Ինչ պատահեց և ինչու․ Ժիրայր Լիպարիտյանի վեց թեզերը

Կարևոր 25.11.2020   18:45   723

Civilnet. Հայաստանի առաջին նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը Mirrorspectator.com կայքում հոդված է հրապարակել ղարաբաղյան հակամարտության և վերջին պատերազմի մասին։

Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։

Մենք ապրում ենք մեր պատմության բարդագույն փուլերից մեկը։ Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը մեր բանակը կատաղի պատերազմ մղեց և ծանր պարտություն կրեց՝ ահռելի հետևանքներով։

Նախքան այս մութ թունելից ելք գտնելը, ավելի ճիշտ՝ որպեսզի մի ելք գտնենք, պետք է նախ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել և ինչու։ Եվ մենք պետք է հաշտվենք դրա հետ, ընդունենք դա։ Իմ շատ գործընկերներ առաջարկել են իրենց պատասխանները։ Սա իմ ներդրումն է այս քննարկման մեջ։

1․ Հայաստանը, Արցախը և Հայկական աշխարհը պատմական չափերի կորուստ են ունեցել։

  • Մենք պարտվեցինք պատերազմում, որից պետք է ամեն գնով խուսափեինք, պատերազմ, որը մենք չէինք կարողանա հաղթել։
  • Մեր ժողովրդի ևս մեկ հատված կորցրեց իր տոհմական օջախները և հավաքականորեն ապրելու հնարավորությունը։
  • Կորցրինք երիտասարդների մի ամբողջ սերունդ՝ մեր ամենաթանկ արժեքներից մեկը։
  • Կորցրինք տարիներ շարունակ Արցախում ներդրված մարդկային և ֆինանսական կապիտալը։
  • Մեր վարչապետը չի հասել երեք նպատակներին, որոնք ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար դրել էր իր առջև․

ա․ Արցախի ղեկավարությանը բանակցությունների սեղանի շուրջ բերելը,

բ․ Որևէ որոշման ընդունումը՝ հակամարտության մեջ ներգրավված բոլոր երեք՝ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների կողմից հավանություն ստանալու պայմանը,

գ․ Հնարավորությունը թեկուզ հեռավոր ապագայում Ղարաբաղի անկախությունն ապահովելու։

  • Մենք կորցրել ենք մեր ինքնավստահությունը, լավատեսությունը և մինչ այս եղած ձեռքբերումներից շատերը։ Գուցե նույնիսկ կորցրել ենք հավատը ժողովրդավարության հանդեպ։ Մենք տրավմա ունեցող ժողովուրդ ենք, որը լիովին պատրաստ չէ ընդունել այն, ինչ տեղի է ունեցել, և ինչու:
  • Մենք կորցրինք մեր անկախության և ինքնիշխանության ևս մեկ կտոր։

2020 թ. նոյեմբերի 10-ի զինադադարի համաձայնագիրը և նախագահ Պուտինի՝ հաջորդիվ արած հայտարարությունները պարզ ցույց են տալիս, որ հենց Հայաստանն է խոսում Արցախի անունից։ Պարզ չէ անգամ, թե Հայաստանն ի՛նչ ձայն կունենա իրադարձությունների ապագա ընթացքի որոշման մեջ։ Ինչևէ, բոլոր շահագրգիռ կողմերի աչքում Հայաստանը սահմանվում է որպես կողմ, որը պատասխանատվություն է կրել և կրելու Արցախում ցանկացած բանի և ամեն ինչի համար։

2. Պարտությունից հետո մենք շփոթված ենք և ականատես ենք շփոթության մեր շուրջը 

Մի կողմից, մեզ համակել է թերահավատությունը, դավաճանված լինելու զգացումը, և վստահ չենք՝ կարո՞ղ ենք հավաքել թվացյալ կոտրված աշխարհի բեկորները: Մյուս կողմից՝ մենք իրար ռմբահարում ենք փոխադարձ մեղադրանքներով, ճառերով ու հայտարարություններով, որոնց նպատակն է մեր արած սխալների մեջ գտնել ուրիշ մեղավորի՝ մեր գործողությունների ու խոսքերի արդարացումներով ու հիմնավորումներով, արդարացումներ, թե ինչու պատերազմն անխուսափելի էր, և ինչու պարտությունը պարտություն չէ, ու վրեժի կոչերով։

Արկածախնդիրները, օպորտունիստներն ու գերհայրենասերները համընդհանուր ցուցադրության են նետում իրենց ունեցած ամեն ինչ՝ պատերազմի ժամանակ արված ամենափոքր սխալից մինչև դավադրության ամենաանհավանական տեսություններ; անխոհեմ որոշումների, վախկոտության և դասալքության մեղադրանքներից մինչև գիլյոտինի արժանի դավաճանություն։

Վերջապես, մենք կասկածներ ունենք, թե արդյոք կենտրոնանում ենք այն բաների վրա, որոնք այժմ էական են։ Մենք այլևս չենք վստահում մեր ունակություններին՝ իմանալու, թե արդյոք ճիշտ հարցադրումներ ենք անում, էլ չենք խոսում այն մասին, թե արդյոք ունենք ճիշտ պատասխաններ՝ ինչպես գնահատել այն ուղին, որը մեզ հասցրել է այստեղ, և ինչ անել ապագայում։

3. Մենք դեռ շարունակում ենք հարցնել, թե ինչու ենք հայտնվել այստեղ։ Ինչպե՞ս կարողացանք պարտություն կորզել հաղթանակի երախից։ Ի՞նչը սխալ գնաց։

Մինչ օրս «ինչը սխալ գնաց» հարցին պատասխանելու փորձերի մեծ մասը կենտրոնացած է եղել պատերազմի ժամանակ սխալների և սխալ հաշվարկների, դիվանագիտության անհաջողությունների վրա։ Շատերը նաև մեղադրում են անձամբ վարչապետին։

Նման պատասխանները մեզ բերել են այնպիսի լուծումների, ինչպիսիք են՝

ա) պահանջել վարչապետի հրաժարականը,

բ) մերժել հրադադարի մասին նոյեմբերի 10-ի համաձայնագիրը կամ փորձել փոխել այն,

գ) էլ ավելի պնդել Արցախի անկախության միջազգային ճանաչումը,

դ) շտկել պատերազմի վարման հետ կապված սխալները, որպեսզի պատրաստվենք մարտական գործողությունների նոր փուլի և այս անգամ այլ ելք ակնկալենք, որպեսզի վերականգնենք նախկին ստատուս քվոն։

Հավանաբար, շատ բաներ կան, որոնք կարելի էր այլ կերպ անել պատերազմի նախապատրաստման և վարման ժամանակ, բայց կասկածելի է, որ արդյունքն էապես այլ կլիներ: Փորձագետները, հանձնաժողովները և պատմաբանները դեռ երկար կվերլուծեն այդ անհաջողությունները և, հավանաբար, միասնական կարծիքի չեն հանգի, թե ինչն է սխալ եղել:

Այդ պատասխաններից ոչ մեկը առանձին-առանձին կամ միասին վերցրած բավարար պատասխան չի տա մեր ունեցած հիմնարար խնդրին։

4. Մենք պարտվեցինք, որովհետև ավելի քան երկու տասնամյակ մեր առաջնորդները իրականության երեսին նայելու փոխարեն իրենց դատողությունները հիմնեցին գաղափարական, քաղաքական, կուսակցական և անձնական նկատառումների վրա։ Մենք պարտվեցինք, քանի որ հրաժարվեցինք ուժերի հավասարակշռության փոփոխություն տեսնել, ընդունել, որ ժամանակը մեր օգտին չէ։ Մենք լավ ինքնազգացողությունը շփոթեցինք ռազմավարական մտածողության հետ։

Կոնկրետ վարչապետ Փաշինյանի դեպքում մենք պետք է հաշվի առնենք երկու գործոն.

ա) Նրա ազնիվ, բայց միանգամայն անտեղի և վտանգավոր հավատն առ այն, որ Հայաստանի ժողովրդավար լինելը միջազգային աջակցություն կապահովի ղարաբաղյան խնդրի վերաբերյալ երկրի դիրքորոշմանը; որ «Արևմուտքն» ավելի շատ հոգ է տանում ժողովրդավարության, քան իր շահերի մասին; որ նախագահ Ալիևին շրջանցելն ու ադրբեջանցի ժողովրդին դիմելը հարուցելու է ադրբեջանական այլ դիրքորոշում՝ ավելի մոտ է հայկական առավելապաշտական դիրքորոշմանը։

բ) Որպես պետական այր գործելու նրա ցանկության բացակայությունը և կանոնակարգված ու խաղաղ ճանապարհով գրավյալ շրջանների վերադարձի շուրջ բանակցություններ վարելը՝ իր հողում և հանուն խաղաղության մեր ժողովրդի համար անվտանգության համարժեք երաշխիքների դիմաց:

Արևմուտքը, Արևելքը, Հարավն ու Հյուսիսն արդեն ավելի քան քսան տարի մեզ ասում են, որ՝

ա) իրենք չեն ճանաչելու Ղարաբաղի անկախությունը, 

բ) Հայաստանի կողմից վերահսկվող Ղարաբաղին հարող յոթ շրջանները համարում են գրավյալ տարածքներ, և որ ինչպիսին էլ որ լինեն մեր կողմից այդ տարածքների նկատմամբ վերահսկողության պատճառները, մենք պետք է դրանք վերադարձնենք։ Ադրբեջանն այս ամբողջ ընթացքում մեզ ասել է, որ իրենք պատերազմի են գնալու այդ շրջանների համար։

Այսքան երկար ժամանակ անտեսելով այդ ամենը՝ մենք, այնուամենայնիվ, դիմեցինք Արևմուտքին՝ խնդրելով օգնել մեզ յոթ շրջանները պահպանել և ճանաչել Ղարաբաղի անկախությունը, երբ սկսեցինք պարտվել պատերազմում։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԼՂ, պատերազմ, Ժիրայր Լիպարիտյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon