Համանախագահները կոչ են անում հանդարտեցնել իրավիճակը, վերադառնալ բանակցություններին

Աշխարհ 30.07.2021   10:00   384

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) մտահոգությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցած վերջին միջադեպերին, մարդկային զոհերի մասին հաղորդումներին:

«Համանախագահները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը, զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները ՝ համաձայն 2020թ նոյեմբերի 9-ի հայտարարության և հրադադարի վերաբերյալ համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունների:

Համանախագահները կրկին հայտարարում են հակամարտության համաձայնեցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտության մասին և կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ վերադառնալ Համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցություններին:

Նրանք վերահաստատում են իրենց հովանու ներքո ուղիղ երկկողմ խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկը, որպեսզի կողմերը կարողանան համատեղ քննարկել եւ համաձայնեցնել իրենց առաջնահերթություններն արտացոլող համակարգված օրակարգը ՝ առանց նախապայմանների։

Համանախագահները վերահաստատում են իրենց վճռական աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական ջանքերին»:

Նշենք, որ Մոսկվան փոխել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահին։ Այսուհետ համանախագահությունը Իգոր Պոպովի փոխարեն կստանձնի 59- ամյա դիվանագետ Իգոր Խովաևը

Խովաևը նախկինում ՌԴ դեսպան է աշխատել Ֆիլիպիններում։ 1988-ից 2004 թվականներին նա աշխատել է տարբեր պաշտոններում Ռուսաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատում և արտասահմանում: 2004-2005թթ. եղել է ՌԴ ԱԳՆ արտաքին քաղաքականության պլանավորման դեպարտամենտի հայրենակիցների հետ աշխատանքի վարչության բաժնի պետ։ 2005-2010թթ. զբաղեցրել է Վիետնամում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ-խորհրդականի պաշտոնը: 2010-2015թթ.եղել է Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի երրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ադրբեջան, ԵԱՀԿ ՄԽ, Իգոր Խովաև, ԼՂ, Արցախ, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon