագրեսիա, անկախ այն բանից, որ խնդրո առարկա գոտին տվյալ պետության սուվերեն տարածքում է։ Իսկ դա նշանակում է, որ ագրեսիայի զոհը կարող է դա համարժեք ռազմական պատասխանի արդարացում (casus belli) համարել՝ առանց բացասական միջազգային հետևանքներից վախենալու և նույնիսկ միջազգային աջակցության ակնկալիքով։

Հինգերորդ, քանի որ ապառազմականացված գոտու դեմ ոտնձգության դեպքում Հայաստանը կարող է ունենալ և պետք է ունենա պայմանագրով ամրագրված ռազմական միջամտության իրավունք, և քանի որ նման միջամտությունը կլինի ագրեսիայի զոհի կարգավիճակով, Հայաստանը կարող է նաև աջակցություն ակնկալել ռազմական փոխօգնության հայ-ռուսական պայմանագրի շրջանակներում։

Վեցերորդ, եթե նույնիսկ այդ պայմանագիրն ու դրա իրավական պարտավորությունները մի կողմ դնենք, դժվար չէ պատկերացնել, որ կարգավորումից հետո ադրբեջանական ագրեսիան բուն Արցախի, առավել ևս՝ Հայաստանի դեմ, լրջորեն կբախվի այս ռեգիոնում դերակատարություն ունեցող որոշ պետությունների շահերին։ Ասվածը նույնիսկ Թուրքիային է վերաբերում, էլ չեմ խոսում Ռուսաստանի ու Իրանի մասին, որոնք ոչ միայն նման շահ չունեն, այլև Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիան անկասկած կդիտեն որպես սեփական կենսական շահերի դեմ ուղղված ոտնձգություն։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ այստեղ խոսքը մեր նկատմամբ ջերմ վերաբերմունքի ու սիրո մասին չէ, ոչ էլ նույնիսկ պայմանագրային պարտավորությունների, այլ հենց այդ պետությունների կենսական շահերի։ Եվ այստեղ բացարձակապես որևէ նշանակություն չունի այն փաստը, որ ռուսներն, ասենք` Ադրբեջանին զենք են վաճառել կամ որ 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ մեզ անվերապահ աջակցություն չեն հայտնել։ Տարբերությունը չեմ բացատրում՝ ընթերցողի նկատմամբ հարգանքից ելնելով։

Յոթերորդ, հետագա ագրեսիան բացառելու երաշխիք կարող է լինել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև սպառազինությունների կրճատման պայմանագիրը։ Դա կարելի է անել՝ հատկապես աչքի առաջ ունենալով հարձակողական գործողությունները դժվարացնելու կամ բացառելու, միաժամանակ՝ պաշտպանվելը հեշտացնելու նպատակը։

Վերջապես՝ ութերորդ և ամենակարևոր երաշխիքը. հակամարտության կարգավորումը նշանակում է հաշտություն, ոչ թե նոր պայմաններով զինադադար, իսկ հաշտությունն ու զինադադարն սկզբունքորեն տարբեր բաներ են։ Զինադադարն ընդամենը նշանակում է, որ կողմերն ընդունում են շփման գծում ուժով ինչ-որ բան էականորեն փոխելու անհնարինությունը, բայց չեն հրաժարվում ուժով հարցը լուծելու մտադրությունից։ Զինադադարը լուրջ միջազգային ու իրավական պարտավորություններ չի ենթադրում, ինչպես այն չի ենթադրում տնտեսական ու մշակութային կապերի վերականգնում, հետևաբար՝ պատերազմի գնի հավելյալ բարձրացում։ Հաշտությունը ենթադրում է այս ամենը, ամրագրվում է ԵԱՀԿ-ի որոշումներով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ու Գլխավոր ասամբլեայի համապատասխան բանաձևերով և նշանակում է, որ կողմերը ոչ միայն ընդունում են դրա արդյունքում ստեղծված ստատուս քվոն, այլև քայլեր են ձեռնարկում, որոնք ստատուս քվոյից հրաժարումն անխուսափելիորեն դարձնում են առավել անցանկալի ու դժվար։ Սա է պատճառը, որ զինադադարները սովորաբար անկայուն են, իսկ հաշտության պայմանագրերով հաստատված հարաբերությունները` կայուն։ Համեմատեք, օրինակ, Իսրայելի հարաբերությունները Եգիպտոսի հետ 1948-ից մինչև 1978 թ. ընկած ժամանակաշրջանում, և նույն երկրների հարաբերությունները 1978 թվականից հետո, կամ, մի կողմից՝ Իսրայելի ներկա հարաբերությունները Եգիպտոսի ու Հորդանանի հետ, մյուս կողմից` նույն երկրի հարաբերությունները Լիբանանի ու Սիրիայի հետ։ Կարող են առարկել, թե նույնիսկ նման հաշտությունները 100 տոկոսանոց երաշխիք չեն նոր հակամարտություններից խուսափելու համար։ Բայց ինչպես ամերիկյան հայտնի ասացվածքն է ուսուցանում, այս աշխարհում 100 տոկոսանոց են միայն մահն ու հարկերը։ Պնդել, թե 1948-1978 թթ. ժամանակաշրջանի եգիպտա-իսրայելական հարաբերությունների ու այդ երկրների` 1978 թ. հաշտության պայմանագրին հաջորդած ժամանակաշրջանի հարաբերությունների միջև ահռելի տարբերություն չկա, պարզապես ծիծաղելի է։ Այս համատեքստում արժե անդրադառնալ այն վստահ  պնդմանը, թե կարգավորումն ավելի կկոշտացնի Ադրբեջանի դիրքորոշումը։ Պակաս հավանական չի կարելի համարել այն սցենարը, որ խաղաղ կարգավորումն Ադրբեջանում խաղաղության էլեկտորատի համար քաղաքականապես կհեշտացնի համարձակ լինելը՝ միևնույն ժամանակ համալրելով այդ էլեկտորատի շարքերը, հատկապես՝ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, և ես սա հատուկ ուզում եմ շեշտել, որ իրականում ագրեսիան` կարգավորումից հետո, Ադրբեջանի համար շատ ավելի վտանգավոր ու անհեռանկար է դառնալու, քան հիմա է։ Գոնե չի կարելի որպես աքսիոմատիկ ճշմարտություն ընդունել այն պնդումը, թե բոլոր ադրբեջանցիներն առավոտից իրիկուն տրված են Երևանն ու Ստեփանակերտը արյան ծով սարքելու անուրջներին, ու որ նրանց դիրքորոշումներն ընդհանրապես կախված չեն քաղաքական իրողություններից։ Այո, անվիճելի է, որ նրանց մոտ բավականին տարածված են հակահայկական տրամադրություններն ու ատելության հռետորաբանությունը, բայց չի կարելի մոռանալ, որ նրանք պատերազմում պարտված կողմ են, իսկ նման դրսևորումները պարտությունների համարյա անբաժան ուղեկիցն են։ Ես վստահ եմ, որ կարգավորման ու բարիդրացիական հարաբերություններ հաստատելու լուրջ քայլերին զուգահեռ՝ այդ տրամադրություններն Ադրբեջանում զգալիորեն կնվազեն։

Եվ այսպես, խաղաղ կարգավորման դեմ բերված՝ առաջին հայացքից իրատեսություն քարոզող փաստարկը, թե զիջելու դեպքում մենք դատապարտված ենք, իրականում ոչ մի կապ չունի իրատեսության հետ։  Այն ընդամենը հերթական հնարքն է, որ մոգոնել են խաղաղ կարգավորման գաղափարի դեմ, ինչին որոշ մարդիկ փորձել են մի քիչ տրամաբանական տեսք տալ։ Բայց դա չի հաջողվել, որովհետև այդ փաստարկի հեղինակներն իրականում ավելի շատ դեկլարատիվ պնդումներ են արել, քան իրական փաստարկ պաշտպանել։ Մասնավորապես, նրանք բավարար ջանքեր չեն գործադրել որոշ կանխատեսելի հարցերի ու հակափաստարկների պատասխանելու ուղղությամբ։ Նրանք շփոթել են խնդրի գոյությունը խնդրի անլուծելիության հետ։ Վերջապես, նրանք չեն խորշել սեփական պնդումները հայհոյանքների ու մեղադրանքների ռելսերի վրա դնելուց։ Իսկ մարդիկ սովորաբար հայհոյում են, երբ ասելու բան չունեն կամ երբ գիտակցում են, որ ասելիքը համոզիչ չէ։

Արման Գրիգորյան
Քաղաքագետ 

06.02.2017 

Աղբյուրը՝ Ilur.am