Բաշ-Ապարանի հերոսամարտ. Հայաստանի Առաջին հանրապետություն
1918 - Բաշ-Ապարանի հերոսամարտի հաղթանակի օրը:
Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի (մայիսի 21–29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի 24–28) ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը:
Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվել է հայկական պետականությունը. 1918 թ-ի մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը:
Թուրքական հրամանատարությունը Բաշ Ապարան (այժմ՝ ք. Ապարան) ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձել է հյուսիսից արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը և նրան կտրել Երևանից:
Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ շտապ ուժեր (6 հզ. մարդ) է տեղափոխել Բաշ Ապարան:
Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ (այժմ՝ Քուչակ)՝ դեպի Բաշ Ապարան արշավող թուրքերին դիմակայելու համար:
Մայիսի 29-ին Բաշ Ապարանում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ և ոչնչացվել ծանր հրետանին: Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված և մեծաքանակ ռազմավար, հետ է մղվել Բաշ Ապարանից արևմուտք:
Ճակատամարտում հայկական զորամասերին մեծ աջակցություն են ցույց տվել նաև եզդի աշխարհազորայինները (1500 հեծյալ)՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ: Բաշ Ապարանի ճակատամարտով կասեցվել է թուրքական զորքերի արշավանքը Երևան և Արարատյան դաշտ:
Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը
1918թ. մայիսի 28-ին՝ Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության (ԱԺԴՀ) փլուզումից հետո, Արևելյան Հայաստանի տարածքում հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը:
Անկախության հռչակման պահին տարածքների զգալի մասը բռնազավթել էին թուրքական զորքերը, որոնք արդեն գտնվում էին Էրիվանի մոտ: Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում հայկական զորքերի տարած հաղթանակները կասեցրեցին թուրքերի առաջխաղացումը և վերացրեցին հայ ժողովրդի գլխին կախված ֆիզիկական ոչնչացման վտանգը:
Ստեղծված պայմաններում Հայաստանն ստիպված էր 1918թ. հունիսի 4-ին ստորագրել Խաղաղության և բարեկամության պայմանագիր օսմանյան կայսրության կառավարության հետ: Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունն այն տարածքների սահմանում, որոնք այդ ժամանակ վերահսկում էր Հայաստանի Հանրապետությունը:
Հոկտեմբերի 30-ին Մեծ Բրիտանիան և Թուրքիան ստորագրեցին Մուդրուսի հաշտությունը Թուրքիայի կապիտուլյացիայի մասին: Այն ենթադրում էր թուրքական զորքերի դուրսբերումն Անդրկովկասից:
1918թ. նոյեմբերին Թուրքիան Հայաստանին տեղեկացրեց այն մասին, որ իր զորքերը լքում են սահմանից դուրս տարածքները, որոնք նշված էին 1918թ. Բրեստի հաշտությամբ: Նոյեմբերին հայկական զորքերը մտան Ղարաքիլիսա, դեկտեմբերի սկզբին` Ալեքսանդրապոլ (Գյումրի):
1919թ. ապրիլ-մայիսին Հայաստանի կառավարությունը հսկողություն սահմանեց Կարսի, Օլթիի, Կաղզվանի վրա: Հայաստանի Հանրապետության կառավարությունն աջակցություն ցուցաբերեց Ղարաբաղի և Զանգեզուրի հայ բնակչությանը, որը ձգտում էր անկախանալ Ադրբեջանից:
1920թ. ապրիլի 28-ին, սակայն, Ադրբեջանում հաստատվեց խորհրդային իշխանություն, 11-րդ Կարմիր բանակը, որը մտել էր Ադրբեջան, գրավեց Ղարաբաը, Նախիջևանը, Զանգեզուրը:
Հունիսի կեսերին ճնշվեց հայկական ջոկատների դիմադրությունը Ղարաբաղում:
Հուլիսի 28-ին հռչակվեց Նախիջևանի Խորհրդային Հանրապետությունը:
Օգոստոսի 10-ին Թբիլիսիում Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը հաշտության համաձայնագիր ստորագրեցին, որի համաձայն՝ Ղարաբաղը, Նախիջևանը և Զանգեզուրը մնացին Կարմիր բանակի հսկողության տակ:
Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատևեց երկուսուկես տարի: 1920թ.-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ պայմանագիր ստորագրեց բոլշևիկների հետ: Ստեղծվեց Հայկական ԽՍՀ-ն, որը գոյատևեց մինչև ԽՍՀՄ փլուզումը` 1991թ:
«...Ցավոք, քաղաքական մտքի տկարությունը, առավելապաշտությունը, քաղաքական իրատեսության բացակայությունը թույլ չտվեցին ամբողջությամբ իրացնել հայկական պետականության կայացման եւ ամրապնդման պատմականորեն տրված շանսերը։ Թեեւ հետին թվով, սակայն Առաջին հանրապետության հայրերը արձանագրեցին ճակատագրական այն սխալները, որոնք պատճառ դարձան Հայաստանի անկախության եւ տարածքների կեսի կորստյան։
Բոլոր դեպքերում, Առաջին հանրապետությունը դարձավ այն հիմքը, որի վրա ստեղծվեց Խորհրդային Հայաստանը, իսկ վերջինիս հիմքի վրա՝ Հայաստանի Երրորդ հանրապետությունը որպես անկախ պետություն։
Առաջին հանրապետության կարճատեւ պատմությունը լավագույն դաս ծառայեց Ղարաբաղյան շարժման եւ 1990-ականների իշխանության համար՝ չկրկնելու նույն սխալները, հետեւելու իրատեսական քաղաքականության հանրահայտ սկզբունքներին։ Դրա շնորհիվ նվաճվեց Հայաստանի անկախությունը, ձեռք բերվեցին հաղթանակներ, փրկվեց Արցախը, ստեղծվեցին նրա անվտանգության մեխանիզմները։
Վերջին տարիների քաղաքական խոտոր, արկածախնդրական ընթացքը Հայաստանը 100 տարի անց կանգնեցրել է նույնպիսի համազգային աղետի, ուստիեւ՝ Առաջին հանրապետության դասերը վերհիշելու նույն խնդրի առջեւ...»։
Հատված Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունից. 2021թ.


