Ապրիլյան պատերազմ. Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացնում էր
2016 թվականի ապրիլի 2-ին լայնամասշտաբ ռազմական գործողություններ տեղի ունեցան Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, որը տեևել է 4 օր և անվանվել Ապրիլյան քառօրյա պատերազմ:
Ըստ ՀՀ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի, հայկական կողմը կորցրել է 800 հա տարածք, ներառյալ 2 մարտական բարձրունք։ Հայկական պաշտոնական տվյալներով հայկական կողմն ունեցել է 93 զոհ և զգալի զինտեխնիկայի կորուստ:
Ըստ որոշ հրապարակումների, հայկական կողմից զոհվել կամ սպանվել է ավելի քան 100 մարդ:
Ղարաբաղին սպառնացող վտանգավոր զարգացումների վերաբերյալ Տեր-Պետրոսյանը հանդես է եկել նույնիսկ ապրիլյան պատերազմից շուրջ կես տարի առաջ՝ 2015 թվականի նոյեմբերի 26-ին հրապարակված «Սահմանադրական հանրաքվեն՝ անկանխատեսելի հետևանքներով հղի արկածախնդրություն» հոդվածում:
Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն այնքան էր անհանգստացած իրադարձությունների նման զարգացումից, որ չբավարարվելով այս հրապարակմամբ՝ երկու օր անց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին է ուղարկել հետևյալ նամակը.
«28.11.2015թ. Գագիկ Հարությունյանին. Գագիկ, վստահ եմ, որ ուշադիր ընթերցել ես նոյեմբերի 26-ի իմ հոդվածը, այդ պատճառով չեմ ուզում կրկնել նրանում արտահայտած մտահոգություններս։ Հուսով եմ, չես կասկածում, որ դրանք անկեղծ են և որևէ քաղաքական շահ չեն հետապնդում։ Այնուամենայնիվ, հարկ եմ համարում քեզ տեղեկացնել, որ խուճապ չառաջացնելու ու Ռուսաստանի հանդեպ բացասական տրամադրությունների տեղիք չտալու նկատառումներով, իրավիճակի պարունակած որոշ այլ վտանգների մասին լռել եմ։ Դրանցից ես կառանձնացնեի հետևյալ երեքը․
1․ Միջազգային լարվածության խորացման և Մերձավոր Արևելքում իրավիճակի թեժացման պարագայում Ռուսաստանն ստիպված է լինելու ուժեղացնել Հայաստանում տեղակայված իր ռազմական հենակետը և այստեղից ևս մասնակցել Սիրիայում և Իրաքում ընթացող պատերազմական գործողություններին։
2․ Դա նշանակում է, որ հակառուսական ուժերի կողմից Հայաստանն ու նրա արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունները դիտվելու են թշնամական տարածք, դառնալով իսլամական տեռորիզմի թիրախներից մեկը։
3. Ռուսաստանը ձգտելու է իր ռազմական ներկայությունն ապահովել նաև Ադրբեջանում, ինչը, 1920-21թթ․ նման, հնարավոր է միայն Ղարաբաղի հարցը վերջինիս համար նպաստավոր պայմաններով լուծելու դեպքում։
Ինչպես նշել էի իմ հոդվածում, ամենևին չեմ կասկածում, որ Սերժը հստակ գիտակցում է այս վտանգները։ Ավելին, ամեն ինչ ինձնից էլ լավ է պատկերացնում, քանի որ պաշտոնի բերումով շատ ավելի տեղեկացված է, քան ես։ Ինչ վերաբերում է նրա շրջապատին, ապա քեզնից բացի այլ մարդ չեմ տեսնում, ով կարող է նրա հետ լրջորեն խորհրդակցել այս հարցերի շուրջ։ Ուստի, խնդրում եմ, նրա ուշադրությունը հրավիրել հանրաքվեի հետաձգման (շեշտեմ՝ հետաձգման, այլ ոչ թե չեղյալ հայտարարելու) նպատակահարմարության վրա, որն իմ կարծիքով հեշտությամբ հիմնավորելի ու հրաշալի ելք է ներքաղաքական լարվածության ստեղծված անպատեհ իրավիճակից։ Համոզված եմ, որ այդ քայլը կդիտվի ոչ թե որպես իշխանության թուլության, այլ հակառակը, ողջախոհության արտահայտություն։ Համենայն դեպս, իմ կողմից կանեմ ամեն ինչ, որ դա այլ կերպ չգնահատվի։
Լևոն Տեր-Պետրոսյան
Հ․Գ․ Նամակս կարող ես ցույց տալ Սերժին»:
Մի քանի օր անց ստացվել է Գագիկ Հարությունյանի պատասխան նամակը.
«Լևոն բարև, ես խոսեցի։ Սերժը ծանոթացավ նաև նամակին։ Մտահոգություններդ հիմքեր ունեն։ Սակայն հանրաքվեի հետաձգումն իրավական առումով այլևս անհնարին է։
Ներքին լարվածության վտանգավոր զարգացումները երկու պատճառ ունեն։ Նախ՝ քաղաքական ու տարբեր ներազդեցություններով պայմանավորված, երկրորդ՝ հնարավոր օբյեկտիվ ընդվզում՝ հանրաքվեի ժամանակ լուրջ ու կազմակերպված անօրինականությունների պատճառով։
Նախագահը նույնպես գտնում է, որ երկու հանգամանքն էլ պետք է բացառել ու կարևորում է նաև քո դերակատարությունը (առաջին հանգամանքի առումով)։ Կարևորում է նաև, որ չպետք է հանրաքվեն անցկացվի «ամեն գնով» տարբերակով և գործնականում պետք է հասնել դրա բացառմանը։ Իմ ներկայությամբ է դա բարձրաձայնվել։ Սա է իր հստակ մոտեցումը։
Գագիկ Հարությունյան, 01․12․2015թ»:


