Կառավարությունը հավանություն տվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագծին

Պաշտոնական 12.12.2019   17:00   818

Կառավարությունը հավանություն ստացավ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագծի նպատակն է որդեգրել միջազգային պայմանագրերով և միջազգային կառույցների խորհրդատվական բնույթի փաստաթղթերով առաջարկվող լավագույն չափանիշները հանցավոր ակտիվների շրջանառության դեմ պայքարի ոլորտում:

«Օրենքի նախագիծը ներմուծում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մոդելը՝ չհիմնավորվող հարստացման բռնագանձումը, որը տարբեր դրսևորումներով առկա է Իտալիայում, Իռլանդիայում, Ավստրալիայում, Բուլղարիայում, Սլովենիայում, Միացյալ Թագավորությունում»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ իրավասու մարմինը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանումն է, որը գտնում է  ապօրինի ծագման գույք, որը մարդու օրինական եկամուտներից չի բխում։

Ըստ նախարարի՝ կան հոդվածների շրջանակ, որոնք ազդակ են հանդիսանում ուսումնասիրության համար։

Իրավասու մարմինը կարող է սկսել ուսումնասիրություն հետևյալ հիմքերի առկայության դեպքում.

1. առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ, որով հաստատվում է սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարումը, և տվյալ քրեական գործի նյութերով առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ դատապարտված անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, որը չի բռնագանձվել դատավճռով.

2.  հարուցված քրեական գործով անձը որպես մեղադրյալ է ներգրավվել սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման համար, և առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք.

3.  առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման առնչությամբ քրեական հետապնդումը կամ քրեական գործի հարուցումն անհնար է հետևյալ հիմքերից մեկով.

ա) ընդունվել է համաներման մասին օրենք.

բ) անցել են վաղեմության ժամկետները.

գ) անձը մահացել է.

դ) անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված տարիքին.

4. առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման առնչությամբ հարուցված քրեական գործը կասեցվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկով․

5. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված տվյալներով առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք։

6. Միջազգային հարցումներին պատասխանելու համար։

«Եթե ուսումնասիրության արդյունքում 25 միլիոն դրամից ավելիի չափով տարբերություն է առաջանում գույքի և օրինական եկամուտների մասով, արդեն սկսվում է շահագրգիռ անձանց ծանուցման գործընթացը, մինչև քաղհայցի հարուցումն առաջարկվում է ներկայացնել հիմնավորումներ գույքի ծագման օրինականության վերաբերյալ, նաև առաջարկվում է հայտարարագիր ներկայացնել, որի ամփոփումից հետո կամ դադարեցվում է կամ հաշտեցման բանակցություններ են սկսում կամ քաղհայց է ներկայացվում»,- ասաց նա։

Մարդու իրավունքների պաշտպան  Արման Թաթոյանը նշեց, որ նախագիծն ունի կարևոր նշանակություն հանրապետությունում փողերի լվացման դեմ պայքարի, կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի և այլ տեսանկյունից։ Նա ասաց, որ պետք է իրազեկման, պարզաբանման աշխատանքներ սկսել, իրավապահ համակարգերի համար ուղեցույցների մշակման, որովհետև սա բոլորովին նոր ինստիտուտ է։

Բադասյանն ասաց, որ իրազեկման գործընթացները շարունակվելու են, ուղեցույցներ են մշակվելու և վերապատրաստումներ իրականացվելու։ 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ սա կարող է դառնալ ոչ արդիական գործիք, ապա հարցրեց՝ ինչ են անելու, եթե կրիպտոարժույթ է կամ եթե օֆշորային կազմակերպություն է արտասահմանյան ակտիվների ռեպատրիացիա իրականացնելու համար։

Բադասյանն ասաց՝ եթե դժվար է ապացուցել, դա չի նշանակում, որ անհնար է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 10 տարին քաղաքական կոնտեքստ է ստանալու: «Ինչո՞ւ 10 տարի: Ես հասկանում եմ, որ փորձագետներն ասում են, որ 10 տարուց ավելի ապացույցները չեն պահպանվում, բայց եթե չի պահպանվում, չի պահպանվում»,- ասաց վարչապետը։

Պատասխանելով՝ Ռուստամ Բադասյանն ասաց, որ գործող կարգավորմամբ 15 տարի է գործողության ժամկետը, բացառիկ դեպքերում նախատեսվում է գնալ մինչև 1991 թվական: 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ռուստամ Բադասյան, բռնագանձում, նախագիծ, ապօրինի գույք

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon