Արման Թաթոյան. Անթույլատրելի է գերիների հարցը սոսկ եռակողմ հայտարարության ամսաթվով պայմանավորելը

Պաշտոնական 16.03.2021   10:30   111

Ադրբեջանական զինված ուժերի գերեվարած հայ զինծառայողներից ու քաղաքացիական անձանցից որեւէ մեկին «ահաբեկիչ» կոչելը միջազգային մարդասիրական իրավունքի ու, առհասարակ, մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ է: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«2021թ. մարտի 15-ին ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը նվիրված ասուլիսին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է. «Ադրբեջանն, իր ստանձնած պարտավորություններին համապատասխան, բոլոր գերիներին վերադարձրել է Հայաստանին»: Հայտարարությամբ նաև նշվել է, որ «նոյեմբերի 26-ին Հայաստանի Շիրակի մարզից (…) զինված անձինք ռազմագերիներ չեն»: Ադրբեջանի իշխանությունների այս հայտարարությունները պարբերական բնույթ ունեն:

Հաշվի առնելով, որ հարցը վերաբերում է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանությանը և այն, որ չպետք է թույլ տալ փաստերի աղավաղված ներկայացում միջազգային կառույցներին՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում մանրամասն անդրադանալ նշված հայտարարություններին:

1. Թե՛ նոյեմբերի 9-ի հայտարարությունից առաջ, թե՛ դրանից հետո ու ներկայում էլ առկա է ընթացող (շարունակվող) զինված հակամարտություն (ongoing armed conflict):
Այս եզրահանգումն ուղղակիորեն բխում է միջազգային մարդասիրական իրավունքից և նշանակում է, որ Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են, պաշտպանված են միջազգային իրավունքով և պետք է անհապաղ ազատ արձակվեն ու անվտանգ վերադարձվեն:

2. Գերիների ազատ արձակումն ու վերադարձը պարտադիր կատարման ենթակա միջազգային պահանջ է, այլ ոչ թե ադրբեջանական իշխանությունների «բարի կամքը» կամ նրանց «լավությունը»:
Այս պահանջը միջազգային իրավունքում գործում է՝ անկախ կոնկրետ հակամարտությունների վերաբերող փաստաթղթերում ամրագրված լինելուց ու պետք է կատարվի առանց նախապայմանների:
 
3. Ադրբեջանի իշխանությունների վարքագիծն ու հայտարարությունները վկայում են առնվազն հետևյալի մասին.

1) նրանք արհեստական են ձգձգում հայկական կողմի գերիների ազատ արձակումն ու վերադարձը,

2) չարաշահում են իրավական ընթացակարգերը և նենգափոխում միջազգային իրավունքի պահանջները՝ գերիների նկատմամբ հարուցելով քրեական հետապնդումներ ու ազատությունից զրկելն օգտագործում՝ որպես պատիժ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում կոնկրետ օրինակներով ապացուցված է, որ այս պրակտիկան կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները,

3) օգտագործում են հարցը քաղաքական նպատակների համար: Խոսքն, օրինակ, վերաբերում է անկախ լրատվամիջոցների հրապարակումներին այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները գերիների վերադարձի հարցն օգտագործում են Արցախում տարածքների փոխանակման, սակարկությունների ու քաղաքական այլ նպատակների համար:

4) շահարկում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ գերիների վերադարձին առնչվող 8-րդ կետը և այն կապում հայտարարության այլ կետերի հետ՝ ակնհայտորեն օգտվելով առիթից, որ դրանում նշված չէ այդ պարտավորության կատարման ժամկետ:

5) դիտավորությամբ շարունակաբար հոգեկան տառապանք են պատճառում գերիների ու անհայտ կորածների ընտանիքներին, ինչպես նաև խաղում են հայաստանյան ու արցախյան հասարակության զգացմունքների հետ,

6) իրենց պահվածքով հանրային լարվածություն են ստեղծում Հայաստանում ու Արցախում,
 
7) մարդու իրավունքների պահանջների կոպիտ խախտմամբ չեն հրապարակում Ադրբեջանում առանց որևէ օրինական հիմքի պահվող հայկական կողմի գերիների իրական թիվը:

4. Հետևաբար, ադրբեջանական զինված ուժերի գերեվարած հայ զինծառայողներից ու քաղաքացիական անձանցից որևէ մեկին «ահաբեկիչ» կոչելը միջազգային մարդասիրական իրավունքի ու, առհասարակ, մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ է:
Այս պնդումը հատկապես բխում է 1949 թվականի Ժնևի երրորդ կոնվենցիայի պահանջներից:

5. Ադրբեջանի նախագահի ու արտաքին գործերի նախարարի հայտարարություները գերիների վերաբերյալ ուղղակիորեն հակասում են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի մտադրություններին ու այդ հայտարարության կիրառության պրակտիկային:
Մասնավորապես, այդ հայտարարության 8-րդ կետի պահանջի հիման վրա Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ Ադրբեջանին է փոխանցել Արցախում հանցանքներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների սպանություն կատարած և դատապարտված երկու անձի: Ադրբեջանը նույն սկզբունքով Հայաստանին է փոխանցել այդ երկրում ֆորմալ դատապարտված հայերի:
Ավելին, տեղի է ունեցել նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված անձանց վերադարձ նույնպես:

6. Հետևաբար, նշված հայտարարությունը պետք է կիրառվի ինչպես նոյեմբերի 9-ից առաջ, այնպես էլ դրանից հետո բոլոր իրավիճակների նկատմամբ. այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված՝ առկա է մարդու իրավունքների պաշտպանության ու մարդասիրական գործընթացի օբյեկտիվ անհրաժեշտություն:
Սկզբունքային առումով է անթույլատրելի է գերիների հարցը սոսկ եռակողմ հայտարարության ամսաթվով պայմանավորելը:
Եվս մեկ անգամ հստակ շեշտում ենք, որ, անկախ գերեվարվելու ամսաթվից, Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք գերիներ են իրենց կարգավիճակով:
Նման մեխանիկական մոտեցումն անթույլատրելի է:

7. Վերը շարադրվածից բացի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած հավաստի ապացույցները հաստատում են, որ գերեվարված անձանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաև մինչև թվով 44 գերիների մեկ խմբով վերադարձին և ներառում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից առաջ՝ պատերազմական գործողությունների փուլում գերեվարված անձանց:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է բազմաթիվ դեպքեր, երբ չնայած տեսանյութերով ու այլ ապացույցներով հաստատվող դեպքերին՝ ադրբեջանական իշխանության մարմինները մերժում են անձանց գտնվելու փաստն իրենց մոտ կամ ձգձգում են հաստատման գործընթացը:

8. Գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում պետական աջակցությամբ հայատյացության քաղաքականության համատեքստում, ինչը բազմիցս հաստատվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի՝ օբյեկտիվ ապացույցների հիման վրա հրապարակած զեկույցներով:
Այս փաստը հաստատված է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներով:

9. Ուստի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հրավիրում է միջազգային հանրության ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների ուշադրությունն Ադրբեջանի իշխանությունների, տվյալ դեպքում՝ Արտաքին գործերի նախարարի հայտարարության վրա:

Անհրաժեշտ է ապահովել մարդասիրական և մարդու իրավունքների միջազգային պահանջների բացարձակ գործողությունն ու հայկական կողմի գերիների անհապաղ ազատ արձակումն ու վերադարձը առանց որևէ նախապայմանի»:
 
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ադրբեջան, Արման Թաթոյան, գերիներ.ռազմագերիներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon