ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարության պայմանները

Պաշտոնական 09.01.2021   16:01   222

ՀՀ ԱԳՆ–ն խստորեն դատապարտում է հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից քրեական հետապնդման նախաձեռնումը, ինչի մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳՆ–ն` ի պատասխան 62 հայ զինծառայողների ձերբակալման և ու նրանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու  լուրի։

«Խստորեն դատապարտում ենք հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից քրեական հետապնդման նախաձեռնումը, ինչի մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: Ադրբեջանի իշխանությունների այս գործողությունները միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են: Արցախի հանդեպ 44-օրյա թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում ադրբեջանական կողմն իրականացրել է միջազգային իրավունքի լայնածավալ և համակարգված խախտումներ, որոնց զգալի մասը պատերազմական հանցագործություններ են: Այդ պատերազմական հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և դրանց իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության:

Ռազմագերիների ազատ արձակման և հայրենադարձման պահանջը հստակորեն ամրագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, և եռակողմ հայտարարության ընդունումից հետո ռազմագերիների հանդեպ քրեական հետապնդումը հանդիսանում է հայտարարության կոպիտ խախտում: 

Հարկ է նշել, որ հայ զինծառայողներն արդեն իսկ գերեվարվել էին եռակողմ հայտարարության մեկ այլ դրույթի խախտման հետևանքով, երբ հրադադարի հաստատումից մեկ ամիս հետո Ադրբեջանը ռազմական գործողություններ էր ձեռնարկել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը հայտարարել է ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հայ զինծառայողների գերեվարումից մոտ մեկ ամիս հետո, ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանն օգտագործում է հայ ռազմագերիներին որպես պատանդներ իր քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով: 

Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության կրկնվող և միտումնավոր խախտումները լրջորեն վտանգում են հայտարարության լիարժեք իրականացումը և ստեղծում են նոր մարտահրավերներ տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար»:

Հիշեցնենք, որ 2020-ի դեկտեմբերի 16-ին Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ դեռևս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Այնուհետև լուրեր տարածվեցին, որ նրանք գերի են ընկել։
Ավելի ուշ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հաստատել էր, որ ըստ նախնական տվյալների՝ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում։ Հետո հայտնի դարձավ, որ ավելի քան 30 հայ կամավորներ կարողացել են դուրս գալ ադրբեջանցիների շրջափակումից։

Դեկտեմբերի 18–ին էլ հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի 72 հոգանոց կամավորականների խումբն Արցախից ճանապարհվել է դեպի տուն։

Նշենք, որ անհետ կորածների, գերիների և վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀՀ ԱԳՆ, ռազմագերիներ, 62, ադրբեջան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon