Ելցին. «Ես նրան առաջարկեցի օգնություն ուղարկել՝ կոնկրետ հարցերի համար, սակայն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց».1998թ. (տեսանյութ)
1998 թվականի փետրվարի 3-ին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարականի որոշում ընդունեց՝ «բացառապես քաղաքացիական պատերազմից խուսափելու համար: Վազգեն Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը պատրաստ էին նման պատերազմի»։
«Իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ։ Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում Նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը և հայտարարում իմ հրաժարականը», նշել էր Լևոն Տեր-Պետրոսյանը:
Ներկայացնում ենք Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի արձագանքը Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին. փետրվար, 1998թ.
«...Մենք, վերջին ամսվա ընթացքում, շատ ուշադիր էինք հետևում ընթացքին: Հեռախոսով էնք մի քանի անգամ զրուցել, ուղերձներ եմ հղել, միջնորդ եմ ուղարկել, որպեսզի ինչ-որ կերպ օգնեմ նրան:
Ես նրան առաջարկեցի ավելի մեծ օգնություն ուղարկել՝ կոնկրետ հարցերի համար», սակայն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց:
...«Ինձ դուր էր գալիս նրա հետ աշխատել:Երբ հարցեր էին առաջանում` շատ հանգիստ լուծում էինք, օգնում էինք իրար, փոխհամագործակցում էինք ԱՊՀ-ում... Ցանկացած հարցի շուրջ նրա հետ կարելի էր համաձայնության գալ: Ես ափսոսում եմ, որ նա հրաժարական տվեց: Ես իհարկե արեցի ինչ կարող էի, ես նույնիսկ ամսի 4-ի համար նրա հետ հանդիպում էի պլանավորել, բայց նա մեկ օր շուտ հրաժարական տվեց: Այսինքն` նա հաշվարկել էր...Ափսոսում եմ...»
Նշենք՝ Հայաստանի ներկա իշխանությունը 2026 թվականի ընտրություններին ընդառաջ օգնություն է խնդրել ԵՄ-ից: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, թե ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ նախաճաշի ընթացքում քննարկելու են Հայաստանում տեղի ունենալիք ընտրությունները և այն, թե ինչով իրենք կարող են օգնել այդ հարցում։ Նա հիշեցրել է նաև, որ Հայաստանը գրանտի տեսքով աջակցություն է ստացել՝ «արտաքին վնասակար ազդեցությունների դեմ» պայքարի համար։
«Սա աննախադեպ խայտառակություն է, եթե ոչ պետական դավաճանություն: Փաշինյանը ներքաղաքական պայքարում հաղթելու համար մեր վրա «տղա է կանչում» Եվրոպական Միությանը, կեղծ մեղադրանքներ ներկայացնում ամբողջ ընդդիմության դեմ և ակնկալում «կանաչ լույս» կամ քարթ-բլանշ ընտրությունների արդյունքները կեղծելու ծրագրի իրականացման համար», արձագանքել է Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը:
Իսկ երեկ՝ մայիսի 28-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է իր «լիակատար աջակցությունը» հայտնել Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններում, ինչին ի պատասխան Լևոն Զուրաբյանը նշել է.
«Նիկոլ Փաշինյանին աջակցելու իր կոչով Թրամփը չի էլ թաքցնում, որ անում է դա բացառապես մի նպատակով. այն է, որ «մեր հրաշալի Ամերիկյան Նավթային Ընկերությունները ստանան հասանելիություն Կենտրոնական Ասիայից ընդհուպ մինչև Միացյալ Նահանգները»:
Այսինքն` ժողովրդավարության սկզբունքների բացահայտ խախտումը, ժողովրդի ազատ կամարտահայտությանը արտաքին կոպիտ միջամտությունը և հայ ժողովրդի վզին օտարի խամաճիկին պարտադրելն ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԲԱՑԱՀԱՅՏ արդարացվում է բացառապես ամերիկյան աշխարհաքաղաքական շահերի և նավթային հսկայական շահույթի ձեռքբերման նպատակով:
Նիկոլ Փաշինյանը փաստորեն գնացել է գործարքի. նա կառուցում է ԹՐԻՓՓ-ը, ներքաշելով Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի ու Իրանի միջև աշխարհաքաղաքական հակամարտության մեջ, որում մենք կարող ենք բառիս բուն իմաստով ՈՏՆԱՏԱԿ ընկնել, փոխարենը ստանալով Արևմուտքի հակադեմոկրատական աջակցությունը Հայաստանում կառավարող հակաժողովրդական անիրավ ռեժիմին:
Ինչպես միշտ նման վիճակներում, Հայաստանը ստանալու է միայն ավեր ու կորուստ, ստանալու է բռնապետություն, լավագույն դեպքում դառնալով համաշխարհային տնտեսության հումքային կցորդ, որի տերն ու տիրակալը լինելու է Ադրբեջանը` մեր ազգային ինքնության համար իր բոլոր հետևանքներով:
Բայց կա և այլ ճանապարհ՝ Հայաստանի Խելամիտ Ուղին, որը մերժում է որևէ ճամբարի՝ այդ թվում Ռուսաստանի կցորդ դառնալը և Հայաստանը դիտարկում է որպես ինքնիշխան անկախ երկիր: Մեր խաղաղության և զարգացման բանաձևը՝ ԹՐԻՓՓ+ԲՐԻԿՍ գերտերությունների շահերի ներդաշնակեցման ծրագիրն է, որը կայուն և հարատև խաղաղություն ու զարգացում կբերի մեր երկրին»:


