«Եթե կա քրգործ, որտեղ քննվում է Սերժ Սարգսյանի մասնակցությունը՝ իշխանությունն անելիք ունի»

Քաղաքական 02.11.2019   12:00   628

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:

– Անցած շաբաթվա իրադարձություններին զուգահեռ՝ քաղաքական անցուդարձում շոշափվում էր նաև ՀԱԿ-ի անունը, ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ էր ՀԱԿ-ի անունն ակտիվորեն շոշափվում ներքաղաքական օրակարգում:

– Ես բնական եմ համարում, որ ՀԱԿ-ի անունն անընդհատ շոշափվելու է՝ հաշվի առնելով այն ազդեցությունը, որ մենք ունեցել ենք, նաև այն հակաքարոզչությունը, որ մեր նկատմամբ տարիներ շարունակ իրագործվել է նախկին իշխանությունների կողմից, և հիմա էլ նրանք ոչ պակաս թափով շարունակում են հակաքարոզչությունը:

– Հիմա ի՞նչն է պատճառը:

– Չեմ կարող ասել, բայց այդ կազմավորմանը շատ պայմանական կարելի է անվանել քաղաքական, նրանք՝ նախկին իշխանությունները, քոչարյանասերժական շրջանակները, բոլորովին այլ դաշտում են մոտիվացիաներ ունեցել՝ ոչ թե քաղաքական, այլ անձնական դաշտում, քրեական հարթության վրա, և բնականաբար, նրանք ամենից շատ խրտնում են այն ուժից, որը մշտապես բարձրաձայնել է, բացահայտել նրանց իսկական էությունը:

– Երևի նկատել եք, որ ձեր նշած ճակատից ձեզ թիրախավորում են հատկապես նրա համար, որ դուք համարվում եք գործող իշխանության աջակիցը:

– Մենք աջակցել ենք անցած տարվա հեղափոխական գործընթացներին, ողջունել ենք, որ Հայաստանում ձևավորվել է լեգիտիմ իշխանություն, որը վայելում է ժողովրդի վստահությունը, պաշտպանել ենք ու հետայսու էլ աջակցելու ենք այնպիսի քայլերը, որոնք կհամապատասխանեն ՀՀ պետական շահերին և մեր որդեգրած մոտեցումներին: Բայց այն հարցերում, որտեղ իշխանությունն ընտրում է մի մոտեցում, որը, ըստ մեզ, օպտիմալը չէ կամ սխալ է, մենք չենք խուսափի բարձրաձայնելուց և քննադատելուց:

– Այդ հակաքարոզչական բլոկում ամենաշատ օգտագործվում է հետևյալ ձևակերպումը՝ «Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է»:

– Կարծում եմ՝ այդ հարցին Լևոն Տեր-Պետրոսյանը սպառիչ պատասխան տվել է: Հասկանում եմ՝ դա կարող է շարունակվել, ինչպես 20 տարի անընդհատ շարունակվել են տարածվել բազմաթիվ ստեր, թեև մենք համբերատարությամբ պարզաբանում էինք, իհարկե՝ գնալով այդ ստերի ազդեցությունը մարում է: Այնքան ստեր էին խոսել՝ ամենապարզ հակագիտական ստերից մինչև հմուտ ձևավորված ստեր, բայց մենք դրանց բոլորին անդրադարձել ենք, այդ բոլոր ստերը հերքվել են: Եվ հիմա իլյուզիա չունենք, որ նրանք երբևէ դադարելու են ստել: ՀԱԿ-ից, որպես սոլիդ քաղաքական ուժից, կա վախ, բայց նախկին իշխանությունների կողմից այս հակաքարոզչությունն արվում է նաև այլ նպատակով՝ փորձ է արվում սեփական հանցանքները թաքցնել և թիրախները շեղել: Բայց մեր հասարակությունը իմաստուն և հասուն է բավարար չափով:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրի տեսանյութում

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լևոն Տեր-Պետրոսյան, Մարտի 1-ի գործ, ՀԱԿ, Արման Մուսինյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon