Եվրախորհրդարանը իր զեկույցում անդրադարձել է ԼՂ հակամարտությունում Թուրքիայի բացասական դերին

Արցախ 19.05.2021   13:33   576

Մայիսի 19-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում Թուրքիայի վերաբերյալ իր զեկույցում վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը: Այս մասին հայտարարություն է տարածել Բելգիայում ՀՀ դեսպանությունը:

Թուրքիային նաև կոչ է արվում զերծ մնալու որևէ հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից և լիարժեքորեն հարգելու հայկական մշակույթը պաշտպանելու իր հանձնառությունները:

Զեկույցում մի քանի անդրադարձ է արվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում
Թուրքիայի բացասական դերին.

  • Դատապարտվում է այն փաստը, որ Թուրքիան ռազմական գործողություններին վերջ դնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ բանակցությունների վերսկսման կոչեր անելու փոխարեն որոշեց անվերապահորեն աջակցել Ադրբեջանի ռազմական գործողություններին, նպաստել դրանց շարունակմանը՝ դրանով իսկ դիմելով հրահրող հռետորաբանության և նպաստելով լարվածության սրմանը, այլ ոչ դրա նվազմանը: 
  • Դատապարտվում է Սիրիայից և այլ վայրերից օտարերկրյա զինյալների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ, ինչպես դա հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից:
  • Եվս մեկ անգամ կոչ է արվում Թուրքիային զերծ մնալու որևէ գործողությունից կամ հռետորաբանությունից, որը կարող էր ավելի սրել լարվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում և աջակցել միջազգային երկխոսությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցային գործընթացին:
  • Խստորեն դատապարտվում է Հյուսիսային Սիրիայում տեղակայված ջիհադիստ խմբերից զինյալների և վարձկանների տեղափոխումը Լիբիա և ԼՂ հակամարտության գոտի:

Բացի այդ՝

  • Կոչ է արվում Թուրքիայի կառավարությանը պաշտպանելու Թուրքիայում ապրող էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող քաղաքացիների և քրիստոնյաների իրավունքները և անհապաղ ընդունելու խտրականությունն արգելող համապարփակ օրենսդրություն:
  • ԵՄ-ին և ԵՄ անդամ երկրներին կոչ է արվում ուսումնասիրելու "Գորշ գայլեր" ծայրահեղական շարժումն ահաբեկչական կազմակերպությունների՝ ԵՄ ցանկում ներառելու հնարավորությունը և արգելելու դրա ճյուղային կառույցների գործունեությունը ԵՄ երկրներում;
  • ուշադրությամբ հետևելու նրանց գործունեությանը և հակազդելու դրանց հնարավոր ազդեցությանը, որը սպառնալիք է հատկապես հայկական, քրդական ու հունական ծագում ունեցող քաղաքացիների և տվյալ կազմակերպության կողմից այլախոհ համարվող ցանկացած անձի համար:

 Ամբողջական բանաձև-զեկույցի քվերակությունը տեղի կունենա այսօր երեկոյան:

Թարմացված՝

ԵԽ-ն հաստատեց Թուրքիայի վերաբերյալ բանաձևը:
Զեկույցին կողմ է քվեարկել 480 պատգամավոր, 64-ը դեմ են եղել, 150-ը` ձեռնպահ:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Թուրքիա, Հայոց ցեղասպանություն, պատերազմ Արցախում, Հայաստան, ԼՂ, ԵԽ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon