ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչների ասուլիսը (տեսանյութ)

Պաշտոնական 27.10.2020   13:20   172

Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիները պահվում են Ժնևյան կոնվենցիայի մարդասիրական նորմերին համապատասխան, ինչը չի կարելի ասել Ադրբեջանում հայտնված հայաստանցի զինծառայողների մասին։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը, լրագրողներին ներկայացնելով ադրբեջանցի ռազմագերի, ենթասպա Էմին Բախշալիևի հարցաքննության տեսագրությունից մեկ հատված։

Տեսանյութում ռազմագերին պատմում է, որ իրեն օրը 3 անգամ կերակուր ու ջուր են տալիս, առողջական վիճակից չի դժգոհում։

«Այստեղ ինձ լավ են վերաբերվում, բռնության չեն ենթարկում, չեն խոշտանգում։ Ձախ ոտքից վիրավոր եմ։ Ամեն օր վերքս մշակում են, վիրակապս փոխում են»,– պատմում է ռազմագերին։

Նա նաև հայտնում է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժություններից հետո թուրքական ԶՈւ–ն մնացել է Ադրբեջանում։ Թուրքիայից ժամանած մասնագետներն իրենց սովորեցրել են լեռներում մարտ վարել։

«Թուրքիայից ժամանած զինվորականները եղել են թուրքական համազգեստով, որոնց վրա չեն եղել կոչումներ։ Մենք չենք իմացել ո՛չ նրանց կոչումները, ո՛չ անուն–ազգանունները։ Ուղղակի ասել ենք «հրամանատար»»,– ասում է ադրբեջանցին։

Նրանց հայտնել են, որ պատերազմի ժամանակ իրենց օգնելու են նաև Պակիստանից ժամանած ուժերը։

«Մեզ ասել են, որ առաջիկայում պետք է պատերազմ սկսենք, հարձակվենք մեր միակ թշնամու` հայկական դիրքերի վրա»,– ասում է ադրբեջանցի ռազմագերին։

Նա նաև հաստատում է, որ մարտում կիրառվել են թուրքական ու իսրայելական ԱԹՍ–ներ, որոնք կառավարվել են թիկունքից։ Թե կոնկրետ ովքեր են կառավարել, տեղյակ չէ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Տեղեկություններ կան, որ նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայկական և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պատերազմ Արցախում, ՀՔԿ, ԱԱԾ, ասուլիս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon