«Իշխանության լեգիտիմությունը ոչ թե չափվելու է ստացված քվեով, այլ Մարտի 1-ի գործի լիարժեք բացահայտմամբ»

Կարևոր 04.07.2020   13:45   1829

Ուզեք թե չուզեք, Մարտի 1-ի քրեական գործի բացահայտումը կամ պետք է լինի ամբողջական, կամ մասնակի բացահայտումը, մասնակի պատասխատավությունը կանգնեցնելու է բազմաթիվ հարցերի ու հարցականների առաջ:

Մարտի 1-ի հանցագործությունը այդ օրվա առավոտյան չի սկսվել, առավել եւս` բացառապես այդ օրվա երեկոյան դեպքերը չեն: Դա մի ամբողջ կոնտեքստ է, եւ այդ հանցագործության բացահյտումը պետք է լինի ամբողջական:

Այսպես`

1. Դեռեւս 2007թ. Հոկտեմբերի 23-ին երբ Լ. Տեր-Պետրոսյանի 1-ին հանրահավաքի հրավիրման նպատակով մի խումբ նրա համախոհներ Երեւան քաղաքի փողոցներում քաղաքացիներին էին բաժանում թռուցիկներ եւ բարձրախոսով հայտարարում առաջիկա հանրահավաքի մասին, վարչախումբը ի չարը գործի դրեց իր ոստիկանական ապարատը, նպատակ ունենալով վիժեցնելու սկիզբ առնող քաղաքացիական շարժումը եւ սադրիչ գործողություններ իրականացնելով Երեւան քաղաքի ոստիկանության կողմից, Կորյուն- Տերյան խաչմերուկում իրականացրեց բռնություն Տեր-Պետրոսյանի համախոհներին նկատմամաբ: Դրա ընթացքում ծեծի ենթարկվեցին Պետրոս Մակեյանի որդիները, «Չորորդ Իշխանության» թղթակցուհի Գոհար Վեզիրյանը, ապօինի բերման ենթարկվեցին Մակեյանը, Փաշինյանը, Շողեր Մաթեւոսյանը եւ այլք: Հետեւանքը եղավ այն, որ ոստիկանության Կենտրոն բաժնում շինծու քրեական գործ հարուցվեց բռնության ենթարկված այդ անձանց նկատմամաբ, թե իբր դիմադրություն են ցույց տվել ոստիկանության աշխատակիցներին, եւ նրանց մեղադրանք առաջադրվեց ՀՀ Քր օր.-ի 316 հոդվածով: Այդպես էլ այդ քրեական գործի նախաքննությունը չավարտվեց, իսկ մարտիմեկյան դեպքերից հետո ուղղարկվել է ՀՀ Հատուկ Քննչական ծառայություն եւ միացվել է մարտի 1-ի հայտնի քրեական գործերի հետ:

2. 2008թ. Հունվարի 21-ից սկսած նախագահական քարոզարշավի սկզբնապահից իսկ փորձ արվեց խոչընդոտել Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի քարոզարշավը, որի արդյունքում 2008թ, հունվարի 28-ին Թալին քաղաքում հանդիպման մեկնարկում նախապատրաստվել էր սադրիչ գործողություններ հակաքարոզչության ձեւով եւ երբ Թալինի շտաբի անդամներ հանդիպման կազմակերպիչներ Ժորա, Մկրտիչ, Անդրանիկ Սափեայանները, Հայկ Գեւորգյանը, Տիգրան Բաղդասարյանը փորձել են կանխել սադրանքը, որի ժամանակ ոստիկանությունը անգործության էր մատնվել, նույն օրն իսկ Թալինի քննչական բաժնի կողմից այդ կազմակերպիչների նկատմամաբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր-ի 118-ի հատկանիշներով, իսկ հունվարի 29-ին այդ անձանց ձերբակալել եւ հետագայում մեղադրանք են առաջադրել 258 հոդվածի 3-րդ մասով, թե իբր նրանք չարամիտ խուլիգանություն են կատարել: Վարչախմբի նպատակը ակնհայտ էր, որպեսզի սարսափի մեջ պահի ընտրողներին` հանդիպումներից հեռու պահելու նպատակով: 

3. 2008թ, փետրվարի 19-ին, նախագահական ընտրությունների օրը, Վարչախումբը օգտագործելուվ վարչակառավարչական բոլոր ուժերը, կրիմինալ-օլիգարխիկ կառույցների օժանդակությամբ, համատարած կեղծեց ընտրական գործընթացը եւ բուն քվեարկության պրոցեսը եւ արդյունքները: Ի հաստատումն դրա, միջազգային դիտնորդների բոլոր զեկույցներում հնչած գնահատականները: Այն ընտրատեղամասերում, որտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք, համախոհները ընդվզել են համատարած իրականացվող ընտրակեղծիքների դեմ, այդ անձանց նկատմամաբ հարուցվեցին բազմաթիվ քրեական գործեր եւ որի վառ օրինակ են Պետրոս Մակեյանի, Շոթա Սաղաթելյանի, Աշոտ Զաքարյանի, Հարություն Ուռուտյանի խայտառակ դատավարությունները Գյումրիում, Սիմոն Ամիրխանյանի եւ Սամվել Կարապետյանի դատավարությունը` Սեւանում, Սամվել Գեւորգյանի դեմ հարուցված շինծու մեղադրանքը: Նպատակ էր դրված միջազգային հանրությանը ի ցույց դնելու, թե իբր ընտրակեղծիք կատարողները կամ ընտրությունների նորմալ գործընթացը խոչընդոտողները Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմանկիցներն են:

4. 2008թ, փետրվարի 21-ից սկսված Համաժողովրդական հուժկու շարժման ալիքը վարչախումբը խեղդելու համար փետրվարի 24-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվեց ՀՀ Քր. Օր.-ի 300 հոդվածի հատկանիշներով քրեական գործ եւ փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը սկսեցին մասսայական խուզարկություններ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված եւ համախոհ ակտիվ թիմակիցների բնակարաններում: Եւ այդ անձանց հանիրավի սկսեցին կալանավորել ու անազատության մեջ պահել: Այդ քրեական գործը եւս միացվել է մարտիմեկյան դեպքերով հարուցված հանրահայտ քրեկան գործին: Այդ օրերին կալանավորվեցին Գագիկ Ջհանգիրյանը, Սմբատ Այվազյանը, Սուրեն Սուրենյանցը, որոնց նկատմամաբ շինծու ապացույցներով սկսեցին եւ շարունակվում են քրեական հետապնդումները: Այս փուլում Լեւոն Տեր-Պետրոսյանի առավել ակտիվ թիմակիցների նկատմամաբ քրեական հետապնդում իրականացնելը եւ նրանց ազատությունից զրկելը նպատակ էր հետապնդում ջլատելու Համաժողովրդկան շարժումը:

5. Վարչախումբը, տեսնելով, որ իր կողմից իրականացված հնարավոր բոլոր իր հանցավոր ջանքերը ապարդյուն անցան, եւ համաժողովրդկան շարժումը այլեւս վարչախմբի համար սարսափեցնող ուժ է դարձել, ստիպված 2008թ, մարտի մեկի առավոտյան դիմեց անօրինական եւ ոչ իրավաչափ, հանցավոր գործողությունների: Մարտի 1-ին, ոստիկանությունը, առավոտյան ժամը 6:40 դիմեց բռնության Ազատության հրապարակում նստացույց հայտարարարած մարդկանց դեմ, իսկ օրվա երկրորդ կեսից շարունակվող ժողովրդական բողոքի ցույցը խեղդեց արյան մեջ, որի արդյունքում զոհվեցին առնվազն 10 քաղաքացիներ եւ զինծառայողներ, իսկ հարյուրավոր քաղաքացիներ վիրավորվեցին ու մարմնական վնասվածքներ ստացան` այդ թվում նաեւ հրազենային եւ բեկորային: 2008թ. Մարտի 2-ին ՀՀ Գլխ. Դատախազությունը հարուցել է քրեական գործ ՀՀ Քր օր-ի 225 պրիմ 1, 225/1 եւ 300/1 հոդվածի մասով: Այս քրեական գործի շրջանակերում իրականացվեցին հազարավոր խուզարկություններ, ՀՀ Ոստիկանության, ԱԱԾ բաժիններ բերման են ենթարկվել եւ առեւանգվել մոտ 5000 քաղաքացիներ, 500-ից ավելի քաղաքացիների նկատմամաբ կիրառվել է ձերբակալության սանկցիա, մոտ 170 քաղաքացիներ կալանավորվել են եւ մեղադրանք է առաջադրվել նշված հոդվածներով: Արդյունքում 60-ից ավելի մարդ դատապարտվել է եւ պատժից ազատվել է պայմանականորեն, 80-ից ավել մարդ դատապարտվել է անազատության 6 ամսից մինչեւ 6 տարի ժամկետներով: Այս ամենը վարչախմբի կողմից կազմակերպվեց միայն եւ միայն Համաժողովրդկան շարժումը ճնշելու, Հայաստանում ձեւավորված քաղաքացիական հասարակությանը իր իրավունքներից զրկելու եւ ընտրությունները կեղծելու միջոցով իշխանությունը զավթած, եւ, փաստացի, ռազմական, պետական հեղաշրջում իրականացրած վարչախմբին իշխանության պահելու նպատակով:

Այս ամենը իրականացնելու համար ռոբասերժական վարչախումբը օգտագործել է ՀՀ Զինված ուժերը, ոստիկանությունը, քննչական մարմինները, դատախազությունը, դատարանները` նրանց տալով ապօրինի հրամաններ, օգատգործելով որպես պատժիչ մարմիններ: Օգատգործվել են նաեւ ռեժիմին ծառյող օլիգարխիան` իրենց մարդկային եւ նյութական ռեսուրսներով:

Ահա, այս ամբողջ կոնտեքստի բացահայտումը կարող է համարվել Մարտի 1-ի հանցագործության բացահայտում: Հակառակ դեպքում թե հասարակությունը, թե տուժողները, տուժողների իրավահաջորդները բավարաված չեն զգալու իրենց, իսկ արդարությունը եւ արդարադատությունը վերականգնված չեն լինի երբեք:

Հայաստանի նոր իշխանության լեգիտիմությունը ոչ թե չափվելու է ստացված քվեով, այլ իմ համոզմամբ, Մարտի 1-ի հանցագործությունների լիարժեք բացահայտմամբ եւ դրա դեռեւս շարունակվող հետեւանքների վերացմամբ:

Արմեն Խաչատրյան

2019թ.

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լևոն Տեր-Պետրոսյան, Արմեն Խաչատրյան, Մարտի 1-ի գործ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon