«  Օգոստոս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Արման Գրիգորյան. Վաղուց ժամանակն է աննախադեպության սինդրոմը մի կողմ դնելու ու լուրջ գործերով զբաղվելու

Արման Գրիգորյան. Վաղուց ժամանակն է աննախադեպության սինդրոմը մի կողմ դնելու ու լուրջ գործերով զբաղվելու

Քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյան.

«Նիկոլ Փաշինյանն իր վերջին «լայվերից» մեկում արձագանքել էր Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանին, որը քննադատել էր BBC-ին տված նրա հարցազրույցը։ Փաշինյանը չէր որոշակիացրել, որ հատկապես Զուրաբյանին էր պատասխանում, բայց ես, հավանաբար, չեմ սխալվում, որ արձագանքի հիմնական խթանը հենց վերջինիս քննադատությունն էր։

Լևոն Զուրաբյանը քննադատել էր Փաշինյանին, մասնավորապես, Ղարաբաղի հարցը քննարկելիս հազարամյա պատմությանը, ոչ թե ինքնորոշման իրավունքին հենվելու, ինչպես նաև ռազմական հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքին, Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի ու Իրանի միջև ընտրություն կատարելու վերաբերյալ հարցերին անհամարժեք պատասխաններ տալու համար։ «Լայվի» ժամանակ Փաշինյանի հնչեցրած պատասխանը կարելի է ամփոփել երկու կետով։ Առաջին` Հայ ազգային կոնգրեսի որոշ անդամներ ժամանակին մեղադրանքներ են հնչեցրել, թե ինքը գործարքի էր գնացել իշխանությունների հետ` այն բանից հետո, երբ որոշեց խզել հարաբերություններն այդ կազմակերպության հետ։ Երկրորդ` Հայ ազգային կոնգրեսն ուներ սխալ մարտավարություն, ինչը ժողովրդին տանում էր պարտության ու մարգինալացման, մինչդեռ Փաշինյանն ուներ իշխանափոխության հասնելու ճիշտ մարտավարություն, ինչն էլ հենց ապացուցվեց 2018 թվականի հեղափոխությամբ։ Կոնգրեսից եկող քննադատություններն, ըստ այդմ, անընդունելի են։

Սկսենք ամենակարևորից։ Եթե նույնիսկ Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամները նշված ժամանակահատվածում ամեն օր իռլանդական սետտերի մի քանի ձագ խեղդած լինեին, դա չէր կարող փաստարկ լինել այդ կուսակցության ներկայացուցիչների քննադատությանը նման պատասխան տալու օգտին։ Փաշինյանի արածը ոչ այլ ինչ է, եթե ոչ` դրսևորում մի տարածված տրամաբանական հնարքի, որը հայտնի է լատիներեն ad hominem անվամբ, և որի իմաստն այն է, որ ինչ-որ փաստարկ մերժվում է ոչ թե դրա ներքին թուլության կամ փաստական անճշտության պատճառով, այլ դրա հեղինակի իրական կամ մտացածին թերությունները մատնացույց անելով։ Տրամաբանության դասագրքերում այս հնարքը կամ փաստարկման այս մեթոդը դասվում է արգելվածների շարքին։ Նույն հաջողությամբ նա կարող էր պնդել, որ Հայզենբերգի անորոշության սկզբունքը պետք է դեն շպրտել, որովհետև դրա հեղինակը ժամանակին չհրաժարվեց ծառայել Հիտլերի ռեժիմին։ Ի՞նչ նշանակություն ունի, թե Հայ ազգային կոնգրեսի որոշ անդամներ ինչ են ասել 2013 թվականին։ Փաշինյանին հիմա քննադատում են և շատ ճիշտ են անում, որ նա ու նրա արտաքին քաղաքական թիմը համառորեն արևմտյան լսարանի առաջ ներկայացնում են Ղարաբաղի հարցը որպես պատմական արդարությունը վերականգնելու համար մղվող պայքար։ Նրանց արդեն առաջին անգամ չեն բացատրում արևմտյան լսարանի մասին որոշակի գիտելիքներ ունեցող մարդիկ, որ դա ոչ միայն որևէ շանս չունի այդ լսարանի համակրանքը մեր կողմը թեքելու, այլև ունի բոլոր շանսերը` մեզ որպես ագրեսոր ու ռևանշիստ ներկայացնելու. էլ չեմ խոսում այն մասին, որ դա նույն լսարանի կողմից քամահրանքով ընկալվում է որպես նախնադարյան մարդկանց բնորոշ մտասևեռում։ Փաշինյանը պարզապես պարտավոր է բացատրել այս մտավախությունն ունեցող մարդկանց և մեր ժողովրդին ընդհանրապես, թե ինչու այդ մտավախությունն արդարացված չէ, փաստեր ու փաստարկներ բերի, որոնք կարող էին ցրել այդ մտավախությունը։ Դրա փոխարեն, վարչապետը հայտարարում է, թե ինչ-որ մարդիկ ինչ-որ ժամանակ վատ բաներ են ասել իր մասին։ Նույն հաջողությամբ կարող էր հայտարարել, որ Կոնգրեսի անդամների քննադատություններն անընդունելի են, որովհետև նրանք լավ չեն երգում։

Անդրադառնամ նաև վերը նշված երկու կետերին ըստ էության։ Ես չգիտեմ, թե ով ու երբ է ասել, որ Փաշինյանն իշխանությունների պրոյեկտ էր, բայց չեմ բացառում, որ ասել են։ Վստահ եմ, եթե ինչ-որ մարդիկ պայքարի հատկապես ծանր փուլում հեռանային նրա ղեկավարած կազմակերպությունից, այդ կազմակերպության շարքերում էլ կարող էին նման շշուկներ լինել։ Վստահ եմ, որ հատկապես եթե այդ կազմակերպությունը նման մի քանի նախադեպ ունենար, հերթական հեռացողի վրա նույն կասկածը կարող էր տարածվել։ Բայց իմ նպատակը նման մեղադրանքներն արդարացնելը չէ կամ պնդելը, որ չեն եղել նման մեղադրանքներ։ Ես պարզապես կարծում եմ, որ նեղացկոտի կեցվածքը չի սազում պետական այրին ու երկրի ղեկավարին` անկախ այդ ամենից։ Նշանակություն չունի նաև, որ առանց որևէ ակնկալիքի ու վարչապետի ղեկավարած քաղաքական ուժի կողմից միայն հարվածների արժանանալու պայմաններում` Հայ ազգային կոնգրեսը հետևողականորեն կանգնել է նրա կողքին, քանի որ դա են պահանջում Հայաստանի շահերը։ Նշանակություն ունի միայն այն, որ հեղափոխությունը դեռ չի ավարտվել, իսկ վարչապետը, նրա ղեկավարած կուսակցությունն ու Հայ ազգային կոնգրեսն ընդհանուր հակառակորդներ ունեն։ Սակայն, հաճախ տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանն այդ ակնհայտ իրողությունը չի գիտակցում։

Անցնենք երկրորդ փաստարկին. Հայ ազգային կոնգրեսը ժողովրդին տանում էր պարտության ու մարգինալացման, իսկ Փաշինյանն ուներ հաղթանակի բանալին և ի վերջո ապահովեց այդ հաղթանակը։ Խնդիրն այն է, սակայն, որ հեղափոխությունները երբեք հաջողությամբ չեն պսակվում միայն հեղափոխական լիդերների հանճարեղ մարտավարության շնորհիվ։ Հեղափոխությունների հաջողության համար պարտադիր պայման է նաև հետևյալ երեք գործոններից առնվազն մեկի առկայությունը.

1) ռեժիմի ներքին ապակայունացում` հեղափոխականների հարվածներից անկախ, ինչպես դա եղավ, օրինակ` Արևելյան Եվրոպայում 1980-ականների վերջին;

2) պառակտում ռեժիմի ներսում, հատկապես երբ դա անդրադառնում է զինված ուժերի ու ներքին անվտանգության համակարգի կողմից ժողովրդի վրա կրակելու հրաման կատարելու պատրաստակամության վրա;

3) զսպում արտաքին ուժերի կողմից։ Փաշինյանի ղեկավարած հաղթական ու նախկինում ձախողված հեղափոխութունների փորձերի միջև ընդամենը մի շատ ակնհայտ տարբերություն կա. 2018-ին ժողովրդի դեմ ուժ չգործադրեցին, իսկ նախորդ դեպքերում, մասնավորապես 2003-ին ու 2008-ին` գործադրեցին։

Քաղաքագետների ու պատմաբանների համար իսկապես շատ հետաքրքիր հարց է, թե ինչու դա տեղի ունեցավ, և նույն Սերժ Սարգսյանը, որն արյան վրա իշխանության էր եկել 2008 թվականին, որոշեց հեռանալ առանց արյուն թափելու։ Բայց փաստը մնում է փաստ, որ նա որոշեց ուժ չկիրառել, և պարզապես անժխտելի է, որ դա հիմնական տարբերությունն էր 2018–ի ու մյուս հեղափոխական իրավիճակների միջև։ Պատճառը վստահաբար պետք է փնտրել նշածս գործոնների շարքում։ Դրանց հավանական առկայությունից բացի, այս դեպքում, թերևս, մի պարադոքսալ տարբերություն ևս կար. Փաշինյանի ղեկավարած քայլարշավը ռեժիմը լուրջ չէր ընդունել։ Եթե մյուս դեպքերում նախապես մոբիլիզացվում էր պետական ամբողջ ապարատը ու փորձ էր արվում ամեն բան բնում խեղդել հենց սկզբից, 2018 թվականին դա տեղի չունեցավ, որովհետև այդ քայլարշավին վերաբերվեցին որպես անվտանգ ու  էքսցենտրիկ ակցիայի։ Ինչ-որ պահից հետո, երբ արդեն քայլարշավի շուրջ մոբիլիզացվել էր ժողովուրդը, ցայտնոտի մեջ հայտնված իշխանությունը չկարողացավ կազմակերպված դիմադրություն ցույց տալ։ Հիմա կարող են ասել, որ հենց այդ մոբիլիզացիայի կանխատեսումն ու ճիշտ պահի ընտրությունն էր հաղթական մարտավարության գաղտնիքը։ Բայց թույլ տվեք հոռետես լինել այս հարցում։ Ժողովրդավարական մոբիլիզացիաներն ու դրանց թափը պարզապես սկզբունքորեն անկանխատեսելի են։ Դրա մասին լուրջ գիտական ուսումնասիրություններ կան։ Ոչ ոք դա չէր կանխատեսել և չէր կարող կանխատեսած լինել, այդ թվում` Փաշինյանն ինքը։

Եվ ընդհանրապես, ինձ թվում է` վաղուց արդեն ժամանակն է հեղափոխության հաղթանակի դափնիներն ու աննախադեպության սինդրոմը մի կողմ դնելու ու լուրջ գործերով զբաղվելու։ Վաղուց ժամանակն է, օրինակ`կողմնորոշվելու հայդատականության ու պետական մտածողության միջև, այլապես ևս մի քանի նման հարցազրույց ու Սևրի պայմանագրի խորին խորհրդի մասին մի քանի նոր հայտարարություն, և կսկսենք լուրջ խնդիրներ ունենալ արտաքին աշխարհի հետ։ Վաղուց ժամանակն է կողմնորոշվելու` արդյոք մենք շահագրգռված ենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը խաղա՞ղ հանգուցալուծում ստանա, թե՞ Ղարաբաղը Հայաստան է և վերջ։ Վաղուց ժամանակն է կողմնորոշվելու` մտադրություն կա՞ ինչ-որ բան փոխելու դատաիրավական համակարգում, թե՞ մեզ նոր անակնկալներ են սպասվում վահրամավետիսյանների տեսքով։ Վաղուց ժամանակն է կողմնորոշվելու, թե արդյոք այս կառավարությունը ժամանակակից Հայաստա՞ն է ուզում կառուցել, ինչը գերարմատական բարեփոխումներ է ենթադրում մեր գիտակրթական համակարգում, թե՞ նախորդների նման շարունակելու է պարզապես խոսել ժամանակակից տեխնոլոգիաների կարևորության մասին` առանց դրանց զարգացման համար անհրաժեշտ գիտակրթական ենթակառուցվածք ստեղծելու։ Ժամանակն է կողմնորոշվելու` աղքատությունը մարդկա՞նց գլխում է, թե՞ Հայաստանում աղքատության ու թշվառության պատճառը նախկին ռեժիմի ստեղծած տնտեսական մոդելն է, ինչը որևէ արմատական փոփոխության չի ենթարկվել մինչ օրս (իշխանության վերին էշելոններում կաշառք չվերցնելն արմատական փոփոխություն չի)։

Իսկ ճանապարհներ` Ռոբերտ Քոչարյանն էլ էր կառուցել»

ilur.am