«  Հոկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Հարութ Ուլոյան. «Հադրութի, Շուշիի ու հազարավոր մարդկանց կորուստն այս իշխանությունների խղճին է»

Հարութ Ուլոյան. «Հադրութի, Շուշիի ու հազարավոր մարդկանց կորուստն այս իշխանությունների խղճին է»

Եթե  Շուշիի ազատագրումը նորանկախ Հայաստանի նշանակալի ձեռքբերումն էր, ապա Շուշիի անկումը անկախ Հայաստանի ամենածանր ու դաժան իրադարձությունն է: Իսկ անկումն «արարացնելու» նպատակով հնչեցվող ցնորամիտ հայտարարությունները 30-ամյա Հայաստանի ամենաանբարոյական ու ամենաամոթալի մանիպուլյացիաներն են:

Շուշիի անկումը չէր լինի

  • եթե մեր գեոպոլիԾիկ իշխանությունները չորոշեին, որ պետք է Մինսկի խմբի առաջ քաշած պլանը մերժել ու սեփական պլատֆորմն առաջ քաշել;
  • եթե հուլիսյան տավուշյան միջադեպի արդյունքից չորոշեին, որ իրենք ռազմաստրատեգներ են և ապագայում կարող են ջախջախել Ադրբեջանին;
  • եթե նախապես հաշվի առնեին, այլ ոչ թե արհամարեին Հայաստանի ու Ադրբեջանի տնտեսական, դեմոգրաֆիական ու այլ կարողությունների ահռելի տարբերությունը, Թուրքիայի ներգրավման հնարավորությունը, միջազգային հանրության կեցվածքը;
  • եթե պատերազմի առաջին օրերին իսկ բանակցեին Մինսկի խմբի պլանի հիման վրա առաջարկվող գործնական զինադադարի պայմանների շուրջ, այլ ոչ թե շարունակաբար հակադրվեին դրան:

Հադրութի, Շուշիի ու հազարավոր մարդկանց կորուստն այս իշխանությունների խղճին է:

  • Մերժել ենք 5 շրջան վերադարձնել, ցանկացել ենք մի բան էլ ավելին գրավել, արդյունքում կորցրել ենք 1 շրջան;
  • մերժել ենք 4 շրջան վերադարձնել` ցանկանալով վերադարձնել կորցրածը, արդյունքում կորցրել ենք ևս 1 շրջան;
  • վախենալով «դավաճան» պիտակից, մերժել ենք 3 շրջան վերադարձնել և նշել ժամկետ` մյուս 2 շրջանը վերադարձնելու վերաբերյալ (որոնք նախապես 5-ի մեջ չեն եղել), արդյունքում կորցրել ենք ևս 1-ը...

Սրա արդյունքում է միայն, որ, հընթացս, մեր առաջ Շուշիի հարց է առաջ քաշվել: Սկզբում պահանջել են փախստականների վերադարձի հետ մեկտեղ նաև «Շուշիի միջանցք», այսինք` ազատ ելումուտի տրամադրում, իսկ երբ դա էլ է մերժվել, երբ արդեն ընկել էին Ջեբրայիլը, Կուբաթլին, Զանգելանը, Ֆիզուլին, ինչպես նաև` Հադրութը, առաջ է քաշվել մնացյալ տարածքների հետ նաև Շուշին ամբողջությամբ հանձնելու պահանջը: Մեր իշխանությունները համարել են, որ ներուժը դեռ սպառված չէ և հավատացել են, որ ուժով կարող են պահել Շուշին: Արդյունքում Շուշին կորցրել ենք արնաքամ լինելով: Շուշիի անկման պահից, ըստ էության, Հայաստանն ամբողջությամբ դուրս է դրվել գործընթացից և Արցախի ռազմաքաղաքական ճակատագիրն ամբողջությամբ անցել է Ռուսաստանի տնօրինության ներքո:

Ահա սա է Շուշիի անկման քաղաքական նկարագիրը: Սա ընկալելու համար ընդամենը հարկավոր է պարզ վերլուծել պատերազմի ընթացքն ու դրա վերաբերյալ հնչեցված բոլոր կողմերի թեկուզ միայն պաշտոնական դիրքորոշումներն ու հայտարարությունները: Պատերազմական ու հետպատերազմական շրջանում Փաշինյանի կողմից հնչեցված հայտարարություններն էլ են լիուլի բավարար պատկերն ամբողջացնելու համար:

***

Եթե հասրակության ինչ-որ մասը, թեկուզ` մեծամասնությունը, կարծում է, որ ճիշտ էր Մինսկի խմբի առաջարկած խաղաղության պլանը «դուխով» մերժելը, ձեռնոց նետելու քաղաքականությունը, պատերազմով հարցը լուծելու վճռականությունը, պատերազմի ընթացքում առաջարկները մերժելը (միտումնավոր չշփոթել հրդադարի հետ), ապա սա բոլորովին այլ հարց է: Խնդիր չկա, իրենց գործն է: Բայց երբ փորձ է արվում իրողությունները մանիպուլացնել, հավատալ ու մի բան էլ քարոզել, թե, իբր, խաղաղության պլանով նույն բանն էինք ստանալու, ինչ պատերազմի արդյունքում ստացանք; թե, իբր, խաղաղության պլանով պիտի Շուշին էլ հանձնեինք; թե, իբր, փախստականների վերադարձին համաձայնելն ու քաղաքը հանձնելը նույն բանն էր; թե, իբր, խաղաղության պլանի արդյունքում էլ էր առաջանալու Գորիս-Կապան ճանապարհի ներկայիս խնդիրները; թե «նախկինները» ներդրում չեն արել, քանի որ ցանկանում էին հանձնել; - ահա այս տիպի քարոզչությունները ամենախայտառակ ու ամենաանբարոյական քարոզչություններն են:

Հարութ Ուլոյան