«ԵՄ-ն պատրաստ է աջակցել կողմերին և ԵԱՀԿ-ին հակամարտության երկարաժամկետ կարգավորման հասնելու հարցում»

Արցախ 18.10.2020   22:32   154

Եվրոպական Միությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հումանիտար զինադադար հաստատելու մասին Հայաստանի և Ադրբեջանի որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է Եվրոպական Միության արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեֆ Բորելի տարածած հայտարարության մեջ:

«ԵՄ-ն ցավում է, որ խախտումները շարունակվում են և հաղորդումներ են ստացվում Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ռազմական գործողությունների շարունակվելու մասին: Դա ավելի շատ տառապանքների է հանգեցնում քաղաքացիական բնակչության շրջանում: Դա խորացնում է հակամարտությունը պետությունների և հասարակությունների միջև՝ ավելի բարդացնելով վերքերի բուժումը: Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն մեծ տառապանքներ է կրել: Ընդհանուր առմամբ հակամարտությունը հանգեցրել է շատ և անընդունելի զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում»,- նշել է Բորելը՝ շեշտելով, որ ԵՄ-ն որոշիչ կերպով դատապարտում է նման հարձակումները:

Նա հավելել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ և փոխանցել, որ զինադադարը պետք է լինի անքննարկելի և խստորեն պահպանվի երկու կողմերից:

«Ես նաև ընդգծել եմ, որ խաղաղ բնակչության դեմ հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն, դրանք որևէ արդարացում չունեն»,- ասված է հայտարարության մեջ:

Նա նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել կողմերին և ԵԱՀԿ-ին հակամարտության երկարաժամկետ կարգավորման հասնելու հարցում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԵՄ, պատերազմ Արցախում, Ժոզեֆ Բորել

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon