«Հայաստանի ղեկավարները պատերազմից առաջ անտեսել են ներդրողի՝ զրահամեքենաներ արտադրելու առաջարկը»

Քաղաքական 14.06.2021   11:00   190

Ահա թե ինչպես են ներկայիս ղեկավարները բոլորովին սխալ վարվել ազգային անվտանգության կարևորագույն նախագծի վերաբերյալ, որի համար նրանք լիովին մեղավոր են: Նման օրինակները բազմաթիվ են։ Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

«...Արտակ Թովմասյան անունով հայ գործարարն ուներ համապատասխան կապեր ու փայլուն գաղափար՝ Հայաստանում արտադրել գերժամանակակից զրահամեքենաներ, իսկ դրանց մի մասը նվիրել ՀՀ կառավարությանը: Թվում էր, թե Հայաստանի պաշտոնյաները կողջունեն այդպիսի արժեքավոր առաջարկը և կանեն հնարավոր ամեն ինչ՝ նպաստելու այս կարևոր ներդրումային հնարավորությանը, որը մեծ նշանակություն ուներ ազգային անվտանգության համար։ Սա անհավանական պատմություն է Հայաստանում ապաշնորհ և անտարբեր պետական բարձրաստիճան պաշտոնյաների մասին, որոնք չկարողացան օգտվել այս եզակի առաջարկից։

2018 թ․ Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո Թովմասյանը հանդիպեց նրան և առաջարկեց միլիոնավոր դոլարներ ներդնել Հայաստանում` 30 տարվա փորձ ունեցող զրահամեքենաների հայտնի արտադրող կանադական Streit Group-ի հետ միասին, որը գործարաններ ունի աշխարհի հինգ երկրներում, այդ թվում՝  Կանադայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Հորդանանում, Հնդկաստանում և Պակիստանում: Վեցերորդ նման ձեռնակությունը կլիներ Հայաստանում։ Ներդրումների ընդհանուր գումարը կարող էր հասնել 20 միլիոն դոլարի, որը կներառեր ռազմական ոլորտի հետ կապված այլ ներդրողներ: Նախագիծը նաև հարյուրավոր աշխատատեղեր կստեղծեր:

2018 թ․ վարչապետ Փաշինյանը հետաքրքրություն ցուցաբերեց նախագծի նկատմամբ և ասաց իր օգնականներին, որ հետամուտ լինեն դրան: Ցավալի է, որ Փաշինյանի չինովնիկների անգործունակության և անփութության պատճառով, երեք տարի անց ոչ մի առաջընթաց չգրանցվեց այս կարևոր նախագծում՝ չնայած վարչապետի հետ Թովմասյանի ունեցած մի քանի հետագա հանդիպումներին: Այս զրահամեքենաները շատ օգտակար կլինեին անցյալ տարվա Ադրբեջանի հետ պատերազմի ընթացքում՝ փրկելով անթիվ հայ զինվորների կյանքեր: Ցավոք, հայ պաշտոնյաներն անուշադրության մատնեցին այս նախագիծը՝ ինչպես պատերազմից առաջ, ընթացքում և դրանից հետո:

Թովմասյանի առաջարկը բաղկացած էր՝ առաջիկա 10 տարիների ընթացքում աստիճանաբար շուրջ 1300 զրահամեքենա արտադրելու առաջարկից և դրանցից 130-ը հայկական զինված ուժերին անվճար նվիրաբերելուց: 450 հազար դոլար կամ ավելի արժողությամբ յուրաքանչյուր մեքենայի դեպքում, նվիրաբերված զինտեխնիկայի  ընդհանուր արժեքը կկազմեր ավելի քան 60 մլն դոլար:

Իր հերթին, Թովմասյանը խնդրեց Հայաստանի կառավարությանը տրամադրել անհրաժեշտ հողատարածք այս արտադրական ձեռնարկությունը ազատ արդյունաբերական գոտում ստեղծելու համար: Պատահաբար, նա տեղեկացել էր Երևանի ծայրամասում գտնվող չօգտագործված թափուր հողամասի մասին, որը պատկանում էր ՀՀ պաշտպանության նախարարությանը: Եթե նախագիծը չիրականացվեր, ներդրողը պարտավորվում էր նվիրաբերված հողատարածքը վերադարձնել Հայաստանի կառավարությանը:

Ինձ մոտ են վերջին երեք տարիների ընթացքում Թովմասյանի  ընկերության («Առաջին արդյունաբերական գոտի») կողմից հայ պաշտոնյաներին ուղարկված մեկ տասնյակից ավելի նամակները՝ խնդրելով  հաստատել նրա առաջարկած նախագիծը: Այնուամենայնիվ, չնայած պատասխանի համար բազմիցս խնդրանքներին՝ ՀՀ կառավարությունը չի պատասխանել Թովմասյանին:

ՀՀ կառավարությունը Թովմասյանի առաջարկը փոխանցեց միջգերատեսչական հանձնաժողովին՝ հանձնարարելով քննարկել նախագիծը։ Միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ էկոնոմիկայի, ֆինանսների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արդարադատության նախարարությունների, պետական եկամուտների կոմիտեի, քաղաքաշինության կոմիտեի, առևտրաարդյունաբերական պալատի, արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչներ։ Զարմանալի է, որ միջգերատեսչական հանձնաժողովում որևէ մեկն ընդգրկված չէր պաշտպանության նախարարությունից՝ ռազմական նախագիծը պատշաճ գնահատելու համար: Միջգերատեսչական հանձնաժողովի ուղեցույցները պահանջում են, որ այն քսան աշխատանքային օրվա ընթացքում քննարկի և կառավարությանը ներկայացնի  ցանկացած ներկայացված առաջարկ: Սակայն, այդ վերջնաժամկետը շատ վաղուց անցել է՝ չնայած մի քանի հիշեցումներին:

Այս պատմության ամենազարմանալի մասը 2021 թ․ մարտի 6-ին անսպասելի ֆեյսբուքյան գրառումն էր էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի կողմից, որը մաթեմատիկա է ուսանել, սակայն անտեղյակ է տնտեսագիտությունից:

Նախարար Քերոբյանն ամբարտավանորեն գրեց. «Իրականում հենց ես եմ կանգնեցրել այս արդյունաբերական գոտու նախագծի որոշման կայացումը, քանի որ այն ծիծաղելիորեն արհամարհում էր ՀՀ քաղաքացիների շահերը»։ Նախարար Քերոբյանը ի վիճակի չէր կասեցնել այս նախագիծը երկու պատճառով. 1) Որպես վերջերս նշանակված նախարար, նա նույնիսկ այնտեղ չէր, երբ այս նախագիծը ներկայացվեց վարչապետին և այնուհետև ուղարկվեց միջգերատեսչական հանձնաժողով։  2) Այս նախագիծը հաստատելու կամ մերժելու մասին որոշումը կարող են կայացրել միջգերատեսչական հանձնաժողովը և վարչապետը:

Նախարար Քերոբյանը շարունակեց ավելի արտառոց պահանջներ ներկայացնել: Նա գրեց․ թող Թովմասյանը «երկու շաբաթվա ընթացքում ծրագիրը ներկայացնի կառավարության հաստատմանը, իսկ եթե 9 հեկտար հողակտորը Երևանում ուզում է վերցնել չնչին ներդրման խոստման դիմաց, ապա ես կմնամ իմ կարծիքին, որ սա ոչ թե ներդրումային ծրագիր է, այլ ՀՀ քաղաքացիների կողոպուտ։ Մենք նաև առաջարկել ենք այս գործարքն իրենց պայմաններով և հարկային արտոնություններով իրագործել Երևանից տարբեր այլ քաղաքում, բայց, անհասկանալիորեն, հենց Երևանի թանկարժեք հողակտորն է իրենց պետք այս արտադրական գոտու համար»։

Նախարար Քերոբյանը մոլորության մեջ է գցում հասարակությանը: Չնայած մի քանի տարի է, ինչ ՀՀ կառավարությունը չի արձագանքում առաջարկին, նա պնդում է, որ կպատասխանի երկու շաբաթվա ընթացքում: Ինչո՞ւ նա չի արձագանքել առկա առաջարկին անցյալ տարվա նոյեմբերին նշանակվելուց ի վեր: Փաստն այն է, որ նա երբեք հակադարձ առաջարկ չի արել և այն երբեք չի քննարկել ներդրողի հետ։ Ի դեպ, հենց պաշտպանության նախարարությունն է Թովմասյանին առաջարկել հողակտոր Երևանի ծայրամասում, և ոչ թե անվճար, այլ գնելու համար։

Վերջապես, Քերոբյանի կողմից խիստ ոչ պրոֆեսիոնալ է ֆեյսբուքյան գրառման միջոցով արձագանքել բազմամիլիոնանոց ռազմական արտադրանքի ներգրավման լուրջ առաջարկին: Ցավոք, դա արտացոլում է նախարարի ստանձնած աշխատանքի որակավորման բացակայությունը:

Ամփոփելով, Հայաստանը պատերազմում պարտվեց շատ պատճառներով, բայց այսպիսի վարքագիծը ոչ որակյալ նախարարի և անիրազեկ կառավարության կողմից վստահություն չի ներշնչում, որ այն շուտով կկարողանա ներդրողներ ներգրավել և բարելավել երկրի ողբալի տնտեսական վիճակը»:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ամբողջական՝ Առավոտի կայքում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պատերազմ Արցախում, Հարութ Սասունյան, Արտակ Թովմասյան, Վահան Քերոբյան, Նիկոլ Փաշինյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon