Արտակ Հարությունյան. «Վերադառնանք Տեր-Պետրոսյանի՝ 1993 թվականի Արցախ այցելությանը»

Խոսք 04.08.2021   11:30   2496

Այսպիսով, վերադառնանք Տեր-Պետրոսյանի՝ 1993 թվականի Արցախ այցելությանը։

Անհայտ աղբյուրները հրապարակեցին գաղտնի տեսանյութեր։ Իրականում այս տեսանյութերում, ըստ էության, չկա որևէ բան, որը չգիտեին քաղաքական պրոցեսներին ակտիվ հետևողներն ու ուսումնասիրողները։ Մանր դետալները չհաշված։

Լրագրող Գեղամ Բաղդասարյանը, ով ներկա է եղել հանդիպմանը, դեռ 2009 թ.-ին հրապարակել էր այս հանդիպման սղագրությունը, որում առկա էր ոչ միայն Տեր-Պետրոսյանի ելույթը (ոչ ամբողջական), այլև նրա հեռանալուց ու Արցախի ղեկավարությունը քննարկման հնարավորություն տալուց հետո քննարկման սղագրությունը։ 

Քննարկման ժամանակ Ռոբերտ Քոչարյանի արտահայտություններից մեկն է. «В принципе, Լևոնը գոռոզ է (ես նրան մի քանի տարի ճանաչում եմ), բայց հիմա մեզ խնդրում է: Ուրեմն` վտանգ կա, չէ՞»։
Գոռո՞զ է Տեր-Պետրոսյանը։ Իմ համոզմամբ բացարձակ պետականամետ է, որը նման պայթյունավտանգ իրավիճակներում միշտ իր անձը, սեփական պատիվն ու ամբիցիաները, անձնական հարաբերություններն ու վերաբերմունքը ստորադասել է պետական շահին։ Մինչ էս դրվագին անդրադառնալը կարող եմ հիշեցնել.

  • Բուրժուադեմոկրատական հեղափոխության փորձի ժամանակ Ծառուկյան Գագիկի հետ համագործակցելը, վերջինիս ռաբիս դղյակում նրա հետ հանդիպելը, նույն հարթակից անհվասար ելույթներ ունենալը,
  • Իշխանափոխությունից հետո Նիկոլին՝ վերջինիս տարածքում հանդիպելը, օգտակար լինել փորձելը, որից հետո վերջինս պետք ա մեծամտաբար ասեր «Տեր-Պետրոսյանն ինձ էնպիսի բան չի ասել, որ ես չգիտեի»,
  • Վերջին ընտրություններում Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպում կազմակերպելը, որում պետք է առաջարկեր ուժերը միացնել, իսկ իրենց մասով քաղաքականությունից հեռանալու հայտարարություն անել, էսպիսով նոր էջ բացելով Հայաստանի քաղաքական դաշտում՝ զրոյացնելով կամ կտրուկ նվազեցնելով նախկին 4 ղեկավարների դերակատարումը, ստանալ մերժում ու արժանանալ նաև որոշ համակիրների սպասելի սուր քննադատությանը,
  • Հոկտեմբերի 27-ից հետո գնահատելով երկրի պայթյունավտանգ իրավիճակը հանդես գալ հայտարարությամբ, որը միանշանակ չէր ընդունվելու, բայց նպաստելու էր նոր պայթյունի կանխմանը,
  • էսպես շարունակ։

Ու չէ, Նախագահ Տեր-Պետրոսյանը գոռոզ չէր։ 1993 թ.-ին լրջագույն աղետի վտանգ էր, որը կանխելու համար Լևոնը պատրաստ էր սեփական հեղինակությունը նորից անտեսել։

Բազմաթիվ են ինֆորմացիաները, որոնք լսելով «մութ ու ցուրտ տարիներ» տերմինը հնարողները, շրջանառողները, ասողները պետք է ամոթից գլուխը կախեն։ Այս տեսագրությունները այդ ինֆորմացիաներից միայն մեկն է։

Պատերազմում հաղթելու համար պետական ապարատը՝ նախագահ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ահռելի աշխատանք էին անում շաբաթը 8 օր, օրը 30 ժամ ռեժիմով։ Սիրուն է պատկերացնել, որ մեր ազատամարտիկները, մեր հերոս տղերքը ազատագրում էին Արցախը, Լևոնն էլ խանգարում։ Ու բացարձակ չնվազեցնելով բանակի ու կռվողների դերը, ի՞նչ արդյունք կտար նրանց կռիվը, եթե կողքից.

  • չապահովվեր արտաքին աշխարհի եթե ոչ բարենպաստ, ապա առնվազն չեզոք վերաբերմունքը,
  • չմատակարարվեր զենքն ու զինամթերքը,
  • չլուծվեր վիրավորների բուժման հարցը,
  • երկրում սպառվեր սննդի պաշարը,
  • հնարավորինս չկանխվեր արտագաղթի բնական, հսկայական ալիքը,
  • տնտեսությունը չկարողանար դիմագրավել էս բոլոր մարտահրավերներին,
  • չստացվեր լուծել փախստականների հիմնական խնդիրները,
  • էսպես շարունակ։

Ու սա երկրի շրջափակման պայմաններում։ Երբ ամեն մի փոխադրում տեղ հասցնելը խնդիր է՝ ճանապարհային, դիվանգիտական, ֆինանսական և այլն։

Ու էս պայթյունավտանգ, սուր իրավիճակում, Արցախի իշխանությունը հանկարծ որոշում է, որ կարող է լրիվ ինքնուրույն լինել, թռնել իր երաշխավորի՝ Հայաստանի ու Հայաստանի իշխանության վրայով (ես Արցախն ու Հայաստանը չեմ առանձնացնում, դա Արցախի ղեկավարությունն էր արել)։ Առանց լուրջ հաշվարկի, իրերի դրությունը հասկանալու փորձում են սեփական խաղը խաղալ, երևի թե մտածելով, որ կարող են ինքնուրույն խոսել Ռուսաստանի հետ ու նետվել նրա գիրկը (ու էստեղ էլի սա ոչ թե իմ, այլ Արցախի էդ ժամանակվա ղեկավարության ցանկությունն ու մտադրությունն էր)։ 

Առանց հասկանալու, որ նման առճակատման գնալով աղետի բերան են տանելու հայկական երկիրը՝ Հայաստանն ու Արցախը։

Իրավիճակն էնքան են սրում, որ կասկածի տակ է դրվում Հայաստան, հետևաբար նաև Արցախ զենք-զինամթերքի, սնունդի մատակարարումը, դա էն դեպքում, որ պաշարները բնական պատճառներով սպառման վրա են։ Բերում են էն վիճակին, որ Նախագահ Տեր-Պետրոսյանը ստիպված է լինում, իր տերմինով ասած, գնալ ստորացման, Քոչարյանի բառերով ասած՝ «մի կողմ դնել գոռոզությունը», իմ խոսքերով՝ սեփական անձը դնել մեր երկու պետությունները փրկելու համար։ 

Պատկերացրեք, Արցախի ազատգրման համար այդքան ջանք՝ արդյունավետ ջանք գործադրածը ստիպված է լինում ասել.

  • բանավոր խոսքիս չեք հավատում, գրավոր պայմանագիր կնքենք,
  • վախենում եք պայմանագիր կնքելուց հետո էլ ուրիշ բան անեմ, ինձ էստեղ «պատանդ» պահեք, որ վստահ լինեք, որ պրոցեսները գնում են իմ ասածի պես։

Ի վերջո Նախագահին հաջողվում է Արցախի արկածախնդիր իշխանությանը բերել բանական դաշտ։ Դրանից տարիներ հետո հանդիպման ներկաներից ոմանք, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը պետք է ստեն, թե իբր խաբել են Տեր-Պետրոսյանին։ Սուտ։ Նույն Ռոբերտը, սղագրությունից ենք իմանում, հասկանում է վտանգը ու քննարկման ժամանակ ջատագովներից է լինում կատարել Տեր-Պետրոսյանի ասածը։ Իհարկե քննարկման ընթացքում խաբելու կողմնակից էլ կար, օրինակ Սամվել Բաբայանը. «Հայաստանը խնդրում է, որ մենք “այո” ասենք: Եկեք ասենք, բայց պահեստային տարբերակ թողնենք: Պետք լինի` նրանց էլ կխաբենք»։ 

Սակայն իրականությունն այն է, որ այդ հանդիպումից հետո շարունակվեց Արցախի ազատագրումը, որը երբեք չէր կարող լինել առանց Հայաստանի ու Հայաստանի իշխանթյան գիտության ու գործուն աջակցության։ Առանց Տեր-Պետրոսյանի կամքի երբեք չէր ազատագրվի Արցախը, երբեք չէր ապահովվի զենքը, զինամթերքը, պարենը, սնունդը, բուժօգնությունը, դիվանգիտակամ ֆոնը, այլ բաներ։ Ու սա չստորադասելով մյուս քաղաքական դերակատարներին, կռվող տղերքին, ազատամարտիկներին, Արցախի ու հայաստանի անկոտրում բնակչությանը, որոնք բոլոր զրկանքներն ու դժվարությունները պատվով տարան։

Պարզապես հնարավոր եղավ Արցախի իշխանությանն այդ պահին բերել ռացիոնալ դաշտ, ապահովել, որ չանեն սպոնտան, չմտածված ու չհաշված տաքգլուխ, արկածախնդիր քայլեր, մեր դեմ չտրամադրել արտաքին աշխարհին, մասնավորապես Ռուսաստանին, պրոցեսը հասցնել այն հանգրվանին, որ հնարավոր լիներ դե ֆակտո ազատագրված Արցախի դե յուրե կարգավիճակի շուրջ փոխզիջումային բանակցություն վարել, որը ձախողվեց, ցավոք, այս նույն արկածախնդիր, պետությունը չհասկացող մարդկանց ու նրանց նմանների պատճառով, իսկ  հետո էլ, ներկա իշխանության կողմից այդ ողջ ձեռքբերումը նետվեց աղբամանը։ Բայց սա արդեն ուրիշ թեմա ա։

Արտակ Հարությունյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լևոն Տեր-Պետրոսյան, Արտակ Հարությունյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon