«  Ապրիլ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Հայ գերիները տեսահաղորդագրություն են փոխանցել ընտանիքներին

Հայ գերիները տեսահաղորդագրություն են փոխանցել ընտանիքներին

Պատերազմի հետևանքով Ադրբեջանում գերեվարված անձինք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աշխատում է բարելավել հաղորդակցությունը գերեվարված անձանց և նրանց ընտանիքների միջև։ Իհարկե, ամեն ինչ համաձայնեցվում է գործընթացում ընդգրկված իշխանությունների կողմից։ Այսինքն` նամակների հետ մեկտեղ հնարավորություն է ընձեռվել նաև հաղորդակցման այլ միջոցներ նույնպես ապահովել` եղել են դեպքեր, որ կարողացել ենք հեռախոսազանգ իրականացնել։ Իսկ վերջերս տեսակցությունների շրջանակներում տեսագրություններ են արվել»,–ասաց Ամատունին։

Նա հայտնեց, որ այդ հաղորդագրությունն արդեն իսկ փոխանցել են բոլոր այն ընտանիքներին, որոնց հարազատին տեսակցել են Ադրբեջանում։ Ամատունին նշեց` հարազատների հետ գերիների կապի այս միջոցն առաջին անգամ է գործարկվել։

Իսկ ինչ վերաբերում է տեսակապի միջոցով շփմանը, Ամատունու խոսքով` նման հնարավորություն դեռևս մեր տարածաշրջանում չի եղել, սակայն ամեն ինչ կախված է այդ գործընթացում ներգրավված իշխանությունների համաձայնությունից։

«Մենք մեր կողմից շարունակաբար փորձում ենք կազմակերպել այն հնարավորը, ինչը թույլ է տալիս, որ հարազատների հետ կապի մեջ լինեն գերիները, քանի դեռ անազատության մեջ են»,–իր խոսքն ամփոփեց Ամատունին։

Հավելենք, որ արցախյան պատերազմում հրադադարի հաստատումից ի վեր վերադարձվել է 70 հայ գերի։ Իսկ թե քանի գերի կա դեռ Բաքվում, ստույգ թիվ չի նշվում։ Իրավապաշտպանների տվյալներով՝ նրանց թիվը կարող է հասնել 300-ի։