Արմեն Խաչատրյան. Փաշինյանը տեղյակ է, որ 40 դատավոր աջակցել է սահմանադրական կարգի տապալմանը

Քաղաքական 18.08.2020   10:00   3006

Factor.am-ի հարցազրույցը ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի հետ 

-Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է՝ Վճռաբեկ դատարանի նախագահը։ Նա համապատասխանո՞ւմ է «Նոր Հայաստանի» արժեքներին։

-Անկեղծ պետք է լինեմ, որևէ բան չի կարող ինձ լռեցնել՝ Երվանդ Խունդկարյանը ինձ համար հայկական կոռուպցիոն արդարադատության հավաքական կերպարն է։ Մենք հիշում ենք Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2013 թվականի աղմկահարույց զեկույցը, որտեղ եղած փաստերը չեն հերքվել։ Հիմա հարց է հնչում՝ որտեղի՞ց գտնենք այնպիսի դատավոր, որը կոռուպցիայի հետ չի առնչվել։ Ես կարծում եմ, որ կան այդպիսի դատավորներ, ես վստահ եմ, որ կարող է այդպիսի ընտրություն լինել։ Այստեղ սկսվում է հավի ու ձվի պատմությունը՝ դատական համակարգը ամբողջական բարեփոխումների ենթարկենք մինչև․․․ բայց մյուս կողմից գիտենք, որ այդ դատական համակարգը ի՞նչ դատավորներից է կազմված և ովքեր են ընտրել այդ թեկնածուին, մնացածը արդեն ԱԺ-ի տիրույթում է։

-ՄԻԵԴ-ը ճանաչել է Մարտի 1-ի գործով նախկինում դատապարտված տասնյակից ավելի անձանց իրավունքների խախտումները հայաստանյան դատարանների կողմից։ Ըստ էության, որևէ վարույթ այդ դատավորների նկատմամբ ՄԻԵԴ որոշումների հիմքով չի գնում նույն Արդարադատության նախարարության կողմից, այսինքն՝ չկա հետահայաց գործընթաց փաստերի հիման վրա։ Սա ինչո՞վ բացատրել։

 - Ես կարծում եմ այդ գործով պետք է գնահատական չտրվի առանձին-առանձին։ Սա շատ մեծ կոնտեքստ է։ Որևէ դատավոր չի ունեցել անձնական որևէ շահագրգռվածություն այդ անձանց դատապարտելու, որևէ քննիչ անձնական շահագրգռվածություն չի ունեցել ապօրինի և շինծու մեղադրանքներ առաջադրելու, ու որևէ դատախազ էլի անձնական շահագրգռություն չի ունեցել դատարանում մեղադրելու անձանց։ Գուցե այս մարդիկ հենց իրենք են հանցագործության զոհեր, բայց իրենք պետք է խոսեն այդ մասին։ Աշխարհում ընդունված լավ ինստիտուտ կա՝ մեղք կատարողի կողմից հանցանքը ընդունելու ինստիտուտը, երբ դու խոստովանում ես փոքր հանցանքը՝ ավելի մեծ հանցագործության բացահայտման համար։ Սա ընդունված պրակտիկա է։

 -Ըստ Ձեզ՝ Նիկոլ Փաշինյանը կամ Ռուստամ Բադասյանը չգիտե՞ն դատավորների կողմից խախտումներով որոշումներ կայացնելու, դրանք՝ ՄԻԵԴ-ի կողմից փաստված լինելու մասին։ Նրանք խոստանում էին խորքային վեթինգ անել, բայց այդ պրոցեսը քնեցվեց։ Ո՞րն է Ձեր գնահատականը։

 - Ռուստամ Բադասյանի մասով որևէ բան չեմ կարող ասել՝ գիտի, թե չգիտի։ Բայց ես վստահ եմ, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով ծանր հանցագործության համար անազատության դատապարտված և ազատազրկում կրած Նիկոլ Փաշինյանը միանշանակ տեղյակ է այդ պատմությունից։ Մեր քննադատությունը, որ «հայկական Նյուրենբերգի» մասով դանդաղում ենք, հապաղում ենք, անգործության ենք մատնված, ուղղված է նաև գործադիր իշխանությանը։ Փաստերն անհերքելի ու անուրանելի են, որոնց տիրապետում են թե՛ պետական իշխանության մարմինները, թե՛ իրավապաշտպան կաույցները։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրի տեսանյութում

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՍԴ, Արմեն Խաչատրյան, Երվանդ Խունդկարյան, Նիկոլ Փաշինյան, ՀԱԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon